RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29 > #021, 2015-06-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 22-05-2015



ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղադրվել է` 2015-05-21 23:12:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1338, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՄՏԱՀՈԳԻՉ ՓԱՍՏԵՐ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԵՎ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ

Թանկագին հայրենակիցներ,

2015 թ. ապրիլին` Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի օրերին, աշխարհասփյուռ հայությունը մեկ կարեւոր հաստատում կատարեց. անցյալում թողնելով արտասուքն ու սուգը` հայը հանձին իրեն տեսավ որպես հառնող, բռունցքվող, պայքարող, հայրենատեր ու պահանջատեր ազգ: Հառնումի ու վերածննդի խորախորհուրդ ապրիլին, ավելին` հենց 24-ին, հայրենի Ջավախքի Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) քաղաքի Վ. Հովսեփյան փողոցի թիվ 35 տանը, Մերուժան Քաջոյանի երիտասարդ ընտանիքում լույս աշխարհ եկան երկվորյակ դուստրեր` Վերոնիկա եւ Վիկտորյա Քաջոյանները: Սեփական հայրենիքին ու ազգին առավել մեծ պարգեւ, քան զավակ ունենալն է, անհնար է պատկերացնել: Իսկ երբ այդ զավակները լույս աշխարհ են գալիս ողջ ազգի համար վերընձյուղվելու խորհրդանիշ դարձած ապրիլի 24-ին, ապա հաստատորեն կարող ենք շեշտել, որ Վերոնիկան եւ Վիկտորյան իրենք դարձել են հայության ապրելու եւ հարատեւման առհավատչյան:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամն իր կազմավորման առաջին իսկ օրերից` 2014 թ. սկզբից, հաստատել եւ իրականացնում է «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» խոշորածավալ ծրագիրը, որով մինչ օրս աջակցություն ստանալու հայտ են ներկայացրել Ջավախքի բոլոր շրջաններից շուրջ 230 բազմազավակ ընտանիքներ: Աջակցության հայտ ներկայացրած ընտանիքների շարքում է նաեւ Մերուժան Քաջոյանի ընտանիքը (եկվորյակ դուստրերի լույս աշխարհ գալով Քաջոյանների ընտանիքում երեխաների թիվը դարձավ 3), որին տրամադրվելիք պարգեւավճարի չափը կազմում է 1.000,0 լարի (ներկա փոխարժեքով` մոտ 500 $):

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ օրերս հրապարակված Վրաստանի պաշտոնական վիճակագրական մարմինների տվյալները ողջ երկրի հայության եւ հատկապես ջավախահայության մասով ներկայացնում են խիստ տխուր պատկեր, համաձայն որի` ջավախահայության թիվը վերջին 13 տարիների համեմատ նվազել է շուրջ 30 %-ով, շուրջ 2-3 անգամ ընկել է նաեւ ծնելիության գործակիցը` երբեմնի 36-ի փոխարեն դառնալով 13-15 (տարեկան 1.000 մարդու հաշվարկով): Արդյունքում, օրինակ, Ախալքալաքի շրջանի հայության թիվը նվազել էՙ հասնելով մինչեւ 44,9 հազ. մարդու (նախկին 63.092 մարդու փոխարեն (1989 թ.)), Նինոծմինդայինըՙ 24,5 հազ. մարդու (նախկին 34.000 մարդու փոխարեն (1989 թ.)): Նվազել է նաեւ ջավախահայության տեսակարար կշիռը, եւ եթե նախկինում հայերը կազմում էին Սամցխե-Ջավախք նահանգի եւ Ծալկայի շրջանի ընդհանուր ազգաբնակչության 65-70%-ը, ապա նոր ցուցանիշներով այն չի հատում 50%-ի սահմանագիծը:

Ելնելով այս հանգամանքից` օրվա հրամայական է դառնում ջավախահայության ծնելիության խթանմանն ուղղված ծրագրերը, որոնցից մեկը արդեն ներկայացրինք վերեւում: Ապրիլի 24-ին լույս աշխարհ եկած Վերոնիկան եւ Վիկտորյան մատնանշում են հայկական շարունակականությունը Երկիր մոլորակի վրա:

Յուրաքանչյուր շահառուին հատկացվելիք աջակցության դրամական չափը, կախված երեխաների թվից, կազմում է 500-700 $:

Պարգեւավճարի տեսքով տվյալ ընտանիքին հանձնված յուրաքանչյուր անհատի նվիրատվություն զետեղվում է կայքում, իսկ համապատասխան ֆինանսական հաշվետվությունը ներկայացվում է նվիրատուին:

Նվիրատվությունը հնարավոր է իրականացնել ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցումով, սեղմելով այստեղ:

Աջակցե՛նք Հայրենի Ջավախքի բազմազավակ ընտանիքներին, դառնա՛նք մասնակիցը աստվածահաճո այս գործի` գիտակցելով, որ Ջավախքում ծնված յուրաքանչյուր զավակ ինքնին հանդիսանում է Ջավախքի եւ ընդհանրապես հայության հարատեւման խորհրդանիշը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 22-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ