ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ` ԿԱՅՈՒՆԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ Ուկրաինական դեպքերը սկիզբ առան եվրոպական ինտեգրման ճանապարհից շեղվելու առնչությամբ, սակայն զարգացան բնավ էլ ոչ եվրոպական մեթոդներով: Եվ այն հանգամանքը, որ Եվրոմիության հետ Ուկրաինայի Ասոցիացման համաձայնագրի ստորագրման գործընթացը սառեցվեց ֆինանսական ու գազային պատճառաբանություններով, դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին չհանգեցրեց եվրոպական շոշափելի աջակցության: Ավելին, աջակցելու փոխարեն Եվրոմիությունը նախընտրեց սեղմել ուկրաինական «ցավոտ» տեղերը, մասնավորապես` պահանջելով դրականորեն լուծել նախկին վարչապետուհի Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու հարցը: Ճիշտ է, նաեւ սառեցրեց, արգելափակեց ուկրաինական նախկին իշխանավորների եվրոպական հաշիվները, սակայն դրանով իրավիճակը չփոխվեց: Այդ հարցերը չլուծվեցին ճնշմամբ, ավելին, Ուկրաինան հայտնվեց խառնակ ու արյունալի իրավիճակում: Եվ ամիսներ տեւած պայքարի, արյունահեղության, մարդասպանության, տառացիորեն հեղափոխության, հեղաշրջման հոլովույթում միայն օրերս Եվրոմիությունը որոշեց, որ հարկ է Ուկրաինային օգնել, ֆինանսապես: Եվրոպական հանձնաժողովը ուկրաինական խառնաշփոթի մեջ, երբ եվրոպական պաշտոնյաները այցելում են Ուկրաինա ավելի հաճախ, քան որեւէ այլ երկիր, որոշել է աջակցության փաթեթ տրամադրել Ուկրաինային` ներկա դրությամբ գրեթե 11 մլրդ եվրոյի շրջանակներում, հետագա մի քանի տարիների կտրվածքով: Այդ միջոցները կտրամադրվեն Եվրոմիությունում գործող միջազգային ֆինանսական հաստատությունների բյուջեներից: Աջակցությունը Ուկրաինային քաղաքական ու տնտեսական բարեփոխումների օժանդակելու տեսքով հիմնավորվում է ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման հարցում ԵՄ ներդրումն ունենալու «անհետաձգելի առաջնահերթությամբ»: Այսպիսի ձեւակերպմամբ է ԵՄ-Ուկրաինա հնարավոր աջակցությունը ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: «Զուգահեռաբար, միջազգային հանրությունը պետք է կենտրոնացնի իր ուժերը օգնելու Ուկրաինային տնտեսական ու ֆինանսական վիճակը կայունացնելու հարցում», ասել է ԵՀ նախագահը: Փաստացի առաջարկվող միլիարդները պետք է օգնեն Ուկրաինային կարճաժամկետ եւ միջնաժամկետ կտրվածքով կայունացնելու տնտեսական ու ֆինանսական իրավիճակը: Ամեն դեպքում, Եվրոպական հանձնաժողովն այս ամենը իրականացնելու համար կարիք ունի Եվրոպական խորհրդի եւ Եվրոպական խորհրդարանի աջակցության: 3 մլրդ եվրո առաջիկա տարիներին կտրամադրվի, որից 1.4 միլիարդը` դրամաշնորհների տեսքով, մնացածը` վարկերի: Գրեթե 8 մլրդ-ը տրամադրվելու է մի շարք գործիքների, բանկերի միջոցով: Առավել հետաքրքրական է, որ այդ գումարով լուծելու ենթակա հարցերի շարքում առանձնահատուկ նշվում է Ուկրաինան գազով մատակարարելու այլընտրանքային ճանապարհների ուղղությամբ աշխատանքի կարեւորության մասին` ուկրաինական գազային տարանցման համակարգի արդիականացման հետ մեկտեղ: Ու մինչ Եվրոմիությունում, ըստ էության, վերջապես հասկացել են, որ պետք է ֆինանսական օգնությամբ փորձեն ճգնաժամում հայտնված Ուկրաինան դուրս բերել, դեպքերը նույն ուկրաինական տարածքում զարգանում են հրթիռային արագությամբ: Եթե մոտ մեկ շաբաթ առաջ Ղրիմում մտածում էին մայիսին անցկացնել հանրաքվե` որոշելու, թե որ երկրի կազմում է ցանկանում լինել այդ ինքնավար միավորը, ապա երեկ արդեն ղրիմյան օրենսդիր մարմինը վերցրեց ու կացնային մոտեցմամբ որոշեց մարտի 16-ին անցկացնել այդ կարեւոր ու բախտորոշ հանրաքվեն: Հանրաքվեին էլ երկու հարց է լինելու. «Կո՞ղմ եք արդյոք, որպեսզի Ղրիմը ընդգրկվի ՌԴ կազմում որպես դաշնային սուբյեկտ» եւ «Կո՞ղմ եք արդյոք Ղրիմի 1992թ. սահմանադրության վերականգնմանը», որի համաձայն Ղրիմը Ուկրաինայի կազմում է: Եվ այս համատեքստում ի՞նչ գնահատական կարելի է տալ այն բոլոր դատապարտումներին, որ հնչում են Եվրոպայից: Եվրոմիությունն արդեն դատապարտել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, եւ կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանն ու Գերմանիան զրուցում ու իբր համաձայնում են Ղրիմի հարցով հետաքննող խումբ կազմել ու ԵԱՀԿ շրջանակներում գործել: Հեռուն են փորձում գնալ. ԵՄ-ում, ի դեմս Գերմանիայի, մտածում են ինչ-որ կերպ փոխարինել Գազպրոմին, Իսպանիայում էլ կարծում են, թե արդյունավետ զսպողական ազդեցություն կունենա Ռուսաստանի քաղաքացիներին Եվրոպա վիզա տրամադրելու արգելքը: Եվրոմիությունը ծանրաշարժ, ծանրաքարշ կենդանու է նման, որ ճգնաժամային իրավիճակներում մինչեւ սկսում է շարժվել ու արձագանքել, ճգնաժամն արդեն պարպված է լինում, եւ գրեթե միշտ` ոչ դրական ելքով: |