RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#225, 2013-12-24 > #226, 2013-12-25 > #227, 2013-12-26 > #228, 2013-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013



ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐ

Տեղադրվել է` 2013-12-25 22:52:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 967, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 23

ՎԱՀՐԻՃ ՀԱՍՐԱԹՅԱՆ

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Օրերս հեռուստացույցով հարցազրույց էր ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանի հետ, որը թղթակցի այն հարցին, թե ո՞վ է նրա կյանքում անջնջելի հետք թողել, պատասխանեց. «Իմ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը»:

Թատերագիտությունն ո՜ւր, ֆիզկուլտուրան ո՜ւր: Անշուշտ հակոտնյա չեն, սակայն զուգահեռ էլ չեն: Ակադեմիկոսի պատասխանի մեջ շեշտը դնենք «ուսուցիչ» բառի վրա, որը, որոշ ժողովուրդների մեջ սրբության է հասած, առավել եւս հայ իրականության մեջ:

Այս տարի լրացավ շատ-շատերի ուսուցիչ Վահրիճ Հասրաթյանի 100-ամյակը: Քանի՞ աշակերտ է ունեցել այս երախտավորը, վստահ եմ, որ շատ-շատ, բայց, ավելի քան, վստահ եմ այդ շատերիՙ հանրությանը պիտանի լինելու մեջ:

Չգիտեմՙ շարադրվող նյութում կգա՞ այն պահը, որ թվարկեմ «որակի նշան» ունեցողներին, սակայն մինչ այդ ասեմ, թե ինչ է նշանակում 40-ական թվականներին լինել դպրոցի տնօրեն, այն էլ այդ տարիների տղաների, երբ նրանց մեծ մասը հայր կա՛մ չէր տեսել, կա՛մ էլ տեսել էրՙ խեղված առողջությամբ ու հաշմանդամ: Ով կարող էր ավելի հասկանալ նրանց, եթե ոչ բանակից ծանր վիրավոր վերադարձած Հասրաթյանը:

Տնօրեն լինել երեւանյան այնպիսի թաղերում գործող դպրոցների, ինչպիսին Կոնդն էր կամ Պլանի գլուխը, այսօրվա սերունդը, բնականաբար, չի կարող պատկերացնել: Թե՛ Կոնդ թաղամասը, թե՛ Սարի թաղը (հանգուցյալ Երիտասարդական պալատի տեղում) բնակեցված էր հիմնականում գյուղերից, շրջաններից եկած խեղճ ժողովրդով, որ դեռ քաղաքաբնակ պետք է դառնար:

Եթե ասեմ, թե 45-ին Գրիբոյեդովի դպրոցի զույգ եղբայրներին, իրենց մոր հետ, չեզոքացրին Սեւանի մոտ եղող մեկուսարանում, քանի որ նրանք բորոտ էին, ընթերցողը թող պատկերացնիՙ դպրոցի տնօրենի պատասխանատվությունն ու անելիքը որքան մեծ էր:

Նալբանդյանի «Երեւանյան գվարդիա», «Կոնդի տղեք» անհայր մեծացող, ո՞վ պետք էր նրանց ուսում ու դաստիարակություն տար: Եվ շատերի մեջ էր մի փայլուն, ազնվագույն ու քաղաքացիական պարտքի բարձր զգացողության տեր Վահրիճ Հասրաթյանը:

Նա դեռ 20 տարեկան չեղած արդեն դպրոցի տնօրեն էր եղել եւ լինելով Արեւմտյան Հայաստանից մազապուրծ մի տղեկ, լավ էր հասկանում կիսաորբ ու անտեր երեխաներին:

Լինելով բացառիկ կազմակերպիչ, Հասրաթյանի ուշադրության կենտրոնում էր, հիմնականում, ուսման որակը, եւ ահա այն պահը, որ պետք է հիշվեն նրա աշակերտներից միայն մի քանիսը: Ակադեմիկոսներ Յուրա Սարգսյան, Ռուբեն Համբարձումյան, Հենրիկ Հովհաննիսյան, Էմիլ Գաբրիելյան, քաղաքական ու հասարակական գործիչներ Կարեն Դեմիրճյան, Կառլեն Դալլաքյան, Կառլեն Ղամբարյան եւ ուրիշներ, որոնք անցել են Հասրաթյանի դպրոցը:

Չնայած վաստակավոր ուսուցչի կոչմանը, «Աշխատանքային կարմիր դրոշ», Պատվո նշան շքանշաններին եւ այլ պետական բարձր պարգեւներին, Հասրաթյանի մեծագույն եւ առաջին արժանիքն էր իր գործին անհատույց նվիրումը եւ արտաքին խստության տակ թաքնված բարի սիրտը:

Հասրաթյանի կարապի երգը եղավ նրա 21 տարի Չարենցի անվան դպրոցի տնօրեն լինելը, դպրոց, որը դարձավ ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի առաջատար կրթօջախներից մեկը: Դպրոցը Չարենցի անունով կոչելը եւ նրա կիսանդրու տեղադրումը դպրոցի բակում եղան Հասրաթյանի նախաձեռնությամբ:

Խոսքս ուզում եմ վերջացնել, նորից, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանի պատասխանով, որ «ինչպես իմ եւ շատ-շատերի կյանքում վճռական դեր էր թողել Վահրիճ Հասրաթյանը»:

Նախկին աշակերտների անունիցՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #227, 26-12-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ