«ՀԱՅՐԵՐԻ ՄԵՂՔԵՐԸ» ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ Հ. Ծ. Դեկտեմբերի 10-ին Կալիֆոռնիայի «Միշն Հիլզում» գործող Արարատ-Էսքիջյան թանգարանում, հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) համագործակցությամբ տեղի է ունեցել Սյոբհան Նեշ-Մարշալի դասախոսությունը «Հայրերի մեղքերը: Թուրքական ժխտողականությունը եւ հայկական ցեղասպանությունը» թեմայով, որը նաեւ իր գրքի վերնագիրն է: Հատորում «Փիլիսոփայության դավաճանությունը» ենթախորագրի ներքո հեղինակը քննության է առել պատմական փաստերի ամբողջական անտեսումը թուրքական իրարհաջորդ կառավարությունների կողմից: Նեշ-Մարշալը Մանհեթենվիլ քոլեջի քրիստոնեական փիլիսոփայության ամբիոնի վարիչն է: Հեղինակ է մետաֆիզիկայի եւ չարության խնդիրներին վերաբերող բազմաթիվ ակադեմիական գրքերի եւ հոդվածների: Գրել է նաեւ հանրամատչելի գրքեր, ինչպես օրինակ «Ժաննա դ՛Արկ: Հոգեւոր կենսագրություն» (Joan of Arc: A Spiritual Biography» եւ «Ի՞նչ է պետք ազատ լինելու համար: Կրոնը եւ ժողովրդավարության արմատները» (What It Takes to Be Free: Religion and the Roots of Democracy): Վերջին տարիներին առավել ուշադրություն է դարձնում ցեղասպանության ժխտողականության հարցերին: Սիրիայում պատերազմի բռնկումից հետո, մի խումբ համախոհների հետ հիմնել է «Կարիքավոր քրիստոնյաների հիմնադրամը» (CINF), որի միջոցով օգնություն է ցուցաբերում քրիստոնեական մշակութային արժեքների պահպանմանը: |