RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 23:39:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1639, Տպվել է` 22, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՆԱԾԱՌՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՇՐՋՎԻ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Գյումրու կենտրոնական հրապարակում դեկտեմբերի 20-ի երեկոյան հանդիսավոր վառվեցին քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Գագաթի աստղի հետ միասին մոտ 27 մետր բարձրություն ունեցող այս տարվա տոնածառը նախորդից երեք մետրով բարձր է եւ մանավանդՙ առավել ամուր է ու անվտանգ:

Նախորդ տարվա տոնածառը հունվարի 8-ին, չդիմանալով սաստիկ քամու ճնշմանը, կոտրվեց ու շրջվեց, ու թեեւ տուժածներ բարեբախտաբար չեղան, այնքան շատ բան տեսած գյումրեցիներից ոմանք դրա մեջ չարագուշակ նախանշան տեսան: Չորս օր անց տեղի ունեցավ քաղաքի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի բոլոր 7 անդամների ահավոր սպանդըՙ հաջորդած ու դեռ չավարտված քննչա-դատավարական նվաստացուցիչ, վրդովեցուցիչ անհասկանալիություններով... Քաղաքի վրա ծանր նստած այս մղձավանջի հանդիման ուզում ես ասելՙ թող տարին գնա, խաթեն էլ հետը:

Գյումրու այս տարվա տոնական գեղեցկուհու տեղադրումն իրականացրել է հատուկ արտոնագրված ընկերությունը, որը նաեւ պատասխանատվություն է ստանձնել գլխավոր տոնածառի անվտանգության համար: Այդ նպատակով վերջինս երեք կողմերից ամրացվել է գետնին տեղադրված, քամուց պաշտպանող ու հավասարակշռող բետոնե ծանրություններով, որոնք քողարկվել են երեք այլ, փոքր տոնածառերով:

Հավատանք քաղաքապետարանի պատասխանատուներին ու հուսանք, որ գալիք տարում ու դրանից հետո էլ հայրաքաղաքի տոնածառն այլեւս երբեք շուռ չի գա:

Ոչ ուղիղ, ոչ էլ փոխաբերական իմաստով:

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ամանորի խորհրդանիշի լույսերը վառելու արարողությունից հետո բոլորին ուրախ տրամադրություն մաղթեց ու հրավիրեց դեկտեմբերի 31-ին կրկին հավաքվել կենտրոնական հրապարակումՙ Նոր տարին միասին դիմավորելու: Զրուցելով լրագրողների հետ, նա հույս հայտնեց, որ 2016 թվականը Գյումրու համար ուրախ տարի կլինի: «Քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխվել է, բայց շատ խնդիրներ դեռ կան: Այնուամենայնիվ ամեն ինչ հաղթահարելի է»,- նշեց Գյումրու քաղաքապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ