ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՕՐԱԳԻՐ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ Սկիզբըՙ «Ազգի» հունվարի 30-ի, փետրվարի 2-ի համարներում Հունվարի 28 Գերմանացի քաղաքական գործիչներից շատ եմ լսելՙ հայ- թուրքական հարաբերությունների մասին խոսելիս նրանք հաճախ մատնանշում են գերմանա- ֆրանսիական հարաբերություններըՙ բարեկամական, բաց սահմաններով: Միշտ ներքին մի ընդվզմամբ եմ ունկնդրել այդ կարծիքը ու հանդարտ վերաձեւակերպել եմՙ մեր խաղաղության մոդելը ոչ թե գերմանա-ֆրանսիական, այլ Գերմանիա-Իսրայել հարաբերությունների օրինակից են բխում: Բաց սահմաններով, Հռենոսն ինձ ուղեկցեց ողջ ճանապարհին, Գերմանիայից Ֆրանսիա հասավ: Գերմանացիները «հայր» Հռենոս են ասում, հայերսՙ «մայր» Արաքս, երկուսն էլ գարնան վարարումներից խռովվում են հաճախ, բայց Արաքսի մասին ասում ենՙ կամուրջներ չի հանդուրժում... խաղաղության կամուրջն անշուշտ պարտադիր կապվելու է, սահմաններն էլ փոփոխվելու են, ինչպես Էլզասի պատմությունն է վկայում, ու այս դեպքումՙ ֆրանս-գերմանական հաշտության օրինակը լիովին ըմբռնելի է, թեպետ Ղարաբաղում հաղթանակած բանակի օրն է այսօր, բայց համոզված եմՙ առանց նրա միջամտության, այդ սահմանները շատ մոտ մի օր գրկելու են բնիկներին: Ճանապարհից ինձ ուղեկցող խոհերս վերելակի մեջ թուրք կնոջ հայացքի առջեւ ծրարելով բացված դռներից դուրս եմ գալիս: Երկուսս էլ դեպի ճաշարան ենք գնում: Նախաճաշին նրանք էլ շատ են, մեզ նմանՙ լարված, սպասողական: Երեւի նաեւ նույն կերակուրներն ու սուրճն ենք նախընտրում, որ հետո ուղեղին սակայն տարբեր բաղադրություն է հրամցնում: Սարգիս Շահինյանը, որ համարյա ավարտել է նախաճաշն, ասում էՙ ես նրանցից 5 րոպե շուտ այստեղ էի: Ինչպես ամեն տեղ, ամեն ինչում մենք առաջինն ենք: Հյուրանոցի մուտքի առջեւ տաքսիի ենք սպասում: Ամալ Քլունին զրուցում է երեկվանից ինձ ծանոթ դեմքերիՙ իրեն ուղեկցողների հետ: «Առիթը բաց չի կարելի թողնել», մտածում եմ ու ներկայանում: Ի զարմանս ինձ, բարեհամբույր, շատ պատրաստակամ ասում է, թե դեռ երեկվանից է նկատել է, որ ձայնագրիչով եմ: «Տիկին Քլունի, հիմա կպատասխանե՞ք իմ հարցին», ասում եմ, համոզված, որ չի մերժելու: «Ոչ», նրա փոխարեն պատասխանում է ՀՀ պատվիրակության անդամներներից մեկը: Իսկ Քլունին մեղավոր ժպիտով ինձ է նայում: Ես հասկանում եմՙ նրան այդպես են ասելՙ «հարցազրույց միայն դատավարությունից հետո», բայց չեմ հասկանում, թե ինչպես դատավարությունից հետո էլ իմ մեծ ցանկությունն իրականություն չի դառնում: Գործընկերներիս հանդեպ միշտ հարգանքով եմ ու առանց անձնավորելու, այդուհանդերձ երբեք չեմ հասկանում, թե տվյալ պարագայում ինչո՞ւ են առանձնաշնորհյալ դառնում հեռուստալրագրողները, երբ նրանց առիթ է տրվում հաճախ նույն հարցն ուղղելու. սա տեսանք իհարկե հաջորդ օրերին հեռուստատեսությամբ, դրանց մեջ իմ հարցերն ու դրանց պատասխաններն անշուշտ չկային: Ափսոս: Քաղաքի կենտրոնից բավական հեռու է ՄԻԵԴ-ի ապակեպատ շենքը: Ուրեմն թափանցիկ դատավարության կողմնակիցներին ոչինչ չի խանգարում տեսնել, թե դիմացի մայթին թուրքական դրոշների թիվը րոպե առ րոպե ինչպես է ստվարանում, ինչ գոռում-գոչյուն են դրել առավոտ կանուխ: Մինչ մեզ հանգամանալից ստուգում են, հարցնում եմ ոստիկանինՙ այսպիսի բազմություն հաճա՞խ է հավաքվում: «Ես մեկ-երկու անգամ եմ տեսել, այսքան շատ չեն էլ եղել», ասում է: Մեծ դահլիճում, որտեղ 9:15-ին սկսվելու է դատալսումը, արդեն շատ մարդ է հավաքվել: Մեծ մասը թուրք ենՙ հեռուստատեսությունից մեզ հայտնի դեմքեր, պաշտոնյաներ: Նրանց շուրջ իրենց հեռուստատեսությունների օպերատորներն ու լրագրողներն են պտտվում, կանգնեցնում, խոսեցնում: Այս մեկը Դենիս Բայքալն է, իրավաբանական կրթությունը ԱՄՆ-ումՙ Բերկլի, Կոլումբիա համալսարաններում ստացած քաղաքական գործիչը, որը 90-ականներին հարցազրույց էր տվել մեր թերթինՙ չթաքցնելով իր սովորական դեմքը, այստեղ ներկայանում է բոլորովին ուրիշ կնճիռներովՙ բերանի շուրջ դրանք հետ են մղվումՙ ժպտուն դառնալով օպերատորի մոտենալուն պես, իսկ աչքերը... դրանց արտահայտությունը չի փոխվում: Նույնն էլ Էգեմեն Բաղիշըՙ Թուրքիայի առաջին Եվրոնախարարը, Հայոց ցեղասպանության մոլի ժխտողներից մեկը: Ժպտում էՙ երեւի հույս է տալիս իր ակնդիրներին, թե Եվրոպան իհարկե ազատ խոսքի իրավունքն է պաշտպանելու: 2012-ի հունվարին Բաղեշը Դավոսում, ինչպես նաեւ Ցյուրիխում Ակսուի համերգի ժամանակ հրապարակավ ժխտել էր Հայոց ցեղասպանությունը, ինչը տեղ էր գտել թուրքական մամուլում: Առատ փաստական նյութը Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը տրամադրել էր Ցյուրիխի կանտոնի դատախազությանը, որն էլ ռասիստական հիմքով ընթացք էր տվել գործին: Դեռ այն ժամանակ Բաղիշի «արդարացումները» տեղ գտան «Վելթ-օնլայն»-ումՙ «Գերմանացիները թող բացեն իրենց արխիվները, պատմաբաններին հնարավորություն ընձեռեն արժեւորելու եղածը»: Անկարայում Շվեյցարիայի դեսպանին էլ կանչել էին Թուրքիայի արտգործնախարարություն:Հիմա էլ ճնշումն առկա է, դատարանի դահլիճում, հանդիպակաց մայթին, Եվրոպայումՙ իրենց քանակական ներկայությամբ, որ վերջին շրջանում դառնում է նաեւ կուսակցական ակտիվի հումք նույնիսկ այնպիսի «ընտանիքի» համար, որի քրիստոնյա-դեմոկրատական բաղադրիչներից երկուսն էլ, ըստ էության, նրանց խորթ պիտի լինեին: Ինչպե՞ ս ենք ապրելու ուրացման ժառանգական հիվանդությունը չթաքցնող այս ժպիտների մեջ, եթե դատարանը վճռի, թե Շվեյցարիան ճիշտ չի հասկացել, թե ինչ է... բարոյականությունը: Դեռ ժամը 9 չկա: Փնտրում եմ Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպան երկու կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց արժեր շնորհակալություն ասելՙ նրանք այս դատավարության մեջ շատ լուրջ խաղաքարտ ենՙ իրենց գրավոր հիմնավորման մեջ ոչ միայն ճանաչում են կատարվածը որպես ցեղասպանություն, այլեւ ընդգծել ենՙ Հայոց ցեղասպանության ժխտողականությունը համապատասխանում է ատելության հրահրման: Նրանք չկան: ՄԻԵԴ-ում կարծիքի ազատության ջատագով ներկայացող Թուրքիայում, ասում են, ընդհատակ են անցել: Մինչ դատական նիստը Փերինչեքին այդուհանդերձ իմ հարցերը տվեցի: Մեր հարցազրույցին ոչ ոք բարեբախտաբար հատու շեշտով «ոչ» չասաց: (Հարցազրույցը տպագրվել է «Ազգի» հունվարի 30-ի համարում - Խմբ. ): «Ես «Այդինլիք»-ի թղթակիցն եմ», շտապ քայլերով ինձ մոտեցավ մի երիտասարդ տիկինՙ պարզելու, թե ես որտեղից եմ, ո՛ր լրատվամիջոցն եմ ներկայացնում: Առաջին անգամ մասնագիտական իմ պատասխանին աղ կամ պղպեղ ցանելու տեղ սուտ լցրեցիՙ ես կիպրոսցի լրագրող եմ, գերմանական լրատվամիջոցի համար եմ աշխատում, ասացի, որ պրծնեմ ժխտողի կպչուն ժապավենից: «Այդինլիքը» Փերինչեքի վերահիմնադրած օրաթերթն է, ժխտողականության այս երախը տպագրվում է 60 000 օրինակովՙ ամեն օր տպագիր կաղապարի մեջ մատուցելով նաեւ Փերինչեքի տիկնոջ, որդու գաղափարները: Օպերատորները, ֆոտոթղթակիցները սլանում են դեպի սրահի միջնամաս: Մինչ երրորդ կողմ ներկայացնող Հայաստանի պատվիրակները շտապում են կենտրոնում իրենց նախատեսված տեղերը զբաղեցնել, Ամալ Քլունին, աստղային «ծիսակարգին» հավատարիմ, զուսպ ժպիտ է նվիրումՙ իր շուրջ պտտվող լուսանկարիչներինՙ արդարության պաշտպանի սեւ թիկնոցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ թանաքագույն անմոռուկը չթաքցնելով: Վաղվա ընթերցողին հենց նրա՛ լուսանկարն է ստիպելու կարդալ մեր 100-ամյա պայքարի այս հանգրվանի մասին: 9.15 է: Զանգի ղողանջը ոտքի է հանում դատարանի դահլիճը: Կիսակլոր սեղանի առջեւ մեջտեղում իր տեղն է զբաղեցնում նախագահ Դիին Շփիլմանը (Լյուքսեմբուրգ, Dean Spielmann), այնուհետ աջ ու ահյակՙ մյուս 17 դատավորները, ընթերականերըՙ Յոզեփ Կասադեվալը (Անդորրա, Josep Casadevall ), Մարկ Վիլլիգերը (Լիխթենշթեյն, Mark Villiger), Իզաբելլե Բերրոն (Մոնակո, Isabelle Berro), Իզիլ Կարակաշը (Թուրքիա, Isil Karakas), Յան Սիկուտան (Սլովակիա, Jan Sikuta), Փեիվի Հիրվելան (Ֆինլանդիա, Paeivi Hirvelae) Միրյանա Լազարովա Տրայկովսկան (նախկին Հարավսլավիայի հանրապետություն Մակեդոնիա, Mirjana Lazarova Trajkovska), Վինսենթ Ա. դե Գաետանոն (Մալթա, Vincent A. deGaetano) , Անգելիկա Նուսբերգերը (Գերմանիա, Angelika Nussberger ), Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը (Հունաստան, Linos-Alexandre Sicilianos), Հելլեն Քելլերը (Շվեյցարիա, Helen Keller), Անդրե Պոտոկին (Ֆրանսիա, Andre Potocki), Հելենա Յեդերբլոմը (Շվեդիա, Helena Jaederblom), Ալես Պեջչալը (Չեխիա, Ales Pejchal ), Ֆարիս Վեհաբովիչը (Բոսնիա-Հերցեգովինա, Faris Vehabovic), էջիդիյուս Կյուրիսը (Լիտվա, Egidijus Kueris), Յոհաննես Սիլվիսը (Նիդեռլանդներ, Johannes Silvis), Յուլիա Անտոանելլա Մոտոքը (Ռումինիա, Julia Antoanella Motoc), Լեդի Բիանկուն (Ալբանիա, Ledi Bianku), դատական նիստն արձանագրում էր Էրիկ Ֆրիբերգը (Erik Fribergh): Դատավորների առջեւ աջ կողմում հայցվոր Փերինչեքն էր, իր փաստաբաններովՙ Մեհմեդ Չենգիզը, պրոֆ. Քրիստիան Լաուրենթ Փեյհը (Cristian Laurent Pech): Ձախ կողմումՙ Շվեյցարիայի կառավարության ներկայացուցիչներն էինՙ Ֆրանկ Շյուրմաննը (Frank Schuermann), փաստաբան Դանիել Թյուրերը (Daniel Thuerer) , խորհրդականներ Յուրգ Լինդենմանը (Juerg Lindenmann), Ադրիան Շայդեգգերը (Adrian Scheidegger), Կորդելիա Էհրիհը (Cordelia Ehrich): Դահլիճի կենտրոնական մասում տեղավորվեցին երրորդ կողմ Թուրքիայի եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները: Թուրքիան ներկայացնում էին Էրդողան Իշքանը (Erdogan Iscan), փաստաբան Ստեֆան Թելմոնը (Stefan Talmon), խորհրդականներ Ահմեդ Մյունճի էոզմենը (Ahmet Munci Oezmen), Հալիմե Էբրու Դեմիրքանը (Halime Ebru Demircan), Մելիքե Յիլմազը (Melike Yilmaz): Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը (նրա հետ հարցազրույցը տե՛ս «Ազգի» հունվարի 30-ի համարում- Խմբ.), փաստաբաններն էին Ջեֆրի Ռոբերտսոնը, Ամալ Քլունին, խորհրդականներ Արման Թաթոյանի, Էմիլ Բաբայանի, Թոբի Քոլլիզի (Tobi Collis) մասնակցությամբ: Ստրասբուրգ (շարունակելի) |