RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2018-01-12 > #002, 2018-01-19 > #003, 2018-01-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018



Տեղադրվել է` 2018-01-11 22:56:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 6160, Տպվել է` 1199, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՄԵՆԵԻՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՀՐՄԱՆ ՄԵՋ

Պ. Ք.

Իրանում բողոքի ելույթների ժամանակ ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային չհաջողվեց անկարգությունների ալիք հրահրել, հունվարի 9-ին հայտարարել է երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին : «Մեր թշնամիները արդեն 40 տարի փորձում են մեզ ոչնչացնել, բայց միշտ հակահարված են ստանում», ասել է նա շիաների Ղոմ սրբազան քաղաքի բնակիչների առջեւ ունեցած ելույթում:

Խամենեիի խոսքերովՙ Իրանի հատուկ ծառայությունները փաստեր ունեն, որոնց համաձայն բողոքի ելույթները ծրագրվել են ԱՄՆ-ում եւ Իսրայելում, իսկ փողերը բերվել են Պարսից ծոցին մերձակա մի հարուստ երկրից: Նա երրորդ գործոն է անվանել «Իրանի ժողովրդի մոջահեդների» կազմակերպությունը, որը երկրում համարվում է ահաբեկչական: Հոգեւոր առաջնորդն ասել է, որ դրա ակտիվիստները վարձված են եղել խռովություն հրահրելու նպատակով:

Իր հերթին, Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին Թեհրանում անվտանգության երկրորդ կոնֆերանսում հայտարարել է, որ Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում Արեւմտյան Ասիայի հիմնական բարդությունների համար, ինչպես նաեւ Արեւմուտքի երկրներին հորդորել է ճիշտ ընկալել տարածաշրջանի իրադարձությունները:

Խաթամիի խոսքերովՙ Իրանն ապացուցեց իր պարտաճանաչությունը միջուկային համագործակցության հարցում, մինչդեռ ամերիկացիներն աշխարհին ցույց տվեցին, որ իրենք արժանի չեն վստահության:

Ավելի վաղ, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային եւ Սաուդյան Արաբիային մեղադրել էր Իրանի ներքին գործերին միջամտելու մեջ: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Գոլամալի Խոշրուն համաշխարհային կազմակերպությանը հղած բողոքագրում ԱՄՆ-ին պաշտոնապես մեղադրել է Իրանի գործերին աղաղակող միջամտություն կատարելու եւ անկարգություններ հրահրելու մեջ:

Հունվարի 6-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանին պաշտոնապես նախազգուշացրեց, որ ԱՄՆ-ը հետեւելու է, թե այդ երկիրն ինչպես է արձագանքում հակակառավարական ցույցերին:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Իրանում իշխանափոխության օգտին: Նրա խոսքերովՙ բողոքի ցույցերը պայմանավորված են իշխանությունների նախահարձակ վարքագծից մարդկանց դժգոհությամբ:

Աշխարհի լրատվամիջոցները իրանցիների բողոքի ցույցերը համարում են 2009-ից ի վեր ամենամասշտաբայինը: Հունվարի 3-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին հայտարարեց բողոքի ելույթների ճնշման մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 12-01-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ