RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10 > #151, 2013-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #149, 07-09-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-09-06 23:28:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1445, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ՀԱԿԱԴԻՐ ԿԱՐԾԻՔՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հ. Հ.

«Հայաստանը, հայտնելով իր պատրաստակամությունըՙ միանալու Մաքսային միությանը, փակել է իր մուտքը ԵՄ, սակայն դեռ չի կողպել: Դեռ ժամանակ կա սխալ քաղաքականությունն ուղղելու: Սա մի որոշում է, որ օգուտ է բերում միայն ՌԴ-ին, իսկ կորցնողն ու տուժողը հայ ժողովուրդն է»: Տեսակետը տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանինն է: Քաղաքագետին մտահոգել է, որ որոշում կայացնելիս Հայաստանի նախագահը հայաստանցիների կարծիքը հաշվի չի առել: «Մտահոգություն կա նաեւ այն առնչությամբ, որ եթե Հայասանը գտնվում է Ռուսաստանի ճնշման տակ, ապա սա ցույց է տալիս ռուս-հայկական հարաբերություններում լուրջ սխալի մասին, ինչպես նաեւ վիրավորանքը Հայաստանի նկատմամբ»:

Մյուս կողմից, եթե որոշումը կայացվել է առանց ճնշումների, ինչպես հավաստիացնում են Բաղրամյան 26-ից, ապա դա վկայում է Հայաստանի քաղաքական թուլության մասին: «Կայացված որոշումից հետո Հայաստանը կորցրեց 4 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները Եվրոմիության հետ: Այս որոշումն անակնկալի բերեց Եվրոմիությանը, որն այժմ Հայաստանին կհամարի ավելի քիչ կարեւոր, քիչ վստահելի ու քիչ պատրաստ բարեփոխումների»:

Խոսելով անվտանգության մասինՙ Կիրակոսյանն ասաց, որ ԵՄ-ն երբեք չի խոսել Հայաստանի անվտանգությունն ապահովելու մասին, այս առումով ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ կարեւոր են եւ երբեք կասկածի տակ չեն դրվել: Սակայն եթե Հայաստանը ստորագրի Ասոցիացման համաձայնագիրը, վտանգ չկա, որ Ռուսաստանը կկորցնի Հայաստանին: «Իսկ Միությանն անդամակցելու դեպքում շահելու են միայն օլիգարխներն ու կոռուպցիան: Մոսկվան կշարունակի ճնշումներ կիրառել մեր առեւտրային եւ տնտեսական հարաբերություններում, մինչդեռ ԵՄ-ի հետ ասոցիացման դեպքում Հայաստանի տնտեսությունը մրցակցային կդառնար»:

«Եթե Հայաստանն ընտրել է Մաքսային միությունը, դա դեռ չի նշանակում, որ մենք լքել են եվրոպական վեկտորն ու վերադարձել նախկին ԽՍՀՄ»: Հայ դատի քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի մեկնաբանությամբՙ խնդիրն այն է, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվել է հենց Մոսկվայում: Դաշնակցականներին անհանգստացրել է, որ նախագահի արտահայտությունները մի քիչ տարբեր են պաշտոնական հայտարարությունից, ինչը նկատել էր «Ազգ»ը դեռեւս սեպտեմբերի 3-ին: Մանոյանը մեջբերում է ասուլիսի ժամանակ Սարգսյանի ասած խոսքը, թե «փոխանցեցի Հայաստանի ցանկությունը», մինչդեռ հայտարարությունում խոսվում է Հայաստանի որոշման մասին: «Թե ո՞վ է որոշել, որտե՞ղ է որոշել, ինչպե՞ս, ոչինչ չի ասվում»: Մանոյանի գնահատմամբՙ սխալը որոշում կայացնելու ձեւն է, որոշումը սխալ չէ, եւ իրականության մեջ կոնկրետ արդյունք չի կարող տալ: «Ճիշտ այնպես, ինչպես Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագիրը եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, որոնք կոնկրետ արդյունքներ անմիջապես չէին տա»:

Ըստ Մանոյանիՙ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը դեռ չի նշանակում, որ ստորագրության հաջորդ առավոտյան ինչ-որ իրավիճակ էր ստեղծվելու: «Պարզապես սա գործընթաց է, որը պետք է շարունակական լինի եւս մի քանի տարի»: Նույնը վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը: «Որոշումը չի նշանակում, որ վաղն առավոտյան կամ 2-3 ամսից Մաքսային միությանը մաս ենք կազմելու»:

Դաշնակցական գործիչը չի բացառում, որ Հայաստանի առաջ կդրվի ընտրության խնդիր, որովհետեւ իշխանությունները Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին ոչ մի նախապատրաստական աշխատանք չեն տարել հասարակությանը եւ քաղաքական ուժերին հայտնելու համար:

«Բացի նրանից, որ հասարակությունն ու քաղաքական գործիչները տեղյակ չէին, որ Մաքսային միության անդամ ենք դառնալու, որոշման մասին տեղեկացված չէր նաեւ ԵՄ-ն, ինչն ավելի վատ է, քանի որ դա կարող է մեծ դժգոհություն առաջացնել ԵՄ-ում»:

Նկար 1. Ռիչարդ Կիրակոսյան

Նկար 2. Կիրո Մանոյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #149, 07-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ