ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այցելել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ծննդատունը: Ծննդատանը տրամադրվել են վաղահաս ծնված եւ առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներՙ վերակենդանացման սարք, տաքացուցիչ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, ինչպես նաեւ երակային ներարկման պոմպ: Տրամադրված բուժսարքավորումների եւ սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող եւ ոչ բավարար քաշով ծնված երեխաներինՙ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երեւանի կամ մարզային բուժկենտրոններ տեղափոխելը: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը: «Ամենավհատեցնող զգացմունքները հուսահատությունն ու անզորությունն են, հատկապես երբ դա երեխայի կյանքին եւ առողջությանն է վերաբերում: Դժվար պահերին, երբ երեխայի կյանքը վտանգված է, կարեւոր է իմանալ, որ կա վայր, որտեղ փորձառու բժշկական անձնակազմը հոգ կտանի առողջական խնդիրներ ունեցող երեխայի մասինՙ նորածնի կյանքը փրկելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած բաժանմունքում: Մենք ցանկանում ենք, որ ծնողները զգան, որ իրենք միայնակ չեն դժվարությունների առջեւ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրագործվող ծրագիրն առանձնահատուկ կարեւորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում ցուցաբերվող բուժօգնությանըՙ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով եւ վերապատրաստված մասնագետներովՙ առողջական խնդիրներով ծնված երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումն ու աջակցությունը: Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-իՙ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը եւ նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008 թ.-ին եւ մինչ այժմ ընդգրկել է Երեւանի տասներկու եւ Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» («Every newborn») գործողության ծրագրի համաձայնՙ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածինների եւ մայրերի կյանք փրկելՙ ներդրում կատարելով նախածննդային հսկողության եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում: Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապեսՙ վաղաժամ ծնվելու եւ վարակների հետեւանքով առաջացած բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաեւ մասնագետների վերապատրաստում եւ վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով: |