RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015



ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2015-12-24 23:39:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 2810, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՆՇՈՒՇՏ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՍՆԵԼ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԻՆ» ԱՐԺԵԹՂԹԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ

ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ֆինանսական նորարարությունն ու ֆինանսական գործարքների բազմազանությունը կարող են հիմնովին փոխել Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումը: Երեկ «Նասդաք Օէմէքս» ֆոնդային բորսայում Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ թողարկվեցին արժեթղթավորման հիմնադրամի արժեթղթեր: Այս թողարկումն ու դրա միջոցով ներդրողներին առաջարկվող արժեթղթերը Հայաստանի ֆինանսական շուկայի համար հիրավի հանդիսանում են նորարարություն: Նորարարություն են Հայաստանում, բայց ոչ զարգացած շուկաներում:

Ակտիվների արժեթղթավորումը (հոդվածում կրճատ այն կկոչենք արժեթղթավորում) որոշ պատմաբանների կարծիքով սկիզբ է առել Միացյալ Նահանգներում` 1860-ական թվականներին ու ձեւավորվել մինչեւ 1929 թվականի ֆինանսական շուկայի անկումը: Արդի արժեթղթավորումն սակայն իրապես զարգացել է կրկին Միացյալ Նահանգներում 1970 թվականից սկսած: Նշված տարում ԱՄՆ Բնակեցման եւ քաղաքային զարգացման դեպարտամենտը հատուկ այդ նպատակով ստեղված կազմակերպության միջոցով թողարկեց հիպոթեքային վարկերի միջոցով ապահովված առաջին արժեթուղթը: Այդ թողարկման միջոցով ամերիկյան կառավարությունը նպատակ էր դրել հիպոթեքային վարկավորման շուկայում իրացվելիությունն ավելացնելու միջոցով օգնել մարդկանց հասնելու իրենց Ամերիկյան Երազին:

Այժմ, ի՞նչ է իրականում արժեթղթավորումը: Արժեթղթավորումը մի գործընթաց է, որով ի մի են բերվում ֆինանսական ակտիվներ (հիպոթեքային վարկեր, ավտոմեքենաների վարկեր, գյուղացիական վարկեր, վարկային քարտեր, այլ արժեթղթեր, եւ այլն, ու փոխարինվում վաճառքի ենթակա արժեթղթերով (պարտատոմսերով): Այսպիսով թողարկվող արժեթղթերը ապահովված են լինում այն ֆինանսական ակտիվներիվ, որոնց դիմաց դրանք թողարկվել են:

Ինչպե՞ս է իրականացվում արժեթղթավորումը: Բանկը կամ այլ ֆինանսական կազմակերպությունն իր այն ֆինանսական ակտիվները, որոնք ցանկանում է արժեթղթավորել, վաճառում է հատուկ այդ նպատակով ստեղծված կազմակերպության (ֆինանսական տերմինաբանությամբ այդ կազմակերպությունները կոչվում են Special Purpose Vehicle կամ թարգմանաբար Հատուկ նպատակով գործիք (ՀՆԳ)): Թեեւ իրավաբանորեն ՀՆԳ-ն ինքնուրույն իրավաբանական անձ է, սակայն այն որեւէ այլ գործառույթ բացի ֆինանսական կազմակերպության ակտիվները գնելուց չունի: Ֆինանսական կազմակերպությունը ստեղծում է ՀՆԳ-ին, նրան վաճառում իր այն ակտիվները, որոնք ցանկանում է արժեթղթավորել, ՀՆԳ-ն ստացված ակտիվների դիմաց արժեթղթերի շուկայում թողարկում ու վաճառում է պարտատոմսեր, այդ պարտատոմսերի վաճառքից ստացված գումարներով վճարում ֆինանսական կազմակերպությունից գնված ակտիվների դիմաց: Փաստորեն ՀՆԳ-ի կողմից շուկայում վաճառվող պարտատոմսերը ապահովված են այն ակտիվներով, որոնց դիմաց դրանք թողարկվել են: Սա էլ իր հերթին նշանակում է, որ եթե ՀՆԳ-ն չկարողանա իր թողարկած պարտատոմսերի սեփականատերերին վերադարձնել պարտատոմսերի դիմաց ստացված գումարները կամ նրանց վճարվելիք տոկոսները, ապա ապահովող ակտիվների սեփականությունն անցնում է պարտատոմսերի գնորդներին:

Արժեթղթավորումը թե՛ ֆինանսական կազմակերպություններին, թե՛ ներդրողներին եւ թե՛ տնտեսությանը տալիս է լրջագույն առավելություններ ու հնարավորություններ: Մեխանիզմը «ազատագրում է կաշկանդված կապիտալը» եւ ֆինանսական կազմակերպություններին թույլ է տալիս շուկայից (ներդրողներից) ստանալ ֆինանսական ռեսուրսներ` նոր վարկավորումներ իրականացնելու համար: Տնտեսությունում նույնպես արժեթղթավորումը ստեղծում է էական հնարավորություններ: Մասնավորապես.

ա. մեծացնելով ֆինանսավորումների պոտենցիալըՙ ստեղծում է կապիտալի ավելցուկ, այդպիսով նվազեցնում երկրում առկա տոկոսադրույքները.

բ. ցածր վաճառելիություն ունեցող այնպիսի ակտիվները, ինչպիսիք են վարկերը, դարձնում է վաճառունակ ու գրավիչ, այդպիսով տնտեսությունում ավելացնելով իրացվելիությունը.

գ. հնարավորություն տալով շուկայից ստանալ երկարաժամկետ փողեր` խթանում է ֆինանսական կազմակերպությունների կողմից տնտեսության երկարաժամկետ վարկավորումը (երկարաժամկետ հիպոթեքային վարկեր, ենթակառուցվածքային վարկեր, եւ այլն).

դ. տնտեսությունում բաշխում են ֆինանսական ակտիվների սեփականության հետ կապված ռիսկերը` այդպիսով հանրության համար դրանց հետ կապված կորուստները դարձնում ավելի կառավարելի:

Այժմ ամենակարեւորըՙ ի՞նչ են ստանում ներդրողները: Ներդրողներն ստանում են`

ա. իրենց գնած պարտատոմսերից եկամուտներ,

բ. խնայողությունները կամ կապիտալը դիվերսիֆիկացնելու միջոց,

գ. տնտեսության ֆինանսավորմանը մասնակցելու հնարավորություն,

դ. ներդրումները (պարտատոմսերը) որեւէ ժամանակ ազատ շուկայում վաճառելու կամ դրանք գրավ դնելով ֆինանսավորում ստանալու հնարավորություն:

Ակնհայտ է, որ նշված բոլոր առավելություններն ու հնարավորությունները հայաստանյան բիզնեսի ու Հայաստանի քաղաքացու համար արդիական ու կենսական են: Տարիներ շարունակ մենք քննարկել ու ձեւեր ենք մտածել ֆինանսական շուկաների ակտիվացման, տնտեսության ֆինանսավորման ավելացման, բիզնեսի ու քաղաքացու երկարաժամկետ վարկավորման, հայկական ներդրողների համար նոր հնարավորությունների ստեղծման մասին, իսկ այլ երկրներն առաջ են շարժվել ու զարգացել` իրենց մեջ փնտռելով ու գտնելով զարգացման խթաններն ու աղբյուրները: Ինչպես կասեր դասականը` «Պետք չէ փողի վրա նստած փող ուզել»: Այդ փողը մեր մոտ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 25-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ