RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



Տեղադրվել է` 2015-12-24 23:39:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 1915, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՄԱՆԱԹԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄ` ՍԱ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հարեւան երկրի գործերը այնքան էլ լավ չեն: Նավթի միջազգային գների անկումը հարվածում է ադրբեջանական տնտեսության բոլոր ճյուղերին, քանի որ բոլորն էլ կապված են նավթի հետ: Դրանից ամենածանրն ու ազդեցիկը ադրբեջանական մանաթի արժեզրկումն է, որին ավելի դիպուկ բնորոշմամբ «փլուզում» տերմինը կարելի է տալ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի կողմից դեկտեմբերի 21-ին հայտարարվեց «լողացող փոխարժեքի» քաղաքականությանն անցնելու մասին, որից անմիջապես հետո, մանաթը դոլարի եւ եվրոյի նկատմամբ արժեզրկվեց մոտ 48 տոկոսով, հասնելով 1,55 մանաթի 1 դոլարի եւ 1,68 մանաթի 1 եվրոյի դիմաց: Սակայն ասել, թե մանաթի փոխարժեքը համապատասխանում է ստեղծված իրականությանը, չի կարելի:

Բանն այն է, որ այս տարվա ընթացքում սա ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից գովաբանված «կայուն» մանաթի երկրորդ ազատ անկումն է : Մեկ անգամ փետրվարին, ԿԲ-ն որոշեց «համապատասխանեցնել» մանաթի փոխարժեքը ստեղծված տնտեսական իրողություններին, որի արդյունքում ադրբեջանական արժույթը արժեզրկվեց մոտ 30 տոկոսով: Ճիշտ է, այն ժամանակ ԿԲ-ն «լողացող փոխարժեքի» մասին չէր հայտարարել, բայց Կենտրոնական բանկի նախագահի հայտարարությունն այն մասին, թե ԿԲ-ն հետեւելու է արտարժույթի առաջարկ-պահանջարկին եւ անհրաժեշտության դեպքում կարգավորելու այն, ըստ էության նշանակում է, որ դեռ որոշակի ժամանակահատված քայլեր են արվելու մանաթի ավելի մեծ արժեզրկումից խուսափելու համար` դոլարային ներարկումների միջոցով: Այն, որ դոլար-մանաթ անգամ այս` մեկ տարվա ընթացքում ավելի քան 80 տոկոս արժեզրկված փոխարժեքը չի արտացոլում իրական վիճակը, վկայում է նավթի գների հետ դրա համադրությունը: Նավթի գները նվազել են մոտ 3 անգամ, իսկ նկատի ունենալով ադրբեջանական տնտեսության, այդ թվում արժույթի կախվածությունը այդ գործոնից, կարելի է եզրակացնել, որ մանաթի գահավիժումը ամեն դեպքում շարունակվելու է , անդրադառնալով այդ երկրի տնտեսության եւ բնակչության վիճակի վրա:

Արդեն հիմա ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են այն խուճապային տրամադրությունների մասին, որ տիրում է այդ երկրում: Փակվում են խանութներ, դեղատներ, փոխանակման կետերը հրաժարվում են արտարժույթ վաճառելուց, բանկերը` վարկեր տալուց: Նույն աղբյուների վկայությամբ, մրգերն ու բանջարեղենը թանկացել են 30-50 տոկոսով, մթերային ապրանքները` 20-40 տոկոսով, իսկ ամենից շատ` էլեկտրոնիկան եւ կենցաղային իրերը, որոնց թանկացումը գերազանցում է 50 տոկոսը: Ընդ որում, շատ խանութներ դադարեցրել են վաճառքը, սպասելով գների նոր փոփոխություններին: Միջազգային վարկանիշային Fitch կազմակերպության կանխատեսմամբ` մանաթի արժեզրկումը հարվածելու է նաեւ Ադրբեջանի բանկային համակարգին:

Ասվածին մնում է ավելացնել նավթ արդյունահանող երկրների կազմակերպության` OPEC-ի ենթադրությունը (ոչ թե կանխատեսումը)` օրերս հրապարակված զեկույցում: Ըստ այդմ, նավթի իրական գինը մինչեւ 2020 թ.-ը կարող է բարձրանալ ընդամենը մինչեւ 70 դոլարի, իսկ մինչեւ 2040 թ.-ը` 95 դոլարի: Մեր հարեւան երկրի համար սա նշանակում է, որ առնվազն առաջիկա տարիներին նավթային եկամուտները միայն նվազելու են` նկատի ունենալով նաեւ նավթի առկա պաշարներն այդ երկրում, իսկ 2040-ին` այդ երկիրն արդեն նավթ արդյունահանող չի լինելու: Թե ի՞նչ կլինի ադրբեջանական տնտեսության եւ մասնավորապես մանաթի հետ մինչ այդ, երեւի այնքան էլ դժվար չէ ենթադրել: Բարեհաջող տնտեսական անկում մաղթենք մեր հարեւաններին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ