ՊՐՈԿՈՖԵՎՙ ԵՐԿՈՒ ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ՀԱՄԱՐ. ՄԱՐԹԱ ԱՐԳԵՐԻԽ, ՍԵՐԳԵՅ ԲԱԲԱՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Բարձրակարգ երաժշտության մասին ազդարարող KlassikAkzente լրատուն ծանուցում է մարտի 23- ին լույս տեսած Սերգեյ Պրոկոֆեւի (1891- 1953) արժեքավոր ալբոմի մասին: Համաշխարհային ճանաչում ունեցող, վերնագրում ներկայացված երկու երաժիշտ կատարողներն իրար ճանաչում են 30 տարի, ԱՄՆ- ում, Եվրոպայում նրանց բեմական համագործակցությունը համերգային շքեղ երեկոներ է նվիրել երաժշտասերներին, իսկ հիմա համատեղ ձայնագրությամբ հարստացնում են ունկնդրի ձայնադարանը, իրազեկ ենք դառնում «Կլասիկ ակցենտը» կայքէջից, որ մանրամասնում է, թե Բաբայանի հետ համատեղ դաշնամուր նվագելն, Արգերիխի ասելով, նման է «ալքիմիայիՙ բացահայտման»: Իսկ Բաբայանի համար Արգերիխի հետ նվագելըՙ «աստվածային էակի հետ զրույցի»: Երաժշտագիտակ հիշյալ հարթակը Մարթա Արգերիխին ներկայացնում է իբրեւ «բոլոր ժամանակերի վիթխարի դաշնակահարուհիներից» մեկի եւ բարձր գնահատում Պրոկոֆեւի ստեղծագործությունները 2 դաշնամուրի համար վերադաշնավորած Սերգեյ Բաբայանի մասնագիտական ներուժը: «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի, «Համլետ», «Եվգենի Օնեգին» բեմադրությունների, «Պիկովայա դամա» չհրապարակված ֆիլմի համար գրված երաժշտության (կա տեղեկություն, որ ֆիլմն այրվել է «Մոսֆիլմի» հրդեհի ժամանակ), «Պատերազմ եւ խաղաղություն» օպերայի հայտնի ստեղծագործությունները նորացված տեղ են գտել այս սկավառակում: Բաբայանն իր աշխատանքը նվիրել է արվեստակից Մարթա Արգերիխին: «Այս նախագիծը կայացավ Պրոկոֆեւի, Մարթայի, «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի հանդեպ իմ սիրո շնորհիվ», խոստովանել է Սերգեյ Բաբայանը : «Դոյչե գրամաֆոնի» (Deutsche Grammophon (DG) հրատարակած ձայնասկավառակը նորովի է մեկնաբանում երաժշտության լեզվով հետաքրքրական պատմություններ ներկայացնելու մեծ վարպետ Պրոկոֆեւիՙ մեզ ծանոթ ժառանգությունըՙ երկու երաժիշտների գունեղ, վիրտուոզ, դինամիկ, զգայուն, վառ արտահայտչականությամբ հարուստ կատարման շնորհիվ: |