RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#140, 2013-08-27 > #141, 2013-08-28 > #142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013



Տեղադրվել է` 2013-08-28 23:10:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1038, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՀԱԿԱՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՈՏԱԼՈՒՏ Է ԹՎՈՒՄ

Պ. Ք.

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի տեսուչներին հորդորել է հեռանալ

Սիրիայի վարչակարգի վրա Արեւմուտքի հարձակման պահը, ըստ երեւույթին, հեռու չէ: Օգոստոսի 28-ին արեւմտյան լավատեղյակ դիվանագիտական աղբյուրներից մեկը «Ֆիգարո» թերթին հայտնեց հետեւյալը. «Ամերիկացի պատասխանատուները ՄԱԿ-ին հասկացրել են, որ Սիրիայում աշխատող տեսուչները ավելի լավ է չշարունակեն իրենց առաքելությունը»:

Ամերիկացիները ՄԱԿ-ի տեսուչներին անուղղակիորեն ասել են, թե ամերիկյան հետախուզությունն իբր ապացույցներ ունի, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձաններում Սիրիայի կառավարական զորքերն են քիմիական զենք օգտագործել, ուստի ՄԱԿ-ի տեսուչներն «այլեւս ստիպված չեն շարունակել իրենց առաքելությունը»:

Ինչպես 1998-ի դեկտեմբերին Իրաքում, այստեղ եւս ՄԱԿ-ի տեսուչների խմբի մեկնումը ազդանշան կդառնա վարչակարգի դեմ պատերազմի սանձազերծման համար: 1998-ին Բաղդադից ՄԱԿ-ի աշխատակիցների մեկնումից ընդամենը մի քանի ժամ անց ամերիկացիները սկսել էին ռմբակոծել Սադդամ Հուսեյնի իշխանության խորհրդանիշները: Ռմբակոծությունը շարունակվել էր 4 օր:

«Ֆորին փոլիսի» հանդեսի տվյալներով, ԱՄՆ հետախուզական ծառայությունները գաղտնալսել են մի խուճապահար սիրիացի զինվորականի հեռախոսազրույցը, որը իր վերադասներից պատասխաններ էր ակնկալում Դամասկոսի արվարձաններում օգոստոսի 21-ին ձեռնարկված քիմիական գրոհից հետո:

Վերոհիշյալ դիվանագիտական աղբյուրի համաձայն, «ռուսները հայտարարել են, որ իրենք չեն կռվելու, եւ համաձայնություն են տվել իրենց դաշնակից Դամասկոսի դեմ ԱՄՆ-ի սահմանափակ գրոհին»: Ամերիկյան իշխանությունների խոսնակը պնդում է, թե հարձակման նպատակը Սիրիայի վարչակարգի փոփոխումը չէ: «Նպատակը Ասադի դիրքերի թուլացումն է Ժնեւի կոնֆերանսից առաջ», ընդգծում է ամերիկացի դիվանագետը:

Այն, ինչ ապստամբները մարտադաշտերում չկարողացան անել երկու տարում, արեւմուտքցիները շատ կարճ ժամանակում կանեն ռմբակոծությունների միջոցով: Դիվանագետը պնդում է, թե Դամասկոսի նախագահական պալատն ամերիկացիների թիրախների ցանկում չէ, բայց Լաթաքիայում գտնվող Բաշար Ասադի նստավայրը կարող է թիրախ դառնալ:

Արեւմուտքն աջակցում է Սիրիայի չափավորական ընդդիմությանը, այնպես որ «Ալ Ղաիդայի» հետ կապված ջիհադիստները եւս կարող են թիրախ դառնալ:

Ամերիկյան NBC հեռուստաալիքը, պաշտոնական աղբյուրներ վկայակոչելով, հաղորդում է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունը կարող է սկսվել արդեն օգոստոսի 29-ին: Սակայն արեւմտյան մյուս լրատվամիջոցները կոնկրետ օրեր չեն նշում, սահմանափակվելով այն ենթադրությամբ, որ հակասիրիական պատերազմը կարող է սկսվել մոտ օրերս:

Վերլուծաբանները հնարավոր են համարում իրադարձությունների զարգացման երեք տարբերակ: Առաջինը սրընթաց է եւ կարճատեւ. ամերիկյան 4 էսկադրային ականակիրներից արձակվելիք թեւավոր հրթիռները 1-2 օրում կխոցեն Սիրիայի զինվորական, հրամանատարական եւ ենթակառույցային օբյեկտները: Դա կլինի Դամասկոսին ուղղված նախազգուշացում, կանխատեսում են դիտորդները:

Երկրորդ տարբերակը ենթադրում է երկարատեւ օդային պատերազմ եւ ինտենսիվ հարվածներ: Դա ավելի շատ հիշեցնում է Լիբիայի 2011 թ. պատերազմը, որը հանգեցրեց Մուամմար Քադդաֆիի վարչակարգի տապալմանը եւ նրա սպանությանը:

Երրորդ տարբերակը միջանկյալ սցենար է, որի դեպքում ԱՄՆ-ը եւ իր դաշնակիցները ինտենսիվ ռմբակոծություններից հետո մի կողմ կքաշվեն, ասպարեզը թողնելով տարածաշրջանում Բաշար Ասադի թշնամիներ Թուրքիային, Քաթարին, Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին:

Վերլուծաբանների կարծիքով, սցենարի ընտրությունը կախված կլինի օգոստոսի 21-ի քիմիական գրոհի վերաբերյալ ԱՄՆ հատուկ ծառայությունների ամփոփիչ հաշվետվությունից, ինչպես նաեւ դաշնակիցների եւ Կոնգրեսի հետ Սպիտակ տան խորհրդակցությունների արդյունքներից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #142, 29-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ