ԻՇԽԱՆՈՒՀԻ ԴԻԱՆԱՆ ԵՎ ԻՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՀԱՆ ԲԱՀԱՐՅԱՆ, Լոս Անջելես, Դեկտեմբեր 17, 2014 Սույն հոդվածը գրելու առիթը 1997 թ. ստացածս նամակն է (անգլերեն) Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Լեւոն Թոփոզյանից: Որոշեցի այն ընդգրկել նոր պատրաստվող գրքումս, եւ այդ պահին էլ մտահղացա նրա որոշ մասերը ներկայացնել հայ ընթերցողին, նրան նորից ծանոթացնելու համար... իշխանուհի Դիանայի հետ: Եթե հայի ինքնությունը փնտրելու լինենք օտար ազգերի մեջ, կարող ենք անակնկալների հանդիպել, քանի որ դիմացդ կանգնած որեւէ ազգի մարդ կարող է կրել հայկական գեն եւ ոչ մեկը չիմանա այդ մասին: Այդպիսի անակնկալ պարունակում է նաեւ ստացածս նամակը: Անգլիայի թագավորական ընտանիքի անդամ Դիանա Սփենսերը ծնվել է 1961 թ. հուլիսի 1-ին Անգլիայում, Սանդրինգհեմում (Sandringham): 1975 թ. Դիանայի հայրը ժառանգում է «Կոմս» տիտղոսը, եւ Դիանան դառնում է Լեդի Դիանա: Նա ամուսնանում է Անգլիայի թագաժառանգ իշխան Չարլզի (Prince Charles) հետ: Նրանք ունենում են երկու տղա: Հետագայում նրանք ամուսնալուծվում են: Ո՞վ էր մեղավոր բաժանման հարցում: Հարցը շատ նուրբ է եւ տարբեր կարծիքներ եղան այդ մասին: Այն թողնենք անպատասխան, որովհետեւ պատասխանը թաղված է շատ խորը եւ հնարավոր չէ բացահայտել: Միայն մի բան կարող ենք նշել. Դիանան այն ժամանակ 31 տարեկան էր ու նվիրված իր ընտանիքին, իսկ Չա՞րլզը...: Նույնիսկ ամուսնալուծությունից հետո Դիանան պահպանեց իր բարձր համբավն ու ժողովրդականությունը: Նա նվիրվեց իր տղաների դաստիարակության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը, ինչպես պայքարը երկրի հանքերի շահագործման դեմ: Նա օգտագործեց իր միջազգային հեղինակությունըՙ օգնելով բարձրացնել տեղեկատվությունը այս թեմայի մասին: 1997 թ. նա կապվեց Եգիպտոսի շարժանկարի (ֆիլմ) բեմադրիչ Դոդի Ալ-Ֆայեդի (Dodi Al-Fayed) հետ, ինչը առիթ տվեց շրջապատի դժգոհությանը: 1997 թ. օգոստոսի 30-ին Փարիզ այցելելու ժամանակ ինքնաշարժը ենթարկվեց վթարի եւ նրանք մահացան: Հետաքննությունը պարզեց, որ ինքնաշարժի վարորդը հարբած էր: Դիանայի մահը ցնցեց աշխարհը: Հազարավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին «ժողովրդի իշխանուհուն», նրա թաղման արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ Վեստմինստեր Աբբիում (Westminister Abbey) եւ սփռվեց հեռուստատեսությամբ աշխարհով մեկ: Հետագայում նրա մարմինը տեղափոխվեց Ալթորպ (Althorp) եւ թաղվեց իր ընտանեկան գերեզմանոցում: 2007 թ., Դիանայի մահվան տասնամյա տարելիցի եւ ծննդյան 46-րդ տարեդարձի առթիվ, իշխաններ Վիլյամը եւ Հարրին հարգեցին իրենց սիրելի մոր հիշատակը հատուկ համերգով, որի հասույթը հատկացվեց Դիանայի եւ տղաների աջակցած բարեգործությանըՙ Ուելսի իշխանուհու (Princess of Wales) հիշատակի ֆոնդին, որը հիմնվել էր նրա մահից հետո եւ ընդգրկել բազմաթիվ կազմակերպությունների ու անհատ աջակցողներիՙ հոգալու Աֆրիկայի հիվանդ երեխաների մասին, օգնելու փախստականներին եւ վերջ տալու երկրի հանքերը չարաշահելուն: 36 տարեկանՙ երիտասարդ հասակում Դիանայի մահը առիթ տվեց բազմաթիվ մտորումների: Նկատի ունենալով հզոր երկրի թագավորական ընտանիքի նրա անդամ լինելը, արարքը անպատվաբեր համարվեց, պետք էր միջոց գտնվեր այն չեզոքացնելու համար, որն էլ միգուցե նախօրոք կազմակերպված վթարն էրՙ փրկելու համար թագավորական ընտանիքի պատիվը...: Եթե Դիանան չմահանար, համոզված ենք, որ նա կլիներ Մայր Թերեզայի ազնիվ գործը շարունակող ամենանվիրված անձերից մեկը: Ստորեւ բերված է որոշ փաստացի տեղեկություն նրա ծագումնաբանության մասին: Մի քանի տարի առաջ իշխանուհի Դիանայի մասին գրվածքներից ես եզրակացրեցի, թերեւս ազգայնամոլաբար, նրա հայկական արմատների մասին: Թեկուզ եւ նա ընդամենը 1/64-ով է հայ (ինչպես ցույց է տրված ստորեւ), կարծես թե նա օժտված է հայ կնոջ ուժեղ հատկանիշներից շատերով: Այդպիսով, նրա զավակները եւ հավանաբար Անգլիայի ապագա թագավորը, օրհնված կլինեն հայկական գեներով: Իշխանուհի Դիանայի հեռավոր նախնիներից է Էլիզա Քեւարքըՙ Հնդկաստանից մի հայուհի: Իշխանուհի Դիանայի մահից մի քանի տարի անց նրա հայրական տանը տարօրինակ տառերով գրություններ գտնվեցին, եւ պարզվեց, որ դրանք Էլիզայի գրած հայերեն գրություններ են ուղղված իր զավակներին ու թոռներին: Իշխանուհի Դիանայի տոհմածառը հետեւյալ տեսքն ունի. Էլիզա Քեւարքը ամուսնացել է շոտլանդացի վաճառական Թեոդոր Ֆորբեսի հետ, նրանց դուստր Քեթլին Սքոթ Ֆորբեսը ամուսնացել է Ջեյմս Քրոմբիի հետ (Աբերդին քաղաքից), նրանց դուստր Ջեյնը ամուսնացել է Դեյվիդ Լիթլջոնի հետ, նրանց դուստր Ռութը ամուսնացել է Վիլյամ Գիլի հետ, նրանց դուստր Ռութ Սիլվիա Գրիլըՙ Լեդի Դիանայի տատը, ամուսնացել է Լորդ Ֆերմոյի հետ, եւ նրանց դուստր Ֆրենսիս Ռութ Բուրկե Ռոչը ամուսնացել է Լեդի Դիանայի հորՙ Սփենսի 8-րդ Կոմսի հետ: Արժանահիշատակ է նաեւ այն, որ Էլիզա Քեւարքը կոչվել է նաեւ տիկ. Ֆորբեսյանՙ հայկական ազգանունների բնորոշ վերջավորությամբ: Հայկական եւ շոտլանդական (կելտական) գեները իշխանուհի Դիանային դարձրել են բացառիկ: |