RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#202, 2013-11-21 > #203, 2013-11-22 > #204, 2013-11-23 > #205, 2013-11-26 > #206, 2013-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-11-22 23:28:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1229, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 13

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԻՐԵՆՑ ՏԻՏՂՈՍԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում կտրվի շախմատի աշխարհի թիմային առաջնության մեկնարկը: Աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության ավարտից անմիջապես հետո Վարշավայից ուղեւորվել է Անթալիա եւ տեղում նախապատրաստվում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Հոլանդիայի, Գերմանիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Թուրքիայի շախմատիստների հետ կայանալիք մրցախաղերին:

Ի տարբերություն Եվրոպայի առաջնությունում հանդես եկած հավաքականների, միայն Գերմանիայի եւ մեր ընտրանիների կազմերն են լիովին պահպանվել: Անթալիայում էլ հայկական շախմատի պատիվը եւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը կփորձեն պաշտպանել Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը: Իսկ ահա Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հավաքականի կազմում Անթալիայում չեն խաղա թիմի առաջատարներ Շահրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը, որոնց փոխարինելու են Նիջաթ Մամեդովն ու Վասիֆ Դուրարբեյլին:

Ռուսաստանի հավաքականի կազմում մնացել է միայն Ալեքսանդր Գրիշչուկը, որը մասնակցել էր Եվրոպայի առաջնությանը: Թիմի կազմն ուժեղացրել են Վլադիմիր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը: Հանդես կգան նաեւ Նիկիտա Վիտյուգովն ու Յան Նեպոմնյաշչին:

Անթալիայում Ուկրաինայի հավաքականը կգլխավորի Վասիլի Իվանչուկը: Ինչպես միշտ, ուժեղ կազմ ունի Չինաստանի հավաքականը, որը մեր գլխավոր մրցակիցներից մեկն է: ԱՄՆ-ի հավաքականի կազմում 4-րդ խաղատախտակի վրա հայտավորված է Վարուժան Հակոբյանը: Ամերիկացիներն էլ ուժեղ կազմ ունեն, որոնց առաջատարներն են Հիկարու Նակամուրան եւ Գատա Կամսկին:

Շախմատի աշխարհի թիմային առաջնություններն անցկացվում են 1985-ից: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 10 հավաքականներ, որոնց թվում են շախմատային օլիմպիադայում լավագույն արդյունքներ ցույց տված թիմերն ու տարբեր մայրցամաքների չեմպիոնները: Անդրանիկ առաջնությունում թիմերը մրցում էին 6 խաղատախտակների վրա, հետագայում մրցումներն անցկացվեցին 4 խաղատախտակների վրա: Առաջին 6 առաջնություններն անցկացվել են 4 տարին մեկ, ընդ որում առաջին 4 մրցաշարերը կայացել են շվեյցարական Լյուցեռնում: Հետագայում աշխարհի չեմպիոնին սկսեցին ի հայտ բերել 2 տարին մեկ:

Առաջին 2 մրցաշարերումՙ 1985-ին եւ 1989-ին աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է ԽՍՀՄ հավաքականը, որի կազմում էր նաեւ Ռաֆայել Վահանյանը:

Հայաստանի հավաքականը բավականին հաջող է հանդես եկել աշխարհի թիմային առաջնություններումՙ 3 անգամ դառնալով բրոնզե մրցանակակիր, իսկ 2011-ին Չինաստանի Նինբո քաղաքում նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Նինբոյում Հայաստանի հավաքականի կազմն այսպիսին էր. Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան:

Առաջին անգամ ՀՀ հավաքականը մրցանակակիր է դարձել 1997-ին Լյուցեռնում: Մեր թիմի կազմում բրոնզե մեդալների են արժանացել Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանն ու Մելիքսեթ Խաչիյանը:

4 տարի անց Երեւանում անցկացված աշխարհի թիմային հաջորդ առաջնությունում բրոնզե հաջողությունը կրկնվեց: Թիմի կազմում էին Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Աշոտ Անաստասյանն ու Արտաշես Մինասյանը:

Իսրայելի Բեեր Շեւա քաղաքում 2005-ին անցկացված հաջորդ մցաշարում եւս հայ շախմատիստները բրոնզե մեդալներ նվաճեցին: Իրենց ներդրումն ունեցան Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանն ու Աշոտ Անաստասյանը:

Հուսանք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականին կհաջողվի Անթալիայում պահպանել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #204, 23-11-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ