ԱՐԿՏԻԿԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Պ. Ք. Տասնամյակներ շարունակ Արկտիկայում տնտեսական գործունեությունը խիստ սահմանափակ էր կլիմայական դաժան պայմանների եւ նավագնացությանը խանգարող սառույցների պատճառով: Սակայն վերջին տարիներին աճում է հետաքրքրությունը Արկտիկայում ածխաջրածինների վիթխարի պաշարների նկատմամբ, իսկ մոլորակի ընդհանուր ջերմացումը երկարացնում է նավարկելիության ժամկետները: Չնայած դրան, տարածաշրջանի հետ կապված իրավական հարցերը մինչեւ օրս կարգավորված չեն: Հարկավոր է հաշվի առնել տարածաշրջանից դուրս գտնվող պետությունների շահերըՙ միաժամանակ չսահմանափակելով «Արկտիկական հնգյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Նորվեգիա, Կանադա, Դանիա) իրավունքները: Արկտիկայում իրավիճակը փոխվեց 1980-ականների վերջերին, երբ ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցումը, «սառը պատերազմի» ավարտը հիմքեր ստեղծեցին, որպեսզի տարածաշրջանը դիտվի որպես խաղաղության ու համագործակցության գոտի: 1994 թ. ուժի մեջ մտավ ծովային իրավունքի վերաբերյալ 1982 թ. ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիանՙ այսպես կոչված «Ծովերի սահմանադրությունը», որը կարգավորում է Համաշխարհային օվկիանոսի տարածքների ու բնապաշարների օգտագործումն ու շահագործումը: Արկտիկային չսահմանակցող բազմաթիվ երկրներ ուզում են, որ կոնվենցիայի դրույթները կիրառվեն Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի նկատմամբ, որպեսզի իրենք կարողանան տնտեսական գործունեություն իրականացնել արկտիկական պետությունների իրավադատությանը ենթակա գոտիներում: Արկտիկայի հարստությունները Արկտիկական սառույցների տակ գտնվում են բոլոր չյուրացված գազային հանքավայրերի 30 տոկոսը եւ նավթային հանքավայրերի 13 տոկոսը: Կլիմայի փոփոխությունները մոտ ապագայում թույլ կտան ստուգել այդ հաշվարկների ճշտությունը: Արկտիկայի «ճակատամարտը» սկսվեց 2001 թ., երբ հնգյակի երկրներից մեկըՙ Ռուսաստանը պաշտոնապես դիմեց Մայրցամաքային ծանծաղուտի սահմանների հանձնաժողովինՙ սեփական մայրցամաքային ծանծաղուտի արտաքին (իրավաբանական) սահմանները ճշգրտելու նպատակով: Արկտիկական մյուս պետությունները ստիպված էին նույն ձեւով վարվել, որպեսզի չպարտվեն սկսված «արկտիկական մրցավազքում»: Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հատակում ռուսական դրոշի տեղակայումը (մեր ազգակից գիտնական Արթուր Չիլինգարով գլխավորությամբ) քնից հանեց նույնիսկ ԱՄՆ-ին, որը երկար ժամանակ Արկտիկան համարում էր իր արտաքին քաղաքականության ծայրամասային տարածաշրջան: Ռուսաստանի հայցը ոչ միայն փոխեց Արկտիկայում ձեւավորված ստատուս-քվոն, այլեւ արկտիկական երկրներին զրկեց այդ ծովային շրջանի կառավարման մոդելը քննարկելու հնարավորությունից: Կոնվենցիայում մայրցամաքային ծանծաղուտի եւ Ծովի հատակի միջազգային շրջանի սահմանազատմանը վերաբերող 76-րդ հոդվածի կիրառման շնորհիվ Ռուսաստանը հնարավորություն ստեղծեց միջազգայնացնելու Արկտիկայի կենտրոնական մասըՙ ի շահ համաշխարհային ընկերակցության մեծամասնության: Այսպես, ելման գծերից 350 ծովային մղոն կամ 2500 մետր խորության գծերից մինչեւ 100 ծովային մղոն հեռու գտնվող ծանծաղուտի հատակի եւ ընդերքի բնապաշարները ստանում են «մարդկության ընդհանուր ժառանգության» կարգավիճակ եւ անցնում Ծովի հատակի միջազգային մարմնի տնօրինմանը: Զարմանալի չէ, որ Արկտիկան մատչելի դարձնող 1982 թ. Կոնվենցիայի ռեժիմի մոլի կողմնակիցներն են Եվրոմիությունն ու ՆԱՏՕ-ն, ինչպես նաեւ Ճապոնիան, Չինաստանը եւ «Ասիական վագրեր» Սինգապուրն ու Հվ. Կորեան: Դեպի Արկտիկա են ձգտում նույնիսկ Մոնղոլիան, 1982 թ. Կոնվենցիան չվավերացրած Թուրքիան, լատինամերիկյան որոշ երկրներ: Հյուսիսային ծովուղի Ռուսաստանի հյուսիսային ափերի երկայնքով ներկայումս հնարավոր է նավարկել տարեկան հազիվ մեկ-երկու ամիս, մինչդեռ որոշ դեպքերում Հյուսիսային ծովուղին էապես կրճատում է հեռավորությունները: Օրինակ, Մուրմանսկ-Յոկոհամա տարածությունը Սուեզի ջրանցքով անցնելիս կազմում է 12840 ծովային մղոն, իսկ Հյուսիսային ծովուղին այն կրճատում է 7070 ծովային մղոնով: Որոշ կանխատեսումների համաձայն, արդեն առաջիկա 30-40 տարում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը ամռանը լիովին ազատ կլինի սառույցներից: Վերջին տարիներին պետությունները սկսել են հասկանալ, որ 1982 թ. Կոնվենցիան միջազգային իրավունքի աղբյուրներից մեկն է միայն, եւ որ հնարավոր են փոփոխություններ: Իլուլիսատում 2008 թ. ընդունված հռչակագրում ընդգծվում է, որ Արկտիկայի նկատմամբ կիրառելի է «միջազգային-իրավական լայն բազա», եւ նույնիսկ չի հիշատակվում 1982 թ. Կոնվենցիան: Պարզ է, որ այլեւս հնարավոր չէ «փակել» Արկտիկան, եւ տնտեսապես էլ դա նպատակահարմար չէ: Սակայն խաղի կանոններ պետք է առաջարկեն հենց այն պետությունները, որոնք անմիջականորեն սահմանակից են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին: 1982 թ. Կոնվենցիայի 166 մասնակիցներից 40-ը չեն կատարում դրա հիմնարար դրույթները կամ թույլ են տալիս այս կամ այն հոդվածի ընդլայնված մեկնաբանություն: Իրավիճակը բարդանում է նրանով, որ ծովային ու ռազմածովային խոշորագույն տերություն ԱՄՆ-ը մինչեւ օրս չի վավերացրել 1982 թ. Կոնվենցիան: Դա ոչ թե «դիվանագիտական նրբերանգ» է, ինչպես պնդում են ամերիկացիները, այլ լուրջ միջազգային-իրավական խնդիր: Արկտիկայի հարցում մտահոգիչ է նաեւ տնտեսական գերտերություն Չինաստանի իրավական նիհիլիզմը: Այն տպավորությունն է ստեղծվում, թե միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ Պեկինի զգուշավոր, երբեմն էլ պարզապես կասկածամիտ վերաբերմունքը պայմանավորված է արեւմտյան քաղաքակրթության այդ «արգասիքների» հանդեպ չինացիների անվստահությամբ: Չինաստանը ռեկորդակիր է Կոնվենցիայի նորմերի խախտումների եւ չհիմնավորված պահանջների գծով: Սակայն դա չի խանգարում, որ չինացիները Ռուսաստանին հորդորեն կատարելու Կոնվենցիայի նորմերը: Տրամաբանությունը պահանջում է, որ Արկտիկայի նկատմամբ կիրառվի կառավարման հատուկ ձեւաչափ, որ հիմնված կլինի համընդհանուր եւ տարածաշրջանային մոտեցումների վրա: Այսպես, պատասխանատվության միայն տարածաշրջանային մակարդակը կարող է այնտեղ կանխել բնությանն սպառնացող աղետը: Իսկ որպես օտար պետությունների մուտքի հիմնական չափանիշ պետք է ծառայի ոչ թե Արկտիկայի տարածքների ու բնապաշարների յուրացման ֆինանսատնտեսական շահագրգռությունը, այլ այդ ծովային շրջանի ուսումնասիրության մեջ ավանդ ներդնելու, տեղական պրոցեսներին վերաբերող գիտելիքների բազան հարստացնելու պատրաստակամությունը: |