ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ Ա. Մ. 2015թ. հունվարի 1-ից տարանջատվելու են աշխատանքային, զինվորական, ինչպես նաեւ «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով սահմանված կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմք ընդունվող հիմնական կենսաթոշակների չափերը: Կառավարության կողմից երեկ հավանության արժանացած այս նախագծով աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվելու է 16 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համարՙ 800 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համարՙ 500 դրամ: 2015թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվելու է 14 հազար դրամ, իսկ հուլիսի 1-իցՙ 16 հազար դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014թ. շուրջ 36 հազար դրամի փոխարեն 2015թ. կկազմի մոտ 41 հազար դրամ: Կառավարության այլ որոշումներով սահմանվեցին ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքումՙ հաշմանդամ երեխա ճանաչված անձի նպաստների չափերը: Մասնավորապեսՙ ծերության նպաստՙ 14 հազարի փոխարեն 16 հազար դրամ, առաջին խմբի հաշմանդամի եւ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համարՙ 19 հազար 600 դրամի փոխարենՙ 21 հազար 500 դրամ, երկրորդ խմբի հաշմանդամի համարՙ 16 հազար 800 դրամի փոխարենՙ 19 հազար դրամ, երրորդ խմբի հաշմանդամի համար 14 հազար դրամի փոխարեն 16 հազար դրամ: Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը 14 հազար դրամի փոխարեն սահմանվել է 16 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած 18 տարին չլրացած երեխայի կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի դեպքումՙ 70 հազար դրամի փոխարեն 80 հազար դրամ: Պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող կենսաթոշակի չափը սահմանվել է 14 հազար դրամ: |