ՄԱԿ-Ի ՈՒԺԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ ԳՈԼԱՆԻՑ Պ. Ք. Գոլանի բարձունքներում տեղաբաշխված ՄԱԿ-ի խաղաղարարները սկսել են լքել Իսրայել-Սիրիա տարանջատիչ գոտում գտնվող իրենց դիրքերը: Այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունըՙ վկայակոչելով ՄԱԿ-ի աղբյուրներ: ՄԱԿ-ի ուժերի հեռացման որոշումն ընդունվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում բնավորված իսլամիստների հետ վերջերս խաղաղարարների ունեցած բախումների կապակցությամբ: Տարանջատումը դիտարկող ՄԱԿ-ի ուժերի գոտում վերջին օրերին իրավիճակը կտրուկ սրվել է, նշում են ՄԱԿ-ի կենտրոնակայանում: Իսլամիստների զինված խմբավորումները շարժվում են դեպի խաղաղարներրի դիրքերը, եւ ՄԱԿ-ի ուժերը ստիպված տարանջատիչ գոտուց նահանջել են իսրայելական տարածք: Ավելի վաղՙ օգոստոսի 28-ին, «Ալ Ղաիդայի» հետ կապված խմբավորման գրոհայինները Ալ Կունեյտրայի շրջանում առեւանգել էին ՄԱԿ-ի խաղաղարարների: Անցյալ շաբաթ իսլամիստներն ազատ էին արձակել ֆիջիացի 45 խաղաղարարի: Գոլանի բարձունքների դիտակետերից մեկում իսլամիստները շրջափակել էին ֆիլիպինցի 72 խաղաղարարի: Օգոստոսի 31-ին հաջողվել էր նրանց դուրս բերել շրջափակումից եւ տեղափոխել Իսրայելի տարածք: 1967 թ. վեցօրյա պատերազմից ի վեր Գոլանի բարձունքները համարվում են Սիրիա-Իսրայել սահմանագծին գտնվող վիճելի տարածք: 1981 թվականին Թել Ավիվը հռչակեց իր ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ, սակայն ՄԱԿ-ը մերժեց տվյալ որոշումը: 1974 թվականից Գոլանի բարձունքներում կանգնած են ՄԱԿ-ի խաղաղարարներ, որոնք տարանջատում են սիրիական եւ իսրայելական զորքերը: ՄԱԿ-ի ուժերի պարտականությունն էՙ հետեւել երկու կողմերի հրադադարի պահպանմանը: Ներկայումս ՄԱԿ-ի ուժերի աձնակազմը ձեւավորվում է Ֆիջիի, Հնդկաստանի, Իռլանդիայի, Նեպալի, Հոլանդիայի եւ Ֆիլիպինների զինծառայողներից: Սակայն անցյալ շաբաթ ՄԱԿ-ը տեղեկացրեց, որ Մանիլան որոշել է իր զինծառայողներին հետ կանչել Գոլանի բարձունքներից, ինչպես նաեւ Լիբերիայից, որտեղ ՄԱԿ-ի ուժերը պայքարում են Էբոլա վիրուսի դեմ: |