RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1836, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ԱՐԱՄԱՅԻՍ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ԱԶԱՏ ՄԱԹՅԱՆ, ՆԻԿԻՏ ՄԻՐԶԱՅԱՆ

Իսկապես պայծառ մարդ էր Արամայիսը, հակառակ աժդահա հասակին եւ խոժոռ դեմքին, որի համար ուսանող ընկերները նրան «Տորք Անգեղ» էին կոչում: Շիտակ մարդ էր առաջին հերթին, չէր հանդուրժում որեւէ անարդարություն, անկարգություն: Բավական էր, որ կինոդահլիճների առաջ, խոսքը վերաբերում է 60-ական թվականներին, երկար հերթերի մեջ Արամայիսի բարձր հասակը ցցվերՙ ամենաանկարգներն անգամ զսպվում էին: Այսպես էլ մնաց մինչեւ կյանքի վերջը: «Ազգը» իր էջերում շատ հոդվածներ է հյուրընկալել իրենից, որոնց մեջ նույն այդ ոգին, արդարության եւ հավասարության նկատմամբ անտեղիտալի սերը տիրապետող են եղել միշտ: Իր մեջ տիրապետող է եղել նաեւ երախտագիտությունը իրեն մասնագիտական բարձրագույն կրթություն ջամբած ճարտարագիտական (նախկին պոլիտեխնիկ) համալսարանի հանդեպ:

Ապրիլի 11-ին 70 տարեկան հասակում Շվեդիայում կյանքից հեռացավ իրանահայ մտավորական, հասարակական գործիչ եւ համալսարանի դասախոս Արամայիս Միրզախանյանը:

Արամայիսը ծնվել էր Սպահանի երբեմնի հայաբնակ Փերիա գավառի Նամագերդ գյուղում, տարրական եւ միջնակարգ կրթությունը ստացել էր Նոր Ջուղայի հայոց դպրոցներում, այնուհետեւ ավարտել էր Երեւանի պոլիտեխնիկական համալսարանըՙ ստանալով էլեկտրատեխնիկայի դոկտորական կոչում:

Տարիներ նույն համալսարանում դասավանդելուց հետո Արամայիս Միրզախանյանը 1979 թվին տիկնոջՙ Ջոկոնդայի եւ դստերՙ Մանուշի հետ վերադառնում է Իրան եւ աշխատանքի անցնում Սպահանի «Սանաթի» համալսարանում:

Այս թեկուզ եւ ոչ այնքան երկարատեւ ժամանակաշրջանում նա ակտիվ մասնակցություն է բերում Նոր Ջուղայի եւ Շահինշահրի հայ հասարակական կյանքինՙ կատարելով կազմակերպչական ազդեցիկ դեր համայնքի մեջ ծավալված ժողովրդական շարժման, Ժողովրդական Ժամանակավոր կոմիտեի (ԺԺԿ), ինչպես նաեւ Իրանահայ ազգային եւ մշակութային միության (ԻԱՄՄ) Նոր Ջուղայի մասնաճյուղի հիմնադրման գործում:

Այնուհետեւ, քաղաքական պայմանների բերումով, ընտանյոք մեկնում է արտասահման եւ աշխատանքի է անցնում Ստոկհոլմի «The Royal Institute of Tecnology» համալսարանում:

Հայրենասիրությունը եւ սեփական ժողովրդի ճակատագիրը Արամայիսի համար բարձրագույն եւ անսակարկ արժեքներ էին, որոնց հավատարիմ մնաց մինչեւ իր կյանքի վերջը: Նա տեւաբար կապի մեջ էր մայր հայրենիքի հետ: Իր սովորած համալսարանում հիմնել էր գիտական լաբորատորիա եւ հաճախ էր այնտեղ լինում գիտական դասախոսություններ կարդալու:

Արամայիս Միրզախանյանը գործոն մասնակցություն ունեցավ նաեւ արցախյան ազատամարտի ընթացքում, նախաձեռնող հանդիսանալով Շվեդում մարդասիրական օգնության կազմակերպման եւ Արցախ փոխադրելու գործում:

Արամայիսը հայրենի ժողովրդի ապագան տեսնում էր արդար եւ ժողովրդավար պետության մեջ եւ վերջին շրջաններում խիստ անհանգստանում էր Հայաստանում տիրող քաղաքական-հասարակական հոռի երեւույթներին ի տես եւ իր հանդուգն ու անաչառ վերաբերմունքն էր արտահայտում բազմաթիվ հոդվածներով:

Նա ազնիվ էր եւ սկզբունքային: Նրա հզոր, տիտանական արտաքինի տակ բաբախում էր խիստ բարի եւ հուզառատ մի սիրտ: Նա ապրում էր բանաստեղծությամբ, զբաղվում էր գեղանկարչությամբ: Կարոտում էր իր ծննդավայր Նամագերդ գյուղին:

Հարգանք նրա պայծառ հիշատակին եւ մխիթարություն նրա ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

Նոր Ջուղայի եւ Շահինշահրի ընկերներ

Ի դիմացՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ