RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#067, 2013-04-26 > #068, 2013-04-27 > #069, 2013-04-30 > #070, 2013-05-01 > #071, 2013-05-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013



Տոնի նախօրեին

Տեղադրվել է` 2013-04-29 23:42:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 1751, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 69

ՀԱՄԿ-ՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

ՄԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հարցազրույց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանի հետ

- Պարոն Թումասյան, կարծիք կա, որ ներկայիս արհմիությունների գործունեությունը որակապես զիջում է խորհրդային ժամանակաշրջանի արհմիությունների գործելաոճին: Խնդրում եմ նշել նախկին եւ ներկա համակարգերում գործող արհմիությունների գործունեության տարբերությունը:

- Բոլոր ժամանակներում արհիմությունները եղել են աշխատավորների իրավական եւ սոցիալական շահերը պաշտպանող կառույց: Սակայն խորհրդային համակարգում արհմիություններին պարտադրված սոցիալական բնույթի «պարտավորությունները» հանրության շարքերում առաջացրին թերահավատություն արհմիությունների գործունեության հանդեպ: Մինչդեռ Հայաստանի անկախացումից հետո արհմիությունները թոթափվեցին վերոհիշյալ «պարտավորություններից» եւ լծվեցին միջազգայնորեն իրենց վերապահված գործառույթների իրականացմանը: Գաղտնիք չէ, որ անկախացման տարիների ընթացքում աշխատողների մեծ մասը լիարժեք տեղեկացված չէ աշխատանքային օրենսգրքին, աշխատող-գործատու փոխհարաբերությունները պարզաբանող հոդվածներին, ինչի արդյունքում իրեն մշտապես ուղեկցում է աշխատանքը կորցնելու վտանգը: Թեեւ աշխատողները երբեմն խուսափում են մեր միջամտությունից ու աջակցությունից, այնուամենայնիվ ՀԱՄԿ-ն անհաղորդ չի մնում նրանց հոգսերին, իսկ կառույցի իրավաբանական բաժինն իր պարտքն է համարում զբաղվել արհմիության յուրաքանչյուր անդամին մտահոգող խնդրով (եւ ոչ միայն արհմիության անդամին), լինի դատարանում, թե գործատուի հետ:

Ինչ վերաբերում է նախկին եւ ներկա արհիմությունների գործառույթների տարբերությանը, ապա եթե նախկինում օրենսդրորեն արհմիությունների վրա դրված էին սոցիալական ապահովության հարցերը, Աշխատանքի պետական տեսչության գործառույթները, ինչպես նաեւ լայն սպառման ու բնակարանների բաշխման իրավունքը, ապա այսօր վերոհիշյալ երկու գործառույթներն իրականացնում է պետությունը:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան սոցիալական գործընկերության շրջանակներում ակտիվորեն մասնակցում է մի շարք սոցիալական ուղղվածություն ունեցող օրենքների նախագծերի քննարկմանը, կառավարությանը ներկայացնում աշխատավորների շահերին առնչվող առաջարկություններ:

Դեռեւս ՀԱՄԿ-ի 2-րդ համագումարը (2007 թ.) կարեւորել էր Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիային ՀԱՄԿ-ի անդամակցությունը, իսկ արդեն 2009-ին Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի (ԱՄԿ-ի )քարտուղարությունը մեր կառույցին տվեց ԱՄԿ-ի ասոցիատիվ անդամի կարգավիճակ:

Առաջիկայում սպասվում է ԱՄԿ-ի առաքելության այցելությունը հանրապետություն, որի ուսումնասիրության արդյունքում հույս ունենք դառնալ ԱՄԿ-ի լիիրավ անդամ:

- ՀԱՄԿ-ում կառուցվածքային ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում:

- 2012 թ. նոյեմբերի 23-ին կայացած ՀԱՄԿ-ի 3-րդ համագումարում ընդունված 2012-2017 թթ. ծրագրով նախատեսվում է ընդլայնել ՀԱՄԿ-ի եւ անդամ Ճյուղային հանրապետական միությունների գործունեությունը սոցիալական գործընկերության, աշխատողների աշխատանքային իրավունքների ու շահերի պաշտպանության, առողջ ու անվտանգ աշխատանքի, ներարհմիութենական եւ միջազգային համագործակցության շրջանակներում: Իսկ համագործակցության արդյունավետության գրավականը ՃՀՄ-ների խոշորացումն է: Առաջին միավորումն արդեն կայացել է: Հայաստանի ավիացիայի աշխատողների եւ «Միաբանություն» արհեստակացական կազմակերպությունների ՃՀՄ-ների համագումարները որոշեցին միավորվել եւ դիմեցին ՀԱՄԿ-ին` նրա կազմում ընդունվելու համար: Հարցը քննարկվեց ՀԱՄԿ-ի գործկոմում եւ խորհրդում, որի արդյունքում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի եւ հեռահաղորդակցության աշխատողների «Միաբանություն» արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ընդգրկվեց ՀԱՄԿ-ի կազմում: Ցանկանում եմ նշել, որ ՀԱՄԿ-ում բարեփոխումների գործընթացն իրականացվում է փոխհամաձայնության եւ կամավորության սկզբունքով:

- Մամուլից հայտնի է, որ «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ նախագահ Կարեն Թումանյանը Ձեզ համագործակցության առաջարկ է արել: Ինչպե՞ս եք վերաբերվում նորաստեղծ ՀԿ-ի առաջարկին:

- Վերջերս հանդիպման խնդրանքով ինձ դիմած Կարեն Թումանյանի հետ խորհրդակցեցինք ՀԱՄԿ-ի եւ իր ղեկավարած ՀԿ-ի համագործակցության հնարավորությունները: Երկուստեք լիահույս ենք, որ այս համագործակցությունը կնպաստի աշխատավորների շահերի եւ իրավունքների պաշտպանությանն ու գործատու-աշխատող հարաբերությունների հստակեցմանը:

- Առաջիկա «Աշխատանքի տոնի» առթիվ ի՞նչ կմաղթեք հայ աշխատավորին:

- Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան շնորհավորում է հանրապետության աշխատավորներին մայիսմեկյան տոնի առթիվ` մաղթում արժանապատիվ աշխատանք` հանուն մեր երկրի բարգավաճման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #69, 30-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ