ՍԻՐԻԱՅԻ ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐԸ ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵ՞Ր ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ Նոյեմբերի 24-ին Սիրիայի հյուսիսում թուրքական կործանիչը ոչնչացրեց ռուսական «Սու-24» ռմբակոծիչ, որի օդաչուներից մեկին սպանեցին թուրքմեն ապստամբները: Թուրքալեզու այդ փոքրամասնությունը Սիրիայում օսմանյան տիրապետության մնացուկներից է, որը գոյատեւում էՙ կուրորեն հետեւելով իր թուրք հովանավորներին: Ի տարբերություն Թուրքմենստանի բնակիչների, սիրիական թուրքմենները, որոնց 2000-ականներին դեռ անվանում էին թուրքոմաններ, օղուզների հետնորդներ են: Սելջուկների արշավանքների ժամանակ, 11-րդ դարում, քաջամարտիկ թուրքմենների մեծամասնությունը հաստատվեց Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Ավելի ուշ օսմանյան տիրակալները նրանց իբրեւ հավելյալ ուժ էին օգտագործում արաբների ազգայնականությունը զսպելու համար: Թուրքմեներենը թուրքական բարբառ է, որը շատ նման է Անատոլիայի հարավում տարածված թուրքերենին, ինչպես նաեւ ադրբեջաներենին: Թուրքմեններն ապրում են Սիրիայի ոչ միայն հյուսիսում, այլեւ մյուս մասերում: Թուրքմենական գյուղեր կան Հալեպի, Տարտուսի Լաթաքիայի, Իդլիբի, Հոմսի շրջաններում, թուրքմեն բնակչություն կա նաեւ Ռաքքայում, Դամասկոսում եւ Դարաայում: Այսպիսով, թուրքմենները փաստորեն չունեն «ռազմավարական շրջան»: Իրաքցի թուրքմենների նման, նրանք ուռճացնում են թվերըՙ խոսելով սիրիացի 3,5 մլն թուրքմենների մասին: Իրականում այդ սուննի բնակչության զգալի մասը ձուլվել է արաբական միջավայրում: Օրինակ, Սիրիայի արաբական բանակի շտաբի նախկին պետ Հասան Թուրքմանին (1935-2012) ծագումով թուրքմեն էր: 2011. մեկնակետային տարի Սիրիայի պատերազմից առաջ թուրքմենների մասին հազվադեպ էին խոսում: Նրանք չունեին որեւէ ընդհատակյա կուսակցություն եւ զբաղվում էին խաղաղ աշխատանքով (հողագործություն, բանվորություն, արհեստագործություն): Թեեւ նրանք անմիջապես չհարեցին զինված ընդդիմությանը, բայց 2012 թ. Դամասկոս-Անկարա հարաբերությունների խզումից հետո միացան ապստամբներին: Ռազմական գործողությունների փորձ չունեցող թուրքմեններին անմիջապես օգնեց Թուրքիայի իշխանությունը: Մարդասիրական եւ ֆինանսական օգնությանը գումարվեց նյութատեխնիկան եւ ռազմական օժանդակությունը MIT գաղտնի ծառայության գործակալների, թուրքական հատուկ ուժերի հրահանգիչների գործուղման, ինչպես նաեւ ծայրահեղ աջ խմբերի կամավորների ներհոսի տեսքով: Պանթյուրքիստական համերաշխությունից բացի, Անկարան իր քայլերով Սիրիայում հետապնդում է մի քանի նպատակ: Թուրքմեն մարտիկներին զինելովՙ նա ձգտում է մեկ հարվածով իր սահմանների մոտ զսպել քուրդ աշխարհազորայիններին, մասնատել Սիրիայի հասարակությունը, արագացնել նախագահ Ասադի տապալումը: Այդ նպատակով թուրքական գաղտնի ծառայությունները դյուրացրել են «նվաճողական բանակի» («Ջայշ ալ Ֆաթահ»), Սիրիական ազատ բանակի մնացորդների եւ թուրքմենական բրիգադների գործողությունների սերտ համակարգումը: Իրենց պատմության մեջ առաջին անգամ սիրիացի թուրքմենները մուտք գործեցին ներկայացուցչական մարմիններ. 2011 թ. Անթալիայի կոնֆերանսում Անկարան դյուրացրեց նրանց միացումը Սիրիայի խամաճիկային ընդդիմությանը: Նրանք 18 տեղ ունեն Սիրիայի Ազգային խորհրդում, 4 տեղՙ Ազգային կոալիցիայում: Պանթյուրքիզմի շղթայի մի օղակը Իրենց դատի հանրայնացման շնորհիվ թուրքմենները վերջին տարիներին լայն համակրանք են վայելում թուրքական ծայրահեղ աջ ուժերի շրջանում, որոնք այդ փոքրամասնության հարցը դարձրել են իրենց գլխավոր թեմաներից մեկը: Թուրքմենները թրքության առաջապոստերից են Բուլղարիայի, Կիպրոսի եւ Արեւմտյան Թրակիայի թուրքերի հետ մեկտեղ: Սիրիացի թուրքմենները Թուրքիայի տարածքում հիմնել են մի շարք կուսակցություններ եւ քաղաքական շարժումներ: Թուրքիայում հնաբնակ 180 թուրքմեններ 2011 թ. հիմնեցին Սիրիացի թուրքմենների միությունը: 2012 թ. մարտին Թուրքիայում Անկարայի ֆինանսավորմամբ ստեղծվեցին նրանց երկու գլխավոր կուսակցություններըՙ Սիրիացի թուրքմենների շարժումը եւ Սիրիայի թուրքմենական դաշինքը: Հալեպի շրջանում ակտիվորեն գործող Սիրիայի թուրքմենական ժողովրդավարական շարժումը համակարգում է նյութատեխնիկան օգնությունը Սիրիայի հյուսիսային գյուղերում եւ զինում է բրիգադները, իսկ Թուրքմենական դաշինքը առավելապես գործում է Բայիրբուչակում եւ կապի գրասենյակներ ունի Սիրիայից ոչ հեռու գտնվող թուրքական քաղաքներում (Յայլադաղի, Աքչակալե, Գազիանթեպ): Թուրքիայի կառավարության եւ քաղաքական տարբեր կառույցների հետ գործողությունները համակարգվում են այդ երկրի ԱԳՆ-ին ենթակա մի կազմակերպության միջոցով: 2012 թ. դեկտեմբերի 15-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկը եւ նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում ներկա էին թուրքմենների հիմնադիր համագումարին: 2013-ի մարտին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարարի ներկայությամբ ստեղծվեց Սիրիայի թուրքմենների ասամբլեան (350 պատվիրակ), որը Թուրքիայի խորհրդարանը ճանաչել է որպես Սիրիայի թուրքմենների ներկայացուցչական մարմին: 2014 թ. մարտի 11-ից այդ ասամբլեայի նախագահը հալեպցի թուրքմեն Աբդուռահման Մուստաֆան է, որը սերտ կապեր ունի Էրդողանի կուսակցության հետ: Այդ աջակցության շնորհիվ Սիրիայի թուրքմենական լոբբին կարողանում է գտնել ուրիշ հովանավորներ, որոնցից է իսլամիստական «Մազլում Դեյր» ոչ կառավարական կազմակերպությունը, որը ֆինանսավորել է 2012 թ. դեկտեմբերյան համագումարի անցկացումը: Խոսուն անուններով բրիգադներ «Ես նախազգուշացնում եմ Քեսաբի մեր հայ եղբայրներին, որ հեռանան նախքան Ազատ բանակի հարձակումը, այլապես նրանք կունենան քաղաքացիական բնակչության կորուստներ եւ կրկին կգանգատվեն թուրքերի կատարած ցեղասպանությունից»: 2012 թ. հոկտեմբերին Բայիրբուչակի թուրքմեն մարտիկներից մեկի այս սպառնալիքը (Le Monde, 16.10.2012) իրականություն դարձավ նվազ քան երկու տարում: 2014 թ. մարտի 21-ին «Անսար ալ Շամի», «Ջունդ ալ Շամի» եւ «Ալ Նուսրա ճակատի» մարտիկները զավթեցին Քեսաբի առավելապես հայաբնակ շրջանը, որը կից է Ալեքսանդրետի սանջակին: Դեպի ծով ապստամբների ելքն ապահովող այդ գործողությունը ծրագրվել էր հայկական գյուղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող թուրքմենական բրիգադների հետ սերտ համագործակցությամբ: Քեսաբում գլխավորապես իբրեւ բանվոր աշխատող թուրքմենները սկսեցին թալանել իրենց տերերի լքված տները: Նույն թուրքմեն մարտիկները 2013-ի օգոստոսին տարբեր գրոհների ժամանակ ջիհադիստների օգնությամբ կոտորեցին 200 ալավի գյուղացիների: BBC-ի տվյալներով, Սիրիայի թուրքմենական բրիգադներն ունեն մոտ 10 հազար մարտիկ եւ կռվում են տարբեր ճակատներում (Հալեպ, Հոմս, Իդլիբ, Դամասկոս եւ մանավանդ Լաթաքիա): Բրիգադների անունների ընտրությունը պատահական չէ. «Աբդուլհամիդ Ա», «Ֆաթիհ Թորունլարի», «Սուլթան Մուրադ»... Բոլորն էլ օսմանյան սուլթաններ են, որոնք հայտնի են իրենց դաժանությամբ եւ կայսրության ոչ մահմեդական փոքրամասնությունների կոտորածներով: «Ջաբալ ալ Թուրքման» բրիգադը ստեղծվել է 2013-ին եւ իր 12 զորամիավորումների գործողությունները համակարգում է Ազատ սիրիական բանակի հետ: Վերջինիս մնացորդների հետ մեկտեղ բրիգադները կռվում են Իդլիբի, Հալեպի, Լաթաքիայի շրջաններում, գործակցելով նաեւ «Ալ Ղաիդայի» հետ կապված «Ալ Նուսրա ճակատի» եւ սալաֆիստական ուրիշ զինված խմբավորումների հետ: Ջեբել թուրքմենի բարձունքներից պարբերաբար հրթիռներ են արձակվում դեպի Լաթաքիա: Շատ վտանգավոր ռազմավարություն 2015-ի մայիսի քեմալական ընդդիմադիր մամուլը տեղեկացրեց, որ զենքով լի բեռնատարներ են փոխանցվել ջիհադիստ մարտիկներին: Այդ կապակցությամբ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոսեց «Թուրքմենների համար նախատեսված մարդասիրական օգնության» մասին: Եփրատը կարմիր գիծ համարող Թուրքիան վախենում է, որ սահմանային ամբողջ գոտին կարող է անցնել քրդերի եւ սիրիական բանակի ձեռքը, իրեն զրկելով թուրքմեն եւ ջիհադիստ դաշնակիցների հետ ցամաքային կապից: Սալաֆիստ (չեչեն եւ այլ) մարտիկներից ալավիների տարածքի «մաքրմանն» ուղղված ռուսական օդուժի ռմբակոծումները անուղղակիորեն մեծ վնասներ են պատճառել Բայիրբուչակի եւ շրջանի այլ վայրերի թուրքմեն բնակչությանը: Թուրք ազգայնականների միջավայրում թուրքմենների կորուստները ներկայացրին իբրեւ «Չանաքկալեի (Դարդանելի) երկրորդ ճակատամարտ»: Զարմանալի չէ, որ ռուսական «Սու-24»-ի կործանումից հետո թուրք ծայրահեղ աջերը պատվիրակություններ գործուղեցին դեպի Սիրիայի սահմանը: Մասնավորապես Մեծ միասնության կուսակցությանՙ BBP-ի փոխնախագահ Քափթան Քարթալը թուրքմեններին աջակցելու համար այցելեց Բայիրբուչակ (Քեսաբի շրջան): Ռազմավարական տեսակետից կարեւոր այդ շրջանում հինգերորդ շարասյան դեր կատարող թուրքմենները կարող են թանկ վճարել այս պատերազմում իրենց վարքագծի համար: Թեեւ թուրքմեն ղեկավարները իրենց ելույթներում համառորեն պաշտպանում են Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքը (քրդերի ինքնավարամետ ելույթներից տարբերվելու համար), նրանց անջատականությունը, գերազգայնական պանթյուրքիզմի հակումը եւ կովկասյան ու միջինասիական սալաֆիստների հետ համագործակցությունը մթագնում են վաղվա Սիրիային վերաբերող նրանց նախագիծը: Մի օր Թուրքիայի աջակցությունից զրկվելը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ թուրքմենների համար... France-Arme՛nie / janvier 2016, Ֆրանս. թարգմ. Պ. Ք. Նկար 1. Թուրք ծայրահեղական Քափթան Քարթալը (կենտրոնում) թուրքմեն ահաբեկիչների հետ |