RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1636, Տպվել է` 30, Ուղարկվել է էլ.փոստով` 15

ՉԱՓԴ ԻՄԱՑԻՐ, Ո՜Վ «ՄԵԾՆ» ՕՂՈՒԶԻ «ՔԱՂԱՔԱԿՐԹՎԱԾ» ՄՆԱՑՈՒԿ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Անար Ռասուլ օղլու Ռզաեւին

Զորի Բալայանի հայտնի նամակին անդրադարձել է Ադրբեջանի ԳՄ «բազմավաստակ» նախագահ, երբեմնի ռուսագիր «դրամատուրգ-սցենարիստ» Անարը, նույն ինքը` Անար Ռասուլ օղլու Ռզաեւը: Անդրադարձել է զուտ «թուրքի ամայացնող հայացքով» (ձեւակերպումը չակերտների մեջ առա, քանի որ իմը չէ, Հրանտ Մաթեւոսյանից եմ վերցրել):

«Այն հողերում, որ Բալայանը նախաբնիկ հայկական է համարում, դարեր ի վեր ապրել են այդ հողերի իրական աբորիգենները, իսկ հայերը` մասամբ հին աղվանների ժառանգներ, մասամբ` վերաբնակեցված այլ երկրներից, միայն աննշան փոքրամասնություն են կազմել... Այդ անհերքելի փաստը հաստատվում է նաեւ նրանով, որ արդեն մեր ժամանակներում, 1978թ.-ին, Մարտակերտում հուշարձան է կանգնեցվել` ի պատիվ Ադրբեջանի այդ շրջանում հայերի վերաբնակեցման 150-ամյակի»,- մասնավորապես գրել է Անար Ռասուլ օղլու Ռզաեւը (http://www.zerkalo.az/2013/ob-ocherednyih-brednyah-zoriya-balayana/):

Մենք չենք տրվի Անարի սանձարձակ երեւակայությանը: Կխոսենք նրա իսկ տոհմաբանությունից եւ նրան կտանք եզրակացություններ անելու հնարավորություն: Նրա հոր` Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ (մոլի հայատյաց, նրա գրչին են պատկանում զորավար Անդրանիկի հասցեին անասնական ատելությամբ գրված տողերը), Ռասուլ Ռզաեւի (Ռզա) կենսագրականում, որ հասանելի է համացանցում, կարդում ենք. «Ռասուլ Իբրահիմ օղլու Ռզաեւը ծնվել է 1910թ. մայիսի 6(19)-ին Գյոկչա քաղաքում (այժմ` Ադրբեջանի): Սերել է Մամեդխանլի տոհմից, որը կապ ունի «բայաթ» ցեղի «շահսեւան» թայֆայից կալվածատեր Մամեդ Մամեդյար օղլուի հետ»:

Ուրեմն, Անարը սերում է «բայաթ» ցեղի «շահսեւան» թայֆայից, եթե չի հերքում, որ Ռասուլ Ռզայի օրինական որդին է, ծնվել է նրա եւ բանաստեղծուhի Նիգյար Ռաֆիբեյլիի ամուսնությունից: (Իսկ հերքել չի կարող, քանի որ եթե չլիներ երկու բանաստեղծի սիրասուն բալիկ, չափազանց աննշան կարողություններով ոչ միայն Ադրբեջանի գրական կազմակերպության «անփոխարինելի» ղեկավար, այլեւ շարքային լրագրող չէր դառնա):

Բայց անցնենք առաջ: Հանրահայտ «Իրանիկա» հանրագիտարանը «բայաթ» թուրք-օղուզական ցեղախմբի մասին ասում է հետեւյալը. ««Բայաթ» ցեղի մարդկանց մեծ մասը, ամենայն հավանականությամբ, Իրան է հասել որպես սելջուկ նվաճողների բանակային գումակ` 11-րդ դարի առաջին կեսին: Բասրայում հիշատակում կա (1119թ.) ոմն փոխհրամանատար Սոնգոր Բայաթի մասին: Բայաթների մյուս մասը մնացել է Սիրդարիայի շրջանում: Թաթար-մոնղոլների արշավանքների ճնշման տակ նրանք օղուզական այլ ցեղերի հետ գաղթել են Սիրիա եւ Անատոլիա» (http://ru.wikipedia.org):

Նույն աղբյուրը «բայաթ» ցեղի «շահսեւան» թայֆայի մասին տալիս է հետեւյալ բացատրությունը. ««Շահսեւան», Իրանի հյուսիս-արեւմուտքի տարբեր մասերում մի շարք տոհմային խմբերի անվանում, որոնք Սեֆեւիդների ժամանակ հաստատվել են նաեւ Մուղանում եւ Ղարաբաղում»: Թե «բայաթ» ցեղախմբի ո՞ր ճյուղից է սերում Անար Ռասուլ օղլու Ռզաեւը, նրանցի՞ց, որ սելջուկ նվաճողների բանակի գումակն էին կազմում, երբ վերջիններս նվաճում էին Իրանը, թե՞ թաթար-մոնղոլների ճնշման տակ Սիրիա եւ Անատոլիա տարագրվածներից` թող ինքը պարզի:

Ակնհայտ է, որ նրա ոչ հեռավոր, ոչ մերձավոր նախնիներն Արեւելյան Անդրկովկասում աբորիգեն չեն: Սա մեր երեւակայության արդյունք ընդհանրացում չէ, այլ` հանրագիտարանային տեղեկություններով հաստատված փաստ, իրողություն: 1988-ին Անար Ռասուլ օղլու Ռզաեւը մոսկովյան թերթերից մեկին տված հարցազրույցում «զարմացած» հարցրել է. «Մի՞թե մեր (ադրբեջանցիների) նախնիները Կասպից ծովում էին բնակվում»:

- Ոչ, Ռասուլ օղլու Անար, ձեր նախնիները Կասպից ծովում չէին բնակվում (այնտեղ շնաձկներ չկան), նրանք անդրկասպյան տափաստաններում էին վաչկատուն գոյություն քարշ տալիս: Այնպես որ, պատմության եւ ժողովուրդների նախաբնիկության մասին խոսելիս գոնե չափդ իմացի, ո՜վ «Մեծն» Օղուզի «քաղաքակրթված» մնացուկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ