RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1611, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 33

ՀՈՒՆՎԱՐԻ 2-ԻՑ` ԵՏՄ-ԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Դեկտեմբերի վերջին տասնօրյան` ղազախական եւ բելառուսական վավերացումներով

Մի տեսակ արագ, գրեթե գլխապտույտ արագությամբ ամեն ինչ արվեց այնպես, որ 2015թ. հունվարի 1-ից իրողություններն այլ են լինելու Եվրասիական տնտեսական միության կազմում հայտնված Հայաստանի ու հայաստանցիների համար: «Այլ» բնավ էլ չի նշանակում, թե ամեն ինչ փոխվելու է, արթնանալու ենք նոր տարում ու տեսնենք, որ ճանաչելի քիչ բան է մնացել: Տրամաբանական է, որ մի որոշ ժամանակ ոչինչ էլ չենք զգալու, ոչ մի տարբերություն կամ փոփոխություն, սակայն դրանք կգան, եթե եվրասիական այդ միությանն ինտեգրումը փաստաթղթային ձեւակերպումներից իսկապես անցնի գործնական կյանք:

Այս շաբաթ` դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում ավարտվեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը նվիրված էր հենց 2015թ. հունվարի 1-ից ԵՏՄ եւ դրա կառույցների գործունեության մեկնարկի տարբեր հարցերին` մասնակցությամբ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Հայաստանի նախագահների: Ավելին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը իր կեցավայր «Արարատ պարկ հայաթ» հյուրանոցում ընդունելություն է կազմակերպել` ի նշանավորումն ԵՏՄ մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի:

Նշված իրադարձությանը նախորդած օրերին քիչ չէին ինչպես մեքենայությունները, դրանց վրա հիմնված հույսերը, թե Բելառուսը կամ Ղազախստանը կանաչ լույս չեն տա ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրին, բայց հույսերը սնանկ էին, դատողություններն էլ` սպեկուլյատիվ: Այլեւս ոչ մի իրավական խնդիր չի մնացել Հայաստանի` դեպի ԵՏՄ ճանապարհին, քանի որ բոլոր երեք երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի խորհրդարանները վավերացրել են պայմանագիրը, այդ երկրների նախագահներն էլ ստորագրել անհրաժեշտ փաստաթուղթը: Ստացվում է, որ իրավական առումով հունվարի 1-ից նոր կարգով պիտի ապրենք` ուզենք թե չուզենք, թեեւ տարբեր ոլորտների ու հարցերի համար 1-8 տարի ունենք` անցումային շրջանով նոր իրականությանը հարմարվելու համար:

Ակնհայտորեն Հայաստանի, հատկապես Հայաստանի իշխանությունների համար հարմարագույն տարբերակը ԵՏՄ անդամակցությունն է, որին էլ լծվեցին ամենայն եռանդով ու կենտրոնացված ջանքերով այնպես, ինչպես այդպիսի որակներ ու կարողություններ Եվրոմիության հետ Ասոցիացման համաձայնագրի բանակցություններում ոչ մեկը չէր ցուցաբերել: Գրեթե 3.5 տարի տեւած եվրոպական ուղղությամբ բանակցությունների փոխարեն ԵՏՄ բանակցությունները ընթացան արագ` գուցե նաեւ եվրոպական ինտեգրման առումով բանակցությունների փորձի շնորհիվ:

Ամեն դեպքում, եթե Ասոցիացման համաձայնագրի առումով բանակցություններից գրեթե ոչ մեկը ոչ մի բան տեղյակ չէր ու այդ իսկ պատճառով չէր հասկանում` ապավինելով եվրոպականի լավը լինելու մոտեցմանը, ԵՏՄ-ական տարբերակի առումով անգամ «արագ արձագանքման խումբ» է ստեղծվել: Մասնավորապես` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության առնչությամբ հարցերով բացատրություն-պարզաբանում տալու համար, պարզվում է, կարելի է հայրենի ֆինանսների նախարարություն զանգահարել, որտեղ կմանրամասնեն հարցերը` կապված ԵՏՄ անդամակցությամբ օրենսդրական դաշտի ու մաքսային ընթացակարգերի փոփոխությունների հետ:

ԵՏՄ ստեղծման հաջորդ իսկ օրը` հունվարի 2-ից Հայաստանը կդառնա միության լիիրավ անդամ` դրանից բխող բոլոր հետեւանքներով, որոնք եվրոպական ինտեգրման ջատագովների պարագայում բնավ էլ լուսավոր ապագայի կանխատեսումների շարքից չեն: Հայաստանին այդ հարցում կհետեւի Ղրղզստանը` նախնական գնահատականներով եկող տարվա փետրվարից դառնալով այդ միության 5-րդ անդամը:

Այդպիսով նախկին խորհրդային երկրներից 5-ը մեկ միության մեջ կհայտնվեն, ավելի կոնկրետ` կդառնան Ռուսաստանի գլխավորությամբ ու ղեկավարությամբ կառույցի մաս այն դեպքում, երբ մնացյալ 7 (որեւէ պարագայում եւ ուզածդ սցենարի դեպքում անհնար է պատկերացնել, թե բալթյան որեւէ երկիր կարող է մտնել Ռուսաստանի ստեղծած կառույց - Վ.Պ.) նախկին խորհրդային հանրապետությունների համատեքստում Ռուսաստանն իր ազդեցությունը տարածելու մեծ հնարավորություններ չունի` ի մասնավորի Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում: Մնում են միջինասիական երկրներն ու Ադրբեջանը: Վերջինի պարագայում ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է իր զինանոցի միջոցներով ստիպել Ադրբեջանին նայել ԵՏՄ ուղղությամբ, բայց թե որքանով է դա Ռուսաստանին հաջողվում` առայժմ բացասական պատասխան ունի:

Մյուս կողմից որոշակի լուրերի հիման վրա հնարավոր է ԵՏՄ-ին այլ երկրների` դեպի արեւելք ընկած պետությունների միացումը, բայց որ դրանից Հայաստանը հաստատ էլի շահողների ցուցակում չի լինի` տնտեսագիտական բարդ վերլուծությունների կարիք չկա:

Ամեն դեպքում, հետաքրքրական է, որ հենց այն օրերին, երբ ԵՏՄ հիմնադիր երեք երկրների խորհրդարանները մեկը մյուսի հետեւից վավերացնում էին, հանրությանը ներկայացվեց Եվրոմիության հետ Հայաստանի ապագայի ինչ-որ տեսլական` ի դեմս Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի «Արմենպրեսին» տված հարցազրույցի, որտեղ ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի նախկին գլխավոր բանակցողներից մեկը հանդիսացած փոխնախարարը ներկայացրել է, որ Հայաստանը արդեն ԵՄ հետ համագործակցության հիմնական ոլորտների հստակեցման փուլում է, որոնց Եվրոմիությունում սպասում են արդեն բավականին երկար` անընդհատ ակնարկելով, թե ԵՄ-ը սպասում է Հայաստանի հստակեցումներին: Փաստացի պաշտոնապես հաստատվում է, որ համագործակցության ոլորտները հստակեցվում են: Իսկ թե ինչպես են հստակեցվել` Մելքոնյանը մեջ է բերել բրյուսելյան վերջին Հայաստան-ԵՈՄ հանձնաժողովում որդեգրված սկզբունքներից մեկը, այն է` «Առեւտրատնտեսական եւ ոլորտային համագործակցության հարցերում Հայաստանը առավելագույնս պահպանում է Ասոցիացման համաձայնագրում եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրում բանակցված նորմերը, այն, ինչ հնարավոր է եւ չի հակասում ԵՏՄ-ին մեր անդամակցությանը»:

Տպավորությունը բնավ էլ այնպիսին չէ, թե վերը մեջբերված սկզբունքը ինչ-որ նոր բան է ասում, բացի հաստատումն այն մոտեցման, ինչ կար. ԵՏՄ-ի անդամակցությամբ ստանձնվող պարտավորություններին չհակասող համագործակցություն Եվրոմիության հետ: Այս սկզբունքում նաեւ ինքնուրույն որոշում ընդունելու հնարավորության սղության ապացույցներ կան, քանի որ Եվրոմիության հետ համագործակցությունը հնարավոր է համարվում միայն այն դեպքերում, երբ ԵՏՄ-ի հատվածում դրան հակասող ոչինչ չկա:

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում ԵՄ հետ Ասոցիացման ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրերը Հայաստանի կողմից չստորագրվելուց հետո Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր ելույթներից մեկում ասաց, թե Վիլնյուսից հետո կյանքը չի դադարել, այլ շարունակվում է: 2015թ. հունվարի 2-ից ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ էլ կյանքը կանգ չի առնելու, սակայն վստահաբար զարգացումն այն ուղղությունը չէ, որով շարժվելու է Հայաստանը: Ինչպես ասում են` «դաստիարակությունն ու գեները շատ բան են որոշում, բայց թե կոնկրետ ինչպես կդրսեւորվի մարդը` պայմանավորում է միջավայրը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ