ԾԱՆՈԹԱՑԵՔ. ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍ ԿՐՏՍԵՐ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Այս վերնագիրը ամերիկյան «Ծանոթացեք. Ջո Բլեք» ֆիլմի վերնագրից տարբերվում է միայն երկու բանով. նախ դեռեւս անծանոթի անունով, ապա եւ այն հանգամանքով, որ ֆիլմում Ջո Բլեքը պարզվում է ինքը մահն է, որ այցի է եկել գլխավոր հերոսին, իսկ հոդվածում Ռիչարդ Միլս կրտսերը ԱՄՆ Սենատի կողմից հաստատված եւ արդեն երդում տված Հայաստանում ամերիկյան նոր դեսպանն է: Իր Twitter-յան միկրոբլոգում, շնորհավորելով Միլսին, ինչպես նաեւ Ֆրանցիս Սիքյութային (Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանը), ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է, որ նրանք երկուսն էլ մասնագետ դիվանագետներ են եւ, ամենակարեւորը` «մեր լավագույններից են»: Ռիչարդ Միլս կրտսերը դիվանագիտական ծառայության է անցել 1988-ից, աշխատանքի անցնելով Փարիզում ամերիկյան դեսպանատանը: Այնուհետեւ Դուբլինում (Իռլանդիա) ամերիկյան դեսպանատանը, ապա ՄԱԿ-ում ամերիկյան ներկայացուցչությունում, հետո Պակիստանում, Սաուդյան Արաբիայում: Նա եղել է նաեւ Պետքարտուղարության` Խորհրային երկրների վարչությունում, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ղեկավարել կոնկրետ Հայաստանի եւ Ադրբեջանի ենթաբաժինը: ՀՀ-ում դեսպան նշանակվելուց առաջ Միլսը եղել է Լիբանանում ամերիկյան դեսպանի տեղակալը: Ինչ վերաբերում է Ֆրանցիս Սիքյութային, ապա վերջինս Ջորջթաունի համալսարանն ավարտելուց հետո դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել նախ` Ճապոնիայի, ապա Գերմանիայի ամերիկյան դեսպանատներում, իսկ Բաքու է ժամանում թողնելով պետքարտուղարի` էներգետիկ հարցերով խորհրդականի պաշտոնը: Եթե մեկ նախադասությամբ ասենք, ապա Բաքվում ամերիկացի նոր դեսպանը լավագույններից մեկն է` էներգետիկ հարցերում (հակառակ պարագայում պետքարտուղարի խորհրդական չէր լինի), իսկ Երեւանում ամերիկացի դեսպանը լավագույններից մեկն է, ով ճանաչում է հետխորհրդային երկրները, կոնկրետ` Հայաստանն ու Ադրբեջանը, բացի այդ` Միլսն անհամեմատ ավելի փորձառու դիվանագետ է, հենց դիվանագետ: Երեւան ժամանելուց առաջ, Վաշինգտոնում, Միլս կրտսերը երդվել է` ծառայել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Ապա նա հանդես է եկել հայ ժողովրդին ուղղված տեսաուղերձով, որտեղ շատ բառեր եւ նախադասություններ ասել է հայերեն: Ուղերձում դեսպան Միլսը մասնավորաբար ասել է, որ ինքը, իսկ սա նշանակում է` ԱՄՆ-ը, նպաստելու է «հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի տնտեսության ազատականացմանը, երկրում ժողովրդավարացման ամրապնդմանը, օրենքի գերակայության հաստատմանը», եւ այլն: Սկզբից սկսենք. Միլսը հենց այդպես էլ ձեւակերպել է իր կոնկրետ անելիքը` «նպաստելու եմ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»: Օրինակ ամերիկյան դեսպանը չի ասել, թե ինքը նպաստելու է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ինչն իր հերթին կկարգավորի հայ-ադրբեջանական հարաբերությունները, այն պարագայում, երբ ձեւակերպումները անչափ կարեւոր են դիվանագիտության մեջ, եւ, որպես ամերիկյան դիվանագիտական կորպուսի լավագույններից մեկը, Միլս կրտսերը հաստատ այդ մասին գիտի: Ենթադրում ենք, որ հետեւաբար ԱՄՆ-ը ի դեմս դեսպան Միլսի այսուհետ ավելի շատ նպաստելու է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, առանց ուշադրություն դարձնելու կոնկրետ ԼՂ հակամարտության լուծման վրա, տրամաբանում ենք` շրջանցելով այն, հատկապես համագործակցելով էներգետիկ հարցերի մեծ մասնագետ` Բաքվում ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ: Հաջորդը, Միլս կրտսերը իր իսկ խոսքերով նպաստելու է Հայաստանի տնտեսության ազատականացմանը, ժողովրդավարության ամրապնդմանը եւ օրենքի գերակայության հաստատմանը... Հարց է առաջանում, որպես ի՞նչ է Երեւան գալիս Ռիչարդ Միլսը, որպես ամերիկյան դեսպա՞ն, թե՞ որպես ՀՀ կառավարության նոր ներկայացուցիչ: Հայաստանում տնտեսության ազատականացումը, ժողովրդավարության ամրապնդումը (շնորհակալություն Միլսին, որ այս պարագայում չի օգտագործել հաստատում բառը), եւ օրենքի գերակայության հաստատումը ամերիկյան դեսպանի գործառույթնե՞րն են, այդ երբվանի՞ց... Մի խոսքով` Հայաստան է գալիս Ռիչարդ Միլս կրտսերը, նա ամերիկյան դիվանագիտական կորպուսի լավագույններից մեկն է եւ դեռ մեծ հարց է,թե որեւէ երկրում գերտերության լավագույն դիվանագետներից մեկի որպես դեսպան նշանակումը` ավելի շատ լա՞վ է նստավայր երկրի համար, թե՞ հակառակը: Բոլոր պարագաներում մենք արդեն որոշակիորեն ծանոթացանք Ռիչարդ Միլսի հետ, որը, հիշեցնենք, ամերիկյան ֆիլմի Ջո Բլեքից տարբերվում է ամենակարեւորը նրանով, որ Բլեքը, ինչպես ֆիլմում է պարզվում, մահն էր: Ի դեպ, նայեք այդ ֆիլմը` թեկուզ համոզվելու երկու ճշմարտության մեջ. նախ որ խաղաղ ջրերում էլ սատանաներ են լինում, հետո, որ սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա մասին խոսում են: |