ԴԱՐՁՅԱԼ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ` Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ ԵՎ ՓՈԽՎԵԼՈՒ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին անդրադարձավ ստուգումների խնդրին, նշելով, որ տարեկան ստուգումները չպետք է մեկ անգամից ավելի լինեն եւ միայն բացառիկ դեպքերում վարչապետի թույլտվությամբ կրկնակի ստուգումներ կիրականացվեն: Տվյալ պարագայում Հովիկ Աբրահամյանը խոսում էր հարկային ստուգումների մասին, բայց բազմաթիվ այլ գերատեսչություններ նույնպես ստուգումներ իրականացնելու իրավունքներ ունեն: Նախորդ վարչապետի` Տիգրան Սարգսյանի կողմից, համաշխարահային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենածանր տարում` 2009-ին որոշում ընդունվեց կասեցնել մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող բոլոր ընկերություններում տեսչական ստուգումները: Դրան հաջորդեցին տեսչական ստուգումների համակարգի բարեփոխումները: Ի՞նչը փոխվեց այս ընթացքում: Ներդրվել է ռիսկի գնահատման վրա հիմնված ստուգումների համակարգը, որը ենթադրում է ստուգումների իրականացում այն ոլորտներում, որոնք առավել ռիսկային են: Հաստատված մեթոդաբանությամբ, տնտեսվարող սուբյեկտները դասակարգվում են ռիսկայնության երեք խմբերից մեկումՙ բարձր, միջին կամ ցածր: Բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտները կարող են ստուգվել տարին մեկ անգամ, միջին ռիսկայնության խմբում ընդգրկվածները` 3 տարին մեկ անգամ, եւ ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվածները` 5 տարին մեկ անգամ: Ստուգում իրականացնող պետական մարմինները պարտավոր են մինչեւ ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը հաստատել եւ էլեկտրոնային կայքում հրապարակել ստուգումների տարեկան ծրագիրը: Այս համակարգը ներդրվել է գրեթե բոլոր տեսչական մարմիններում: Տեսչական մարմինները հրապարակում են ստուգումների տարեկան ծրագրեր եւ նախորդ տարվա ստուգումների հաշվետվությունները: Եղել է նաեւ երկու ստուգող մարմինների միաձուլում` առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունը վերակազմակերպվել են որպես առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչություն: Առաջիկայում կառավարությունը նախատեսում է շարունակել տեսչական համակարգի օպտիմալացումը, թեեւ դեռ հայտնի չէ, թե որ կառույցը որին կմիաձուլվի: Համենայնդեպս նպատակն այն է, որ չլինեն ստուգումների կրկնորդումներ: Բացի ստուգում իրականացնող մարմինների միավորումից, տարանջատվելու են գործառույթները եւ վերանայվելու ստուգումն իրականացնելու մեթոդները: Նախատեսվում է ստեղծել նաեւ ստուգում իրականացնող մարմիններում կենտրոնացված տեղեկատվական կառավարման համակարգ (տվյալների բազա), ստուգող կառույցների միջեւ տեղեկությունների փոխանակման համար: Ակնկալվում է, որ այս եւ մի քանի ուրիշ միջոցառումներ դրական ազդեցութուն կունենան տնտեսվարողների գործունեության վրա, որոնք այեւս չեն գտնվի տարբեր կառույցների անընդհատ կամ չկանոնակարգված ստուգումների գործընթացում: |