«ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿՈՐՉԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ Հ. Ծ. Առաջիկա մայիսի 7-ից 9-ը Վաշինգտոնի «Մարիոթ» հյուրանոցում գործելու է «Նրանք չեն կորչելու: Նիըր Իսթ Ռիլիֆի պատմությունը» խորագրով աննախադեպ մի ցուցահանդես, որն ըստ միջազգային ճանաչման արժանացած լրագրողուհի Ֆլորենս Ավագյանի «դիտարժան պարտադիր միջոցառումներից» մեկն է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի այս տարում: Լուսանկարների շրջիկ ցուցահանդեսը, որն արդեն ցուցադրվել է Լոս Անջելեսում եւ Բոստոնում, այցելուների առջեւ դեռեւս առաջին անգամ բացահայտում է մարդասիրական այն հսկայական աշխատանքը, որը Մերձավորարեւելյան օժանդակության այդ կազմակերպությունը 1915 թվի հուլիսի 16-ից սկսած մինչեւ Առաջին համաշխարհայինի ավարտը եւ դրանից հետո ցուցաբերել է ավելի քան մեկ միլիոն վերապրածներիՙ հիմնականում որբերի հանդեպ, որոնց 80 տոկոսը հայեր են եղել, մյուսներըՙ հույներ, ասորիներ եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: «Մարդասիրական օգնության միջոցառումները սկիզբ առան, երբ Կոնստանդնուպոլսում Ամերիկայի դեսպանը պետքարտուղարությանը ուղարկեց մի հեռագիր, որով հայտնում էր, որ տարագրություններն ու ծայրահեղական անկարգությունները խաղաղ հայերի դեմ գնալով ավելի ահավոր բնույթ են կրում եւ ականատեսների ցավալի բնութագրմամբ մի ամբողջ ազգի բնաջնջման արշավ է սկիզբ արելՙ ապստամբությունը ճնշելու քողի տակ», նշել է այս առթիվ այժմ արդեն «Նիըր Իսթ հիմնադրամ» վերանվանված վարչության նախագահ Շանթ Մարտիրոսյանը: Վերոնշյալ հեռագրին հետեւել է Մորգենթաունի հաջորդ հեռագիրը, որ «բնաջնջումը շատ արագ զարգանում է», որի հետեւանքում արդյունաբերողներից եւ մարդասերներից կազմված մի հանձնախումբ է ստեղծվել, որը նպատակ է դրել 100 հազար դոլար հավաքել որպես սկիզբ: Ռոքֆելըր հաստատությունը անմիջապես տրամադրել է գումարի կեսը: «Դա քաղաքացիական մարդասիրության ծնունդ էր, որն այսօրվա հաշվարկներով, 2 միլիարդ դոլարի չափով գումար կարողացավ հանգանակել եւ փրկել առնվազն մեկ միլիոն մարդու կյանք, որոնցից 132 հազարը որբ երեխաներ էին, որոնք սնունդ, կրթություն եւ հետագայում աշխատանք ստացան», եզրակացնում է լրագրողը: |