ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՎ ԱՅԼ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԵՐԻՆ Հ.Ծ. «Նկարիչներ կան, որոնք ոչ միայն գնահատում են այլ նկարիչների ոճն ու տաղանդը, այլեւ իրենց կտավներում անմահացնում նրանց ու նրանց գործերը», գրում է «Միրոր-Սփեքթեյթրի» խմբագիր Ալին Գրիգորյանը : Նա ներկայացնում է 1947-ին Բաքվում ծնված նկարիչ Անդրեյ Ալլախվերդովին , ում կտավները ներկայիս վաճառքի են հանվել իր իսկ կայքում (www.allakhverdov.com): «Նկարիչների կյանքը շատ ողբերգական է եղել երբեմն: Նրանք շատ վաղ են մահացել: Արշիլ Գորկու նման նկարիչներ ավելի երկար են ապրել եւ ապրում իրենց կտավների շնորհիվ, քան իրենց ապրած տարիներով: Իմ նպատակն է նրանց հիշատակը հավերժացնել», նշել է նա վերջերս կայացած հարցազրույցի ժամանակ: Ալլախվերդովի ծնողները Շուշիից են (Արցախ): Տեղափոխվել են Մոսկվա, որտեղ Անդրեյը հաճախել է Արվեստի պետական համալսարանը: 1979-ից Մոսկվայի նկարիչների միության, իսկ 1988-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է: Աշակերտել է (եւ հետագայում բարեկամացել) նկարիչ Դմիտրի Նալբանդյանին: Վերջին 4 տարում ապրել է Բոստոնում եւ Մոսկվայում, որտեղ արվեստանոց ունի: Ամուսնացած է, ունի 3 զավակ, երկուսըՙ Ամերիկայում, մեկըՙ Մոսկվայում: «Ուզում եմ միաձուլել հայկական, ռուսական եւ ամերիկյան ժանրերը, եւ ոչ միայն դրանք», ասել է նա ներկայացնելով հատկապես երկուսին իր կտավներից: Առաջինում Գուստավ Կլիմտն (1962-1918) է (ավստրիացի նկարիչ, 1897-ին Վիեննայում կազմավորված անջատողական գեղարվեստական միության համահիմնադիրներից), իսկ երկրորդումՙ Արշիլ Գորկին իր ամենահայտնի հայտնի կտավի հետ: |