ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ ԿԻԵՎՈՒՄ` ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ Մ. Հ. Հոկտեմբերի 21-ից 25-ը, Ուկրաինայի Կիեւ քաղաքում Ռեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) ծրագիրը կիրականացնի պրոդյուսերների համար նախատեսված աշխատաժողով: Աշխատաժողովը կկենտրոնանա խաղարկային ֆիլմերի արտադրության հետ կապված ստեղծագործական, ֆինանսական եւ իրավական հարցերի վրա: Նպատակն է տրամադրել սկսնակ պրոդյուսերներին եւ ռեժիսորներին այն հիմնարար գործիքները, որոնք կօգնեն նրանց արտադրել տեղական ֆիլմեր` ավելի որակյալ եւ մրցունակ համաշխարհային կինոյի շուկայում: Պրոդյուսերների աշխատաժողովը ՌԱՍ ծրագրի մի մասն է, որը հովանավորվում է Եվրոմիության կողմից Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով եւ իրականացվում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ իր գործընկերների` MAIA (Իտալիա), INTERNEWS (Ուկրաինա), Պրոմեթեւս կինոարվեստի կենտրոն (Վրաստան) եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (Հայաստան) կողմից: Աշխատաժողովը տեղի կունենա Կիեւի MOLODIST 43-րդ միջազգային կինոփառատոնի ընթացքում (2013 թ. հոկտեմբերի 19-27), եւ մասնակիցները կունենան իրավունք եւ հնարավորություն մասնակցելու ֆիլմերի ցուցադրություններին: Ինչպես նշված է մամուլի հաղորդագրությունում, պրոդյուսերների աշխատաժողովը ներածական մակարդակի դասընթաց չէ: Մասնակիցները պետք է նախապես ծանոթ լինեն կինոարտադրության հիմունքներին: Փոխարենը, աշխատաժողովը կենտրոնացած կլինի մասնակիցների հմտությունների ու գիտելիքների ամրապնդման վրա խաղարկային կինոյի պրոդյուսինգի երկու ուղղություններով պրոդյուսերի դերը կինոարտադրության ստեղծագործական ոլորտում եւ պրոդյուսինգի Ֆինանսական ասպեկտները: Աշխատաժողովը բաղկացած կլինի դասախոսություններից, դեպքերի վերլուծություններից, խմբային աշխատանքներից եւ անհատական հանդիպումներից: Ի դեպ, աշխատաժողովի ընթացքում աշխատանքային լեզուն անգլերենն է: Հատկանշական է, որ աշխատաժողովին մասնակցությունն անվճար է, այդ թվում հյուրանոցը, սնունդը եւ տեղափոխությունը Արեւելյան գործընկերության համապատասխան երկրից Ուկրաինա եւ հակառակ ուղղությամբ: Թեկնածուները կընտրվեն մրցութային կարգով` www.dabhub.com կայքում գրանցվելուց հետո: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2013թ. սեպտեմբերի 15-ն է: |