RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2016-11-04 > #042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016



Տեղադրվել է` 2016-11-17 19:46:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 5490, Տպվել է` 442, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԶԳՈՒՅՇ ԽՈՍԵՔ»

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շատ վտանգավոր եմ համարում, երբ մենք, ընդունելով ինչ-որ մեկի ապօրինի հարստացումը` ակնկալում ենք նրանից ավել վճարում, դրանով լեգիտիմացնելով ապօրինի հարստացումը: Եթե մենք այդքան սկզբունքային ենք, պետք է պայքարենք յուրաքանչյուր գողացված կոպեկը հետ բերելու համար, եւ երբ հետ բերենք` ձեզ հետ միասին գտնենք ճիշտ ծախսելու ձեւը: Բայց երբ ասում ենք` ով շատ է կերել, նա թող շատ վճարի, դա իմ քաղաքականությունը չէ, եւ ես դրան դեմ եմ: Ես կողմ եմ նրան, որ մենք սահմանենք պարտադիր միասնական չափի տուրք»: Այս եւ մի քանի այլ ուշագրավ մտքերի հեղինակը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, դրանք նա ասել է երեք օր խորհրդարանում բուռն քննարկված «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» եւ հարակից օրենքների փաթեթի վերաբեյալ իր եզրափակիչ ելույթի ընթացքում:

Հիշեցնենք, որ կառավարության եւ պաշտպանության նախարարի առաջարկով այս օրենսդրական նախաձեռնությամբ ստեղծվելու է մի հիմնադրամ, որի միջոցներով գումարներ կվճարվեն այն զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ձեռքբերել մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:Հիմնադրամի միջոցները կգոյանան յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձի մուծած դրոշմանիշային վճարից` 1000 դրամի չափով, եւ այլ նպատակային ձեռնարկներից: Վիգեն Սագսյանն իր եզրափակիչ ելույթում նաեւ նշեց, որ հիմնադրամը բանակի զարգացման հիմնադրամ չէ, այլ միայն այն ընտանիքների կողքին կանգնելու միջոց է, որոնք հայրենիքի համար տվել են ամենաթանկն ու անդառնալին, եւ դա «Ազգ-բանակ» հայեցակարգի արտացոլումներից մեկն է նրանց շարքում, ինչպես եւ բանակի ժողովրդավարացումը, զինված ուժերի ներգրավումը պետության ամենատարբեր ոլորտների առաջընթացին, զորահավաքային ռեսուրսի ամրապնդումը. «Եւ դա բանակի նկատմամբ մեր կույր սերը խորը եւ գիտակցված հարգանքի վերածելու ճանապահն է», ասել է նա:

Ասենք, որ Ազգային ժողովի այս շաբաթվա քառօրյայում քննարկված եւ առաջին ընթերցմամբ 102 կողմ, 3 դեմ ձայներով ընդունված այս օրենսդրական փաթեթը հավանաբար մինչեւ հիմա քննարկված օրինագծերից ամենաշատը թունդ քննարկումների քավարանն անցավ, որի ընթացքում պատգամավորները հիշեցին ե՛ւ բանակում եղած ստվերային երեւույթների, ե՛ւ գենեալիտետի կոռումպացվածության, եւ երկրում թալանված փողերի ու թալանչիների մասին: Պատգամավորները հիմնադրամի միջոցները ձեւավորելու բազմաթիվ ալտերնատիվ աղբյուրներ էին որոնում` առաջարկելով թալանվածը վերադարձնել բյուջե` կոնկրետ ոլորտներ մատնացույց անելով, մուծելիք տուրքի սանդղակավորման անհրաժեշտությունը եւս դիտարկելով: Իսկ որակումների, պաթոսի պակաս, ինչպես մեծմասամբ, այս անգամ էլ չզգացվեց:

Հեռուն գնացող եզրահանգումների տեղիք տված եւ ադեն վերը նշված եզրափակիչ ելույթում պաշտպանության նախարարը մի քանի ուշագրավ այլ դիտարկում էլ արեց. «Այս օրերին ինձ անհանգստացրեց այն առատությունը, որով ցեխ էինք շպրտում սպայակազմի եւ գեներալիտետի վրա: Հավատացեք` նրանք ցեխի պակաս չեն զգում, եւ եթե կա մեկը, որ արատավորել է, մեր պարտքն է դա հայտնաբերել, եւ ճիշտ քաղաքականությամբ բացառել ապագայում: Այո, պետք է բռնել ձեռքը, եւ կտրել, եւ պատժել: Բայց եկեք հիշենք, որ կան պարկետի վրա ցեխի մեջ թաթախված ե՛ւ երբեմնի զինվորականներ, ե՛ւ քաղաքացիականներ, ու եթե էդ տրամաբանությամբ լիներ, ես պետք է մտածեի` Ազգային ժողով ճի՞շտ է, որ ես գամ, թե միշտ մեկին պետք է ուղարկեմ իմ փոխարեն, որովհետեւ այստեղ էլ կան մարդիկ, որոնք խորը թաթախված են: Ուրեմն եկեք մտածենք, թե ո՞ւմ վրա ի՞նչ ցեխ ենք շպրտում, եկեք հասկանանք, որ էն գեներալների ու սպաների վարքագծի հետ, որ մեզ դուր չի գալիս, կան հարյուրապատիկները, ովքեր ամեն օր գնում են առաջնագիծ` վտանգելով ամենասուրբը եւ պատրաստ լինելով իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերել` գեներալից մինչեւ շարքային: Զգույշ խոսեք»:

Համենայն դեպս` Ազգային ժողովի մասով խիստ բազմիմաստ ակնարկներ:

«Ազգը» գրել է, մեկ անգամ էլ հիշեցնենք, որ ձեւավորվելիք հիմնադրամի վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսվում է, որ սպայի, ենթասպայի կամ շարքային զինծառայողի մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում նրա ընտանիքին կամ նրան միանվագ կհատկացվի 10 մլն դրամ, սպային ամսական կհատկացվի համապատասխանաբար 300 հազար դրամ, ենթասպայինՙ 250 հազար դրամ, շարքային զինծառայողինՙ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում սպային կհատկացվի միանվագ 5 մլն դրամ, ամսական հատուցում 20 տարվա ընթացքումՙ 200 հազար դրամ, ենթասպայինՙ 5 մլն դրամ միանվագ եւ ամսական 150 հազար դրամ, շարքային զինծառայողինՙ 5 մլն դրամ միանվագ եւ ամսական 100 հազար դրամ: թե զինծառայողն ունի 3 կամ ավելի երեխա, ապա, ի լրումն վերոնշյալ գումարների, նրա ընտանիքին յուրաքանչյուր ամիս կվճարվի եւս 100 հազար դրամ: Նախարար Վիգեն Սարգսյանը ողջ քննարկման ընթացքում նաեւ հավաստիացնում էր, որ հիմնադամի կառավարման ծախսերը պետք է հասցվեն նվազագույնի, գործընթացը լինի պարզ եւ թափանցիկ, որպեսզի քննարկման ընթացքում անընդհատ շեշտվող եւ մեր պետտական համակարգի նկատմամբ առկա անվստահության գործոնը ընդհանրապես չեզոքացվի: Հատուցման գումարները կվճարվեն 2017 թվականի հունվարի 28-ից հետո տեղի ունեցող հատուցման դեպքերի համար: 1000-ական դրամ վճարից կազատվեն այն քաղաքացիները, ովքեր ընտանիքում ունեն հաշմանդամ կամ զոհված զինծառայողներ, նաեւ այն ընտանիքները, որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, համենայնդեպս` այս վերջինը նախարարը խոստացավ, չնայած նաեւ ասում էր, թե իրեն դիմել են զինծառայողներ, խնդրելով իրենց չազատել այդ վճարից: Հիմնադրամը թիրախային է, որեւէ այլ ծրագրի համար այս հիմնադրամից միջոցներ օգտագործվել չեն կարող: Հոգաբարձուների խորհուրդը բաղկացած կլինի 9 անդամից, որոնցից 3-ը կնշանակի կառավարությունը, 3-ը` Կենտրոնական բանկը, 3-ին էլ կներկայացնի քաղհասարակությունը:

Մնում է հուսալ, որ այս փաթեթը կվերաբերի նաեւ ապրիլյան դեպքերի ժամանակ զոհված եւ վիրավորված անձանց, ինչպես որ պատգամավորներն առաջարկում էին, եւ սա պարզ կլինի երկրորդ ընթերցման ժամանակ:

Մ. Խ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 18-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ