ՋԻՀԱԴՅՈՒԳԵՆԴ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ԻՊ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ԽԱԼԻՖԱԹԻ ԿՈՐՅՈՒՆՆԵՐ» Պ. Ք. «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը հոգում է ջիհադիստների ապագա սերունդների կրթական ծրագրերի ստեղծման մասին: Բրիտանական «Գարդիան» թերթի տրամադրության տակ հայտնված 24 էջանոց մի փաստաթուղթ շարադրում է ԻՊ զարգացմանը վերաբերող ծրագրերը: Դրանցում կարեւոր տեղ է հատկացվում ճամբարներին, որտեղ տղեկներին եւ պատանիներին դարձնում են կրոնական մոլեռանդներ կամ այսպես կոչված «խալիֆաթի կորյուններ»: Գաղափարախոսական պատրաստություն անցած անչափահասները մասնակցում են «անհավատների» մահապատիժներին եւ դառնում են ահաբեկչություն իրականացնողներ: Սառնասրտորեն եւ անգթորեն «Գարդիանը» եւ Ասոշիեյթեդ պրես գործակալությունը որոշ մեջբերումներ են արել վերոհիշյալ փաստաթղթից: «Բռնում ես գլուխը, հետ թեքում եւ կտրում ես կոկորդը». ԻՊ գրոհայինները Farouk Institute for Cubs ճամբարում 5-ից մինչեւ 16 տարեկան տասնյակ երեխաների այսպես էին սովորեցնում գլխատել գերիներին: 14-ամյա Ռագհաբ Ահմեդի խոսքերով, սկզբում երեխաները «մարզվում» են մանեքենների կամ խաղալիքների վրա: «Նրանք ինձ ցույց տվեցին, թե ինչպես պետք է բռնել դանակը եւ հարված հասցնել: Նրանք ասում էին, որ դրանք մուրթադների (ուրացողների) եւ գյավուրների գլուխներ են», պատմել է այդ դեռահասը, որին ինչ-որ ձեւով հաջողվել էր փախչել ջիհադիստների ճամբարից: «ԻՊ-ն բանակ է ստեղծում երեխաներից, եւ Արեւմուտքը ապագայում ստիպված կլինի երկար տարիներ կռվել նրանց դեմ», գրում է Foreign Policy հանդեսը: Համացանցում հետզհետե բազմանում են զինվորական համազգեստ հագած եւ զինված երեխաների տեսահոլովակները: Նրանք երթաքայլում են, վանկարկում ԻՊ կարգախոսներ, սողում փշալարերի տակով, ներկա են գտնվում մահապատիժների եւ անձամբ մասնակցում են հաշվեհարդարներին: Այսպես, տեսահոլովակներից մեկում 12-13 տարեկան 25 անչափահասներ Պալմիրայի ամֆիթատրոնում թիկունքից գնդակահարում են 25 ռազմագերիների: Մահապատիժը դիտում են տասնյակ հանդիսականներ, ըստ որումՙ փոքր երեխաների հետ: Մեկ ուրիշ տեսահոլովակում տղաները ֆուտբոլ են խաղում կտրված գլուխներով եւ ծիծաղելով վազվզում են փողոցներում, որտեղ ընկած են մահապատժի ենթարկված մարդկանց այլանդակված դիակներ: Մեկ այլ տեսահոլովակ պատկերում է դաժան հաշվեհարդար Հոմսի նահանգում սիրիական բանակի մի սպայի նկատմամբ: Տասնամյա երեխան փոքր դանակով սառնասրտորեն գլխատում է կապկապված եւ փորի վրա պառկած զինծառայողին: «Խալիֆաթի կորյուններ» ԻՊ ճամբարներում վարժեցված 16 տարեկանից փոքր գրոհայիններին անվանում են «խալիֆաթի կորյուններ»: Մարտերի ժամանակ նրանք այնքան էլ պիտանի չեն, քանի որ անփորձ են: Եթե նրանց օգտագործում են, ապաՙ միայն որպես կենդանի վահան: Դեռահաս ջիհադիստներին հանձնարարում են հիմնականում գերիների եւ առհասարակ «իսլամի թշնամիների» մահապատիժների իրականացում, ինչպես նաեւ ինքնապայթեցումները. զինվորականների կասկածը չհարուցելով նրանք կարող են անցնել ամեն մի պահակակետի մոտով: Բացի դրանից, «կորյունները» արյուն են տալիս վիրավոր ծայրահեղականների համար, պարեկություն են անում փողոցներում: Հաճախ նրանց վճարում են ԻՊ համար անվստահելի անձանց, ներառյալ հարազատնրին եւ ծանոթներին մատնելու դիմաց: Այդ վարժաճամբարների քանակը, դրանցով անցած կամ այժմ այնտեղ գտնվող երեխաների թիվը հայտնի չեն: Իրենքՙ գրոհայինները ասում են, թե նման «ուսումնական հաստատությունները» մի քանի հարյուր հատ են: Դրանցից առնվազն հինգը Ռաքքայի նահանգում է: Յուրաքանչյուրում հարյուրավոր անչափահասներ կան: Գրոհայինները որոշ երեխաների ճամբար են տանում բռնի ուժով, մյուսներին հրապուրելու համար գոյություն ունի լավ մշակված համակարգ: Հավաքագրումը սկսվում է մզկիթների մոտ կամ ուղղակի փողոցում: Ջիհադիստներին ենթակա տարածքներում գործում են այսպես կոչված «լուսավորման լրատվական կետեր», որտեղ ծայրահեղականները երեխաներին ցուցադրում են քարոզչական տեսահոլովակներ, հրամցնում են թխվածքաբլիթ, կոնֆետներ, գազավորված ըմպելիքներ, բաժանում են բուկլետներ եւ ձայնասկավառակներ: Քանի որ դպրոցների մեծ մասը փակ է, անգործ տղաները հաճույքով միանում են գրոհայիններին: Դրա համար հաճախ վճարում են ծնողներին: Ապագա ջիհադիստի օրվա ռեժիմը «Խալիֆաթի կորյուններին» ըստ տարիքի տեղաբաշխում են տարբեր ճամբարներում: Մինչեւ 15 տարեկանը հիմնական շեշտը դրվում է շարիաթի դպրոց-ճամբարներում իրականացվող իսլամական քարոզչության վրա, դրանից հետոՙ ֆիզիկական վարժությունների եւ մարտական պատրաստության կենտրոններում զենքին տիրապետելու վրա: Ուսուցումը տեւում է մոտ մեկ ամիս: Դրանից հետո երեխաներին անհապաղ ուղարկում են կռվելու: Ճամբարներում պայմանները սպարտական են: Ժամը չորսին վեր են կենում, որ նամազ անեն: Հետո լսում են իսլամին նվիրված դասախոսություններ, սովորում են ձեռնամարտի հնարքներ, հրազենի հետ վարվելու ձեւեր, զբաղվում են ֆիզիկական վարժություններով, վազքով, սովորում են արաբերեն, սերտում Ղուրանի հատվածներ. եւ այսպես ամեն օր 8-10 ժամ: «Նրանք ծեծում էին ինձ եւ վրայովս քայլում: Ստիպում էին անշարժ պառկել: Ասում էին, որ այդպիսով ես կդառնամ ավելի ուժեղ», պատմում է Ռահգաբ Ահմեդը: Տղաներին ստիպում են կռվել իրար հետ: «Մարզիչն ասաց, որ եթե ես չխփեմ 10-ամյա եղբորս ծնոտին, ապա ինքը կգնդակահարի ինձ: Նրանք պնդում էին, որ դա մեզ կդարձնի ավելի դաժան: Նրանք իրենք էլ էին մեզ խփում», ասում է 15-ամյա Յահուան: Բացի դրանից, երեխաների մեջ սերմանում են ծայրահեղական հայացքներ, ամեն օր ստիպելով դիտել բռնության տեսարաններ: Նրանց ցուցադրում են մահապատիժների եւ ահաբեկչությունների տեսագրություններ կամ տանում են հաշվեհարդարներ դիտելու: Ինչպես գրում է Foreign Policy-ն, «իրենց տեսածից ոգեշնչված» 8-12 տարեկան երեխաները առանձնակի հաճույքով համաձայնում են ինքնապայթեցումներ կատարել: Ծայրահեղականների ուշադրությունից չեն վրիպում նաեւ աղջնակները, որոնց հավաքագրում են դպրոցներում: Ուսուցչուհիներից մեկը բրիտանական Channel 4 հեռուստաալիքի եթերում պատմել է, որ ջիհադիստները տասնամյա աշակերտուհիներին համոզում են ինքնազոհաբերվել հանուն կրոնի: «Աղջնակներին բացատրում են, որ մահապարտ դառնալով եւ «անհավատների» սպանելովՙ իրենք ուղղակիորեն կհայտնվեն դրախտում», հայտնել է հավաքագրմամբ զբաղվող այդ կինը: Ականատեսների խոսքերով, «Իսլամական պետությանը» ենթակա սիրիական եւ իրաքյան տարածքներում ապրող երեխաները վերջերս «այնքան են վարժվել սպանություններին եւ դաժան հաշվեհարդարներին, որ ներկայումս գլխատված դիակների տեսքն անգամ նրանց բնավ չի վախեցնում»: «Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մենք կարող ենք կորցնել դեռահասների մի ամբողջ սերունդ. նրանք բոլորը հոգեբանական խեղումներ են ստացել: Եթե միջամտենք եւ փրկենք նրանց, նրանք դեռ կկարողանան վերադառնալ քիչ թե շատ բնականոն կյանքի: Իսկ եթե նրանք շարունակեն ամեն օր դիտել նման վայրագություններ, ապա հետեւանքները կարող են շատ լուրջ լինել», ասում է Save the Children («Փրկենք երեխաներին») կազմակերպության ներկայացուցչուհի Միստի Բասուելը: |