ՎԱՐԴԵՐԻ ՇՔԵՐԹՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՔԱԿԱՌՔԸՙ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ Հ. Ծ. «Լոս Անջելես Թայմս» պարբերականում Էնթոնի Կլարք Կարպիոն տեղեկացնում է, որ հունվարի 1-ին Փասադենայում կայացած 129-րդ տարեկան ավանդական վարդերի շքերթում հայկական շքակառքը արժանացել է «Դատավորների մրցանակին» (Judges՛ award): Իրենց յուրահատուկ զարդարանքով աչքի են ընկել եւ մրցանակների արժանացել նաեւ «Բըրբենքի ասոցիացիայի» եւ «Լա Կանադա Ֆլինտրինի» շքակառքերը: «Հայկական արմատներ» խորագիրը կրող ամերիկահայկական շքակառքը խորհրդանշել է ընդհանրապես հայ կանանց, լինեն նրանք մայրեր, դուստրեր, տատիկներ թե մորաքույրեր, որոնք անսպառ եռանդով եւ նվիրվածությամբ հիմքն են դնում հայկական ընտանկան օջախին: Լրագրողը նշել է, որ ամերիկահայերը չորրորդ անգամ են մասնակցում վարդերի շքերթին եւ երեք անգամ դարձել են մրցանակակիր: «Բըրբենքի ասոցիացիան» ստացել է «Հիմնադիր-կազմակերպիչների», իսկ «Լա Կանադա Ֆիլնտրիջը»ՙ «Բոբ Հոուպի հումորային» մրցանակը: |