RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#215, 2013-12-10 > #216, 2013-12-11 > #217, 2013-12-12 > #218, 2013-12-13 > #219, 2013-12-14

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-12-11 22:49:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 887, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ՀՀ դատավորների միության խորհուրդ

Երեկ «Ազգ»-ը անդրադարձել էր դատարաններին ու դատավորներին քննադատող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին: Այսօր ներկայացնում ենք դատավորների միության խորհրդի բուռն հակազդեցությունը նույնությամբ, առայժմ ձեռնպահ մնալով մեկնաբանելուց: Սակայն չենք կարող չասել, որ մեր դատավորներն իզուր են վախենում, որ ՄԻՊ-ի զեկույցը կարող է բացասական տպավորություն ստեղծել «հանրության շրջանում»: Դժբախտաբար այդ տպավորությունն առկա է վաղուց, եւ դատավորներն ու դատարանները դեռ շատ պետք է ջանան փոխելու այն:


Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը հայտարարում է.

- հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական եւ հասարակական կարգի ապակայունացման լուրջ վտանգ է պարունակում, որը միտված է դատական իշխանության նկատմամբ հանրության շրջանում թյուր պատկերացումների ձեւավորմանը

- զեկույցն ամբողջությամբ երեւակայության արդյունք է եւ արժեզրկում է ոչ միայն արդարադատության իմաստն ու բովանդակությունը, այլ նաեւ այդօրինակ երեւակայություն ունեցողի իրական առաքելության իմաստը

- պրոֆեսիոնալ մարմինը գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է եւ պարտավոր է ներկայացնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ, որպիսիք զեկույցում իսպառ բացակայում են

- զեկույցում փողոցային բամբասանք հիշեցնող անհեթեթ տեղեկություններ ներառելը հարիր չէ իրավական պետության Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտինՙ ընդհանրապես եւ այդ պաշտոնը զբաղեցնող անձինՙ մասնավորապես:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդն ավելորդ չի համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հիշեցնել.

- Պաշտպանն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է ղեկավարվել օրինականության, հասարակական համակեցության եւ սոցիալական արդարության հիմնարար սկզբունքներով, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին եւ նորմերին («Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ եւ 5-րդ հոդվածներ)

- Պաշտպանը պետք է տեղյակ լիներ բազմաթիվ միջազգային ակտերի գոյության մասին, որոնցում ամրագրված է դատարանների հեղինակությունը հարգելու եւ այն արատավորող գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու պահանջը, որն ուղղված է դատարանների անկախությունն ապահովելուն:

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը, անթույլատրելի համարելով հանրության մոտ դատարանների ու դատավորների վերաբերյալ անվստահություն սերմանելու դիտավորությունը, կարեւորելով դատարանիՙ որպես արդարադատություն իրականացնող միակ մարմնի հեղինակությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է.

- հարգել դատավորի սահմադրական կարգավիճակը, անշեղորեն պահպանել օրինականության սկզբունքըՙ ձեռնպահ մնալ դատարանի հեղինակությունն արատավորող հիմնազուրկ դատողություններ հրապարակելուց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #217, 12-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ