RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#089, 2013-05-31 > #090, 2013-06-01 > #091, 2013-06-04 > #092, 2013-06-05 > #093, 2013-06-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #91, 04-06-2013



Տեղադրվել է` 2013-06-03 23:44:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1269, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 47

«ԱՏԿԱ՞Տ», ԹԵ՞ ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԵՐԻ ԱՆՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎՊ-ն օպերատիվ վերահսկողությամբ փորձում է վիճակը շտկել

Վերահսկիչ պալատը հրապարակել է այս տարվա առաջին հաշվետվությունը: Վերահսկվել են հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրով իրականացվող խորհրդատվությունների օրինականությունը եւ արդյունավետությունը, ինչպես նաեւ շինարարության ընթացքը: Վերահսկիչ պալատը սովորաբար անդրադառնում է արդեն իրականացված ծրագրերին, այս անգամ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի նոր առաջարկով իրականացվում է օպերատիվ վերահսկողություն, ինչի պահանջարկը կար` ֆինանսական միջոցներն ընթացքից առավել արդյունավետ կառավարելուն նպաստելու, իրավիճակը շտկելու առումով: Սա օպերատիվ վերահսկողության առաջին փորձն է փաստորեն: Հյուսիս-հարավ ճանապարհը Հայաստանի հարավը հյուսիսին կապող եւ Վրաստան անցման կետով հարեւան երկրին միացող մայրուղու կառուցման ծրագիր է` միջազգային չափանիշներին համապատասխան, 500 կմ երկարություն ունի եւ նախատեսված է ավարտել 2017 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը 952 մլն դոլար է, 500 մլն դոլար վարկային միջոց հատկացրել է Ասիական զարգացման բանկը: Ծրագրի այս փուլում 60 մլն դոլարով (10 մլն դոլար կառավարության համաֆինանսավորմամբ) վերակառուցման ենթակա են Երեւան Աշտարակ 11 կիլոմետր եւ Երեւան-Արարատ 38 կիլոմետր հատվածները: Մայրուղու վերակառուցման մրցույթը շահել էր իսպանական «Իզոլյուքս կորսանը», ծրագրի վերահսկումն ու խորհրդատվությունը, ինչպես նաեւ ֆինանսական կառավարումն ու գնումների մոնիտորինգի իրականացումը (մոտ 8 մլն դոլար արժողությամբ) միջազգային մրցույթով շահել են ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Էպտիսա» ընկերությունները: Վերահսկողության արդյունքը որակվեց հայտնի բառով, որ Իշխան Զաքարյանը հաճախ է օգտագործում վերահսկողության արդյունքներ ներկայացնելիս` խայտառակություն:

Անցած շաբաթ օրը ՎՊ խորհրդի նիստից հետո Ի. Զաքարյանը տեսանյութով մեկ-մեկ լրագրողներին ակնառու դարձրեց, թե «Սաֆեժ» ընկերության ոչ պատշաճ վերահսկողության արդյունքում ինչպես են շինարարության բոլոր նորմերը խախտվել` տեխնիկապես խոտան աշխատանք է կատարվել, որոշ դեպքերում` բացահայտ աչքակապություն է տեղի ունեցել. օրինակ` ճանապարհի հիմքը կազմող խիճի ծածկույթը 3 սմ-անոց քարերի փոխարեն երեսուն 30 սմ-անոց եւ ավելի մեծ քարերով են լցվել, բազմաթիվ այլ պարամետրեր չեն պահպանվել:

Ջրահեռացման փոխարեն ջրագոյացում է ստացվել, Աշտարակի կամուրջը իբր ամրացրել են` օգտագործվել է բացարձակ բետոն, որը հենց աշխատանքի ընթացքում եւ հետո ցած է հոսել եւ այլն: Այս բոլորը տեղի են ունեցել այն պատճառով, որ վերահսկող կազմակերպությունները չեն կարողացել իրենց լիազորությունները գործադրել: Ինչո՞ւ. ըստ այդ կազմակերպությունների` իրենց հսկիչներն են քիչ, ընդամենը ութ հսկիչ են ունեցել: Հավանաբար այդ կազմակերպությունները տեղյակ չեն եղել շիննյութն ու շինաշխատանքը լվալով փող դուրս բերելու հայկական հնարամտության ողջ հմայքին: Ի. Զաքարյանը, սակայն, բացատրությունն անհիմն է համարում, քանի որ 6 մլն դոլար մրցույթ շահած կազմակերպությունը պարտավոր էր պատշաճ վերահսկողություն իրականացնել, թող ավելի մեծ թվով հսկիչներ ներգրավեին, ամեն օր վերահսկեին: Լավն այն է, որ աշխատանքի դիմաց կատարողներն ու վերահսկողները չեն վճարվել, այժմ հարկ է լինելու կրկնակի աշխատել եւ շինարարական բոլոր նորմերով: Վերջերս աշխատանքից ազատվել էր հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման գրասենյակի տնօրեն Արա Հովսեփյանը. պարզ դարձավ, որ նա ազատվել է այն պատճառով, որ ապրիլին իրականացված վերահսկողության արդյունքների մասին Ի. Զաքարյանը զեկուցել է Հայաստանի նախագահին: Մայիսի 14-ին եւ 17-ին նույնպես վերահսկողություն է իրականացվել` արձանագրելով նույն իրավիճակը: Այժմ շինարարությունը ժամանակավորապես դադարեցված է, Վերահսկիչ պալատն առաջարկում է ծրագիրն իրականացնողներին` մեկ ամսում շտկել իրավիճակը, իսկ դրա անհնարինության դեպքում` վերահսկող կազմակերպությունների հետ պայմանագիրը լուծարել եւ նոր մրցույթ հայտարարել:

Լրագրողները կասկածներ ունեին, թե այդ կազմակերպություններում գուցե հայ պաշտոնյաներ կամ այլ հզորներ են ներկայացված, եւ աշխատել է փող լվանալու եւ «ատկատի» հայկական մեխանիզմը: Դա պարզելը ՎՊ գործառույթը չէ, նկատեց Ի. Զաքարյանը:

Բոլոր դեպքերում, եթե այդ միջազգային կազմակերպությունները հույսը դրած են եղել հայ հսկիչների վրա, որոնք հաճախ մասնագետներ չեն, սովորաբար շինարարության ղեկավարների ազգականներ ու ծանոթներ են, ու ինչպես Ի. Զաքարյանն է ասում, կստորագրեն ամեն թուղթ, այդ խեղճ միջազգային կազմակերպությունները գուցե արդեն հասկացել են իրենց սխալը, իսկ եթե այդ կազմակերպությունների անվան տակ հայ պաշտոնյաներ են թաքնված, ապա` ձուկն, ինչպես ասում են, գլխից է հոտած:

Նա ասում էր, որ երկու տարուց ավելի ՎՊ-ն խոսում է շինարարության ոլորտի ուռճացված ու չհիմավորված տոկոսադրույքներից, որոնք «ատկատի» հիմք են: Նա թվերով ցույց տվեց պակաս որակյալ կամ որակյալ շիննյութի եւ տեխնիկայի գննման գների հսկայական տարբերությունները, որոնց վրա խաղում են կազմակերպությունները: Արտացոլելով մի գին եւ գնելով ավելի էժանը` մինչեւ 83 տոկոս «ատկատի» դուռ է բացվում: ՎՊ նախագահի օրինակներում էր, որ մետաղապլաստիկե 70 հազ. դրամանոց դուռը բյուջեի միջոցները չխնայելով գնվում է 119 հազար դրամով, իսկ իրենք առաջարկում են հիմնավորված 99 հազ. դրամ գինը: Կամ` 30 հազ. դրամանոց զուգարանակոնքը չգնեն 64 հազարով: ՎՊ-ն վերլուծություններ է արել, որոնց արդյունքում, հայտնաբերած ընդհանրական խախտումները ի մի բերելով` կարելի է այս տարվա բյուջեով նախատեսված 179 մլրդ դրամից 35 մլրդը խնայել: Բա ի՞նչ են ուտելու տղերքը: Զաքարյանն առաջարկում է ուռճացված տոկոսներով ծախսը կրճատել 19 տոկոսով: Սրա վերաբերյալ նախագիծը մի նախարարությունից մյուսն է շրջում եւ այժմ էլ քաղաքաշինության նախարարությունում է` սպասելով կառավարության հաստատմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #91, 04-06-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ