«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ: ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» Հ. Ծ. Այս խորագրի ներքո միջազգային գիտաժողով է նախատեսվում անցկացնել Ստամբուլի Բիլգի համալսարանում ապրիլի 26-ին, մասնակցությամբ համաշխարհային ճանաչման արժանացած ցեղասպանագետների: Կազմակերպիչներն են «ԴյուրԴե» մարդու իրավունքների թուրքական կազմակերպությունը, «Պրոջեկտ 2015» ուխտագնացության ամերիկահայկական կազմակերպությունը, «Թարիհ Վաքֆի» պատմության հիմնադրամ-հաստատությունը Թուրքիայում, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի հայոց արդի պատմության ամբիոնը եւ Ստամբուլի Բիլգի համալսարանը: Գիտաժողովը մաս է կազմում Եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ ձեռնարկված մեկշաբաթյա հիշատակի միջոցառումների: Մասնակից գիտնականների թվում են լինելու, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, Նորման Նայմարկը, Չեյ Ուինտերը, Դիրք Մոզեսը, Մյուգե Գյոչեկը, Քաթի Կարմայքլը, Քիթ Ուաթենպոն, Ուգյուր Ումիտ Ունգյորը եւ Մեհմետ Պոլատելը: Քննարկվելու են մասնավորապես Ցեղասպանություն հասկացության, նախապատրաստման, պատմագրության մեջ նրա տեղի եւ մարդկանց հիշողության մեջ նրա դրոշմվելու հարցերը: «Մոռացության հարյուրամյակը» Թաֆթս համալսարանում Մեդֆորդի (Մասաչուսեթս) Թաֆթս համալսարանը, հայոց պատմության Տարաքչյան-Ջաֆարյան ամբիոնը, պատմության ֆակուլտետը, նույն համալսարանի հայկական ակումբը եւ հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերությունը (NAASR) Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ հովանավորել են հիշողության մի միջոցառում, որը տեղի է ունենալու համալսարանի «Գոդար» մատուռում, ապրիլի 15-ին: Դրան հետեւելու է ընդունելություն մոտակա «Բալու» դահլիճում: Միջոցառմանը «Մոռացության հարյուրամյակը: Ժամանակն է լսելու զոհերի ձայները» խորագրով դասախոսությամբ հանդես է գալու Փարիզի Գիտական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի (CNRS) կովկասյան բաժնի տնօրենՙ դոկտ. Կլեր Մուրադյանը: Նա ներկայացնելու է 1915-19 թվերին վերապրածների կողմից Մ. Նահանգներում ապրող իրենց ազգականներին ուղարկված անձնական նամակների մի փունջ, առաջին անգամ լայն հասարակությանը լսելի դարձնելով այդ ականատեսների վկայությունները: Դոկտ. Մուրադյանը բազմաթիվ հոդվածների եւ գրքերի հեղինակ է, կազմակերպել է ցուցահանդեսներ, սեմինարներ եւ գիտաժողովներ, ինչպես նաեւ դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք համալսարաններում: Նա նաեւ Ֆրանսիայի նախագահի պաշտոնական թարգմանչուհին է լինելու Հայաստան կատարած նրա այցելությունների ժամանակ: |