«ՓԱՐԻԶԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՐԻՆԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ ՀԵՏ ՇԱՀԱՎԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ» ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա Ռուսաստանյան թերթերից մեկի վերնագրային այս հավաստումը սպասելի էր հատկապես Եվրոպան համակած տնտեսական-ֆինանսական ճգնաժամի բերումով: Ֆրանսիական Areva եւ GDF կոնցեռնները ճապոնական Mitsubishi ընկերության հետ համատեղ առաջիկայում ձեռնամուխ կլինեն ատոմային էլեկտրակայանի կառուցմանը Թուրքիայում: «Բազմամիլիարդանոց համաձայնագիրը Փարիզին ստիպեց մոռանալ Անկարայի հետ լարված հարաբերությունները եւ նույնիսկ այնպիսի հիվանդագին մի հարց, ինչպիսին հայերի ցեղասպանությունն է», գրում է թերթը: Պարզ է, թե ինչու ֆրանսիացիները հաղթեցին իրենց մրցակիցներինՙ Կանադային, Չինաստանին, Հարավային Կորեային: Օլանդին կարելի է հասկանալ. Ֆրանսիայի պատմության մեջ ամենացածր վարկանիշն ունեցող (26 %) նախագահի ամենամեծ... հաջողությունը առայժմ... միասեռականների ամուսնության օրինականացումն էր, ինչը փողոց հանեց հարյուրհազարավոր ավանդապահ ընտանեսեր ֆրանսիացիների: Հենց միայն 2013 թվականի առաջին եռամսյակում 0,2 % անկում ապրած էկոնոմիկայի պայմաններում Օլանդը չէր կարող անտարբեր մնալ 15 միլիարդ դոլար շահելու գայթակղության հանդեպ: Փոխարենը ընդամենը հրաժարվում է որոշ գաղափարից, սկզբունքից, իրավունքից: Մեծ քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում: Թուրքիայում ատոմակայան կառուցելու համաձայնագիրը, նշված թերթում հայտարարել էր Ֆրանսիայի սենատորներից մեկը, ոչ թե Փարիզի քաղաքական զիջումների արդյունք է, այլ, հակառակը, Թուրքիայի կողմից մեզ ընդառաջ գնալու քայլ, որով ընդունվում է միջուկային էներգետիկայի բնագավառում մեր տեխնոլոգիաների բարձրագույն որակը: Ֆրանսիայի շահերից չի բխում փչացնել հարաբերությունները ներկայիս թուրքական կառավարության հետ անցյալի խնդիրների պատճառովՙ ի վնաս սեփական էկոնոմիկայի, եզրակացնում է ֆրանսիացի քաղաքագետը: Հերթական անգամ տնտեսական-քաղաքական պրագմատիկ շահերը գերադասվեցին բարոյական համոզմունքներից: Թուրքիային հաջողվում է չեզոքացնել ցեղասպանության ճանաչման սպառնալիքները, եւ դրա հիմքը նրա դինամիկ զարգացող էկոնոմիկան է, ինչի հետ հաշվի են նստում նույնիսկ աշխարհի ուժեղները, այդ թվում նաեւ Ֆրանսիան: Համեմատեք այդ երկրի հիրավի վերընթաց զարգացումը հայոց ընդդիմության կողմից կոմիկականի վերածված սեփական 7 տոկոս «աճի» հետ, որի ազդեցությունը մարդիկ այդպես էլ չզգացին: Իրական ինքնավստահությունը չէ՞, որ հիմք է տալիս Թուրքիայի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարարին համոզմունք հայտնելու, որ թուրքական ներդրումները ֆրանսիացիներին կհարկադրեն ավելի ուշադիր լինել հայերի ցեղասպանության վերաբերյալ ամպագոռգոռ հայտարարություններ անելիս: Ավելին, թուրքերը նույնքան համոզված են, որ Ֆրանսիան այսուհետեւ նվազ սկզբունքային կլինի նաեւ Թուրքիայիՙ Եվրոմիությանն անդամագրվելու հարցում իր ընդգծված մերժողականության մեջ: Ֆրանսիան էլ դավաճանեց մեզՙ կասեն Հայաստանում, ժամանակավորապես մոռանալով ռուսների ավանդական թե հերթական «դավաճանությունները»: Ժամանակը չէ՞, որ ցեղասպանության ճանաչման եւ արտագաղթի կասեցման գործընթացներում մենք առաջնահերթ դարձնենք երկրորդը, քանզի վերջինս եւս ցեղասպանության նույնքան իրական վտանգներ է պարունակում, այս անգամ արդեն առանց օտար միջամտության: Հետաքրքրական է, եթե Ֆրանսիան ընդուներ քրեականացման որոշում, դրանից արտագաղթը կնվազե՞ր: Նորերս, երբ Երեւանից վերադառնում էի Մոսկվա, ինքնաթիռում կողքիս մի տարեց գյուղացի կին էր նստած: Պարզվեց, որ նա էլ է արտագաղթում: Նրա նախկին հարեւանը, որը Մոսկվայի մարզում անասնապահական ֆերմա է ստեղծել, նրան կանչել է խնամելու կովերը: Ես ուրիշ ոչինչ չեմ կարող անել, գուցե այս ձեւով օգտակար լինեմ թոռնիկներիսՙ արդարանում էր այդ կինը: Մտածում եսՙ եթե Հայաստանից հեռանում է նույնիսկ ռուսերեն մի բառ չիմացող տատիկը... Ըստ «Ազգ» թերթի հաղորդմանՙ հունվար-ապրիլ ամիսներին միայն ինքնաթիռով (առանց ավտոտրանսպորտի) Հայաստանը լքել է 36415 մարդ: Մի ամբողջ քաղաք: Ցավոք, արտագաղթը դարձել է Հայաստանի անարդար իրողությունների դեմ «պայքարի» թերեւս միակ ձեւը: |