RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014



ԵՏՄ-ԱԿԱՆՆԵՐ

Տեղադրվել է` 2014-12-25 23:23:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1896, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ ԱՆՏԱՌ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անտառ կարելի է գնալ տարբեր պատճառներով, օրինակՙ սունկ կամ վայրի մորի հավաքելու, կամՙ որսորդության, կամՙ պարզապես զբոսնելու: Ըստ էության անտառ գնալու պարագայում կարեւոր չէ գնալու նպատակը, կարեւորն այն է, թե ո՞ւմ հետ ես գնում: Եթե անտառ գնացողներն իրար չեն վստահում, ապա այդ ճանապարհորդությունը կարող է անվտանգ չլինել ոչ միայն անտառում ապրող գազանների, կամ որսի հարմար կենդանիների համար, այլ նաեւՙ որսորդներից յուրաքանչյուրի:

Հետեւաբար անտառ գնալու համար երկու կարեւոր նախապայման կաՙ գնալու նպատակից կարեւոր. մենակ չգնալը եւ ընկերների ով լինելը:

Հունվարի մեկից, ընդամենը մեկ շաբաթից փոքր ինչ ավել ժամանակահատված հետո, Հայաստանըՙ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ... գնում է անտառ, այնտեղ այս կազմին միանալու խոստում է տվել նաեւ Ղրղզստանը:

Միաբերան պնդել, որ այս երկրները մեր վստահելի բարեկամներն ենՙ չենք կարող, ոչ ոք չի կարող: Օրինակ, հիշյալ երկրներից միայն Ռուսաստանն է, որ ճանաչել եւ դատապարտել է հայերիս հարցերի հարցըՙ Ցեղասպանությունը: Մյուսները, ենթադրենք թյուրքախոս ղազախները, ոչ միայն չեն ճանաչել, այլեւ չեն էլ ճանաչի, համենայն դեպսՙ ավելի վաղ, քան դա կանի Թուրքիան: Բայց, սա իմիջիայլոց, որպես ոչ ռեալպոլիտիկի շեղում:

Իրականում ԵՏՄ-ին մեր երկրի միանալու խնդիը (նախ այն կա), ոչ այնքան միության կազմն է, որքան անդամների միջեւ ամենեւին էլ ոչ բարեկամական հարաբերությունները, ավելինՙ Բելառուսն ու Ղազախստանն ամենաբարձր մակարդակով այնպիսի վարքագիծ ունեն, որից բոլորովին վստահություն չի ծնվումՙ միության հետագա զարգացման, կամ առհասարակ գոյության հարցում: Օրինակ, նախքան Մոսկվայում Եվրասիական բարձրագույն խորհրդի մեկնարկը, նախագահներ Նազարբաեւն եւ Լուկաշենկոն կատարյալ փոխհամաձայնեցված գրաֆիկով ժամանեցին Կիեւ: Ընդ որում, նախքան Կիեւ գնալը, Բելառուսի նախագահը արել էր երկու ուշագրավ հայտարարութուն: Իր երկրի կառավարության հերթական նիստը վարելու ընթացքումՙ նախագահ Լուկաշենկոն հատարարել էր. «Մենք չպետք է աղոթենք Ռուսաստանի տնտեսության համար, այլ պետք է մեզ համար նոր շուկաներ գտնենք»: Հասկանալի է, որ «նոր շուկա»-ն այս համատեքստում Ռուսաստանից դուրս կամ նրա հետ ոչ մի առչություն չունեցող շուկան է, ասել է թեՙ արեւմտյան, նվազագույնըՙ Արեւմուտքի կողմից շահագործվող շուկան, այլ կերպ ասածՙ «հակառուսաստանյան» շուկան:

Իսկ Կիեւ մեկնելուց անմիջապես առաջ Բելառուսի նախագահը հայտարարեց. «Մենք միշտ ենք մեր ուկրաինացի գործընկերներին ասել, եւ հիմա էլ ասում ենք, որ Ուկրաինան կարող է խնդրել Բելառուսից այն ամենն, ինչ իրեն պետք է, այդպես եղել է, կա եւ միշտ կլինի»: Հիշեցնենք, որ չնայած Կիեւը նախկինում Մոսկվայից եւս կարող էր խնդրել այն, ինչ իրեն պետք էր, բայց հիմա այդպես չէ, եւ մոտ ապագայում հազիվ թե այդպես լինի: Կնշանակի` Լուկաշենկոն անում է, կամ ցանկություն է հայտնում անել մի բան, ինչը կամ Մոսկվայի հետ համաձանեցված չէ, կամ ի հեճուկս է Մոսկվայի, կամ էլՙ այս երկուսը միասին:

Նախագահ Նազարբաեւը Կիեւ մեկնելուց առաջ «հակառուսական» որեւէ հայտարարություն, ճիշտ է, չի արել, բայց ամփոփելով Ղազախստանի համար անցնող տարին, նա հայտարարել է. «Բոլոր այն կարծիքները, թե ԵՏՄ-ն նման է ԽՍՀՄ-ին, անհեթեթ են... ԽՍՀՄ վերականգնել ցանկացողներն ուղեղ չունեն»: Անշուշտ Նազարբաեւը հիմնավորել է, թե ինչու իր կարծիքով բոլոր այն խոսակցությունները, որ ԵՏՄ-ն նման է ԽՍՀՄ-ին, անհեթեթ են, մասնավորաբար Ղազախստանի նախագահը հիշեցրել է, որ ԽՍՀՄ-ն ուներ կենտրոնացված տնտեսություն ի տարբերություն ԵՏՄ-ի, եւ կրկին ի տարբերություն վերջինիսՙ միայն մեկ կուսակցության իշխանություն, եւ իհարկե այս առումով նախագահ Նազարբաեւն իրավացի է: Բայց խնդիրն այն է, որ Ղազախստանի նախագահն իր այս հայտարարությամբ ոչ թե հանգստացրել է բոլորին, ովքեր ԵՏՄ-ի մեջ ԽՍՀՄ-ին են տեսնում, այլեւս սպառնացել է բոլոր նրանց, ովքեր ԵՏՄ-ի տեսքով ցանկանում են հարություն տալ ԽՍՀՄ-ին, հակառակ պարագայում չէր հայտարարի, թե ԽՍՀՄ վերականգնել ցանկացողներն ուղեղ չունեն. եթե անգամ դա այդպես է, կնշանակի, որ այսօր կան նման «անուղեղներ», եւ սա մենք չենք ասում:

Այլ կերպ ասած եւ նախագահներ Նազարբաեւը եւ Լուկաշենկոն Մոսկվայի համար վերջին ժամանակներում այդքան խորթ դարձած Կիեւ են ժամանելՙ ընդգծելով, որ ԵՏՄ-ն բացառապես տնտեսական միություն է, եւ որ քաղաքական առումով իրենք կարող են նաեւ Մոսկվային հակառակվել, ինչը արել են, անում են եւ անելու են:

Հետեւաբար գոնե քաղաքական առումով Աստանան եւ Մինսկը ԵՏՄ-ի համար (իսկ այնտեղ էլ ո՞վ մնացՙ բացի այս երկրներից), վստահելի չեն: Բայց ինչո՞ւ է այդպես:

Սկսենք Բելառուսից: Դեկտեմբերի 19-ին Բելառուսի խոշորագույն բանկըՙ «Տրանսբանկ»-ը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որիՙ ԱՄՆ-ն հանում է իր ավելի վաղ սահմանած պատժամիջոցները հիշյալ բանկի հանդեպ: Ավելի ուշ ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատեց այս տեղեկությունը, ավելինՙ Վաշինգտոնից տվեցին հարցի պատասխանը, թե ինչո՞ւ. ըստ պաշտոնական պարզաբանմանՙ պատժամիոցները բելառուսական խոշորագույն բանկից հանվել են, որովետեւ «բանկին հաջողվել է ստեղծել երկրի ներսում կայունության որոշակի մակարդակ, համագործակցելով ամերիկյան իրավական եւ վերահսկողական մարմինների հետ, մասնավորաբար տրամադրելով վերջիններիս անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք պատրաստվել են բանկի եւ միջազգային աուդիտորական կազմակերպությունների համագործակցութան արդյունքում»: Այս երկար նախադասությունից ֆիքսենք միայն այն, որ Բելառուսի խոշորագուն բանկը այս ամբողջ ընթացքում ակտիվ եւ արդյունավետ համագործացել է ամերիկյան իրավական եւ վերահսկողական մարմինների հետՙ տալով նրանց անհրաժեշտ փաստաթղթերը, եւ տեղեկացնենք, որ «Տրանսբանկը» Բելառուսի ոչ միայն խոշորագույն բանկն է, այլեւ ամենահինը մասնավոր բանկերի մեջ, ընդ որում, համաձայն որոշ տեղական եւ ռուսական աղբյուրների, բանկը «շատ մոտ է» անձամբ նախագահ Լուկաշենկոյին:

Հենց այս իրադարձությունից հետո ուշագրավ է, որ Բելառուսի նախագահը վարեց երկրի կառավարության նիստը, որտեղ էլ կոչ արեց գործադիրին այլեւս չաղոթել Ռուսաստանի տնտեսության համար... Կարծես արձագանքելով Մինսկից հնչող այս հայտարություններինՙ ՌԴ Պետդումայի Միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը զգուշացրել է Բելառուսի նախագահին, թե ի՞նչ է լինում բոլոր այն մարդկանց հետ, ովքեր բարեկամանում ենՙ ԱՄՆ-ի հետ: Այս համատեքստում Պուշկովըՙ Լուկաշենկոյին հիշեցրել է Միլոշեվիչին, Քադդաֆիին, Հուսեյնին. «Հիմա ԱՄՆ-ի հետ բարեկամություն է պատրաստվում անել Լուկաշենկոն, բայց ինչպես մենք տեսնում ենքՙ նման փորձերը վտանգավոր են»,- հայտարարել է Պուշկովը:

Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա այստեղ խնդիրներն ավելի քիչ են, բայց դրանք կան: Մասնավորաբար նախագահ Նազարբաեւը ոչ մի կերպ չի մոռանում Պուտինի «կոնտեքստից դուրս» ներկայացված խոսքերը, թե Ղազախստանը նոր է անկախություն ձեռք բերել եւ ամեն հարցազրուցյում շեշտում է իր երկրի անկախ լինելը: Ռեալպոլիտիկի առումով, կապված ռուսական ռուբլու տատանումների հետ, Ղազախստանը դադարեցրեց Ռուսաստանիՙ իր սահմանակից հատվածների էլեկտրասնուցումը, ինչը համաձայնեքՙ ամենեւին էլ բարեկամության դրսեւորում չէ: Բայց սա դեռ ամենը չէ. բանն այն է, որ հենց Նազարբաեւն էր միջնորդել, ավելի ճիշտՙ կազմակերպել Պուտինիՙ վերջերս կայացած հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ: Հետեւաբար Աստանան ոչ միայն ցանկանում է ժամ առաջ վերջ տալ Արեւմուտք-Ռուսաստան առկա հարաբերությունների տեսքին եւ ընթացքին, այլեւ լուրջ հնարավորություններ ունիՙ Արեւմուտքում, երկխոսության մեծ լծակներ, եւ նախագահ Օլանդին ղազախական ազգային տարազ հագցնելու ունակություն եւ ուժ:

Իհարկե Պուտին-Օլանդ հանդիպումը արդյունավետ չեղավ, բայց դրանից Ղազախստանի միջնորդական առաքելությունն ամենեւին էլ չհեղինակազրկվեց: Պարզվում է, որ այն նույնիսկ պատմություն ունի: Մասնավորաբար Ղրիմի ճգնաժամի օերին Նազարբաեւին զանգահարել եւ վերջինիսՙ Պուտինի վրա ազդելու է կոչել անձամբ ԱՄՆ նախագահ Օբաման: Այլ հարց է, որ Նազարբաեւն այդ ժամանակ ոչ միայն չի սաստել Պուտինին, այլեւ ըստ էության պաշտպանել է վերջինիս, բայց, փաստորեն, Նազարբաեւն ու Աստանան Արեւմուտքի հետ կապված են երկխոսության փորձով եւ վերջինիս համար ընկալելի ենՙ որպես Ռուսաստանի վրա ազդելու միջոց:

Չի բացառվում, որ Արեւմուտքը հիմա էլ որոշակի երկխոսության մեջ մտած կլինի Աստանայի հետ, քանի որ դրա փորձն առկա է: Եւ չի բացառվում, որ հենց այս երկխոսության, կամ դրանով ձեռք բերվածՙ առայժմ գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում է այդ թվում նախագահ Նազարբաեւը մեկնել Կիեւ:

Փաստն այն է, որ Լուկաշենկոն եւ Նազարբաեւը Կիեւ են մեկնել նախքան Մոսկվա ժամանելը, այն էՙ Պուտինի հետ հանդիպելը: Այս ամենը նշանակում է, որ նախկին ԽՍՀՄ տարածքում Ռուսաստանից բացի կան առնվազն երկու երկիր, ովքեր ցանկանում են իրավիճակ փոխել, ինչպես Ռուսաստանը: Սա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը մրցակիցներ ունի հետխորհրդային տարածքում, ընդ որում այդ մրցակիցներն օվկիանոսից այն կողմ չեն, կամ Բոսֆորի արեւմտյան ափին:

Ուրեմն հունվարի մեկից մենք մտնում ենք մի տեղ, որտեղ միմյանց հետ մրցակցում են, ինչը նշանակում է, որ միմյանց չեն կարող վստահել, եւ այստեղ ամենեին էլ կարեւոր չի դառնում անտառ գնալու նպատակը. ուղղակի անտառում անվտանգ չէՙ գոնե այս կազմով:

Հուսանք բարեկամությունը կա՛մ ղրղզներից շուտ կգա ԵՏՄ, կա՛մ նրանք իրենց հետ կբերեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 26-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ