ԵԹԵ ԳՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԼԻՆԵՆ, ՏԱԽՏԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԼԻՆԵՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Վերջին օրերին, բացի «ապօրինի հարստացածների գործով» ԱԱԾ-ի որոշ բացահայտումներից, «Երեւան-Սիթի» խանութներում տիրող հարկային գաղջ տրամադրություններից եւ մետաղական հանքերում բացահայտված ֆինանսականՙ մեղմ ասած անճշտություններից, ինչպես նաեւ վարչապետ Փաշինյանի եւ նոր կառավարությանՙ կոռուպցիայի դեմ անզիջում պայքարից, պարզ դարձավ նաեւ մի մանրուք, իսկապես մանրուք. սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը , որն, ինչպես Շարմազանովը կասերՙ ավելի երիտասարդ է, քան սփյուռքի ամենաերիտասարդ համայնքը, Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակը չի կարդացել: «Հրապարակ» թերթիՙ նախարար Հայրապետյանին տարեկից լրագրողը հետաքրքրվել է նրանից, թե ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված, որ հեղափոխությունից հետո կարծես ակտուալ է դարձել Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակը նորից կարդալը, սփյուռքի նախարարն էլ, ինչպես լրագրողն է նկատելՙ շփոթված պատասխանել է. «Մի քիչ ավելի կոնկրետ, էլի, խնդրում եմ»: Հետո, երիտասարդ նախարարի շփոթմունքից հավանաբար արյան հոտ առնելով, լրագրողը կոնկրետացնում է հարցը. «Կարդացե՞լ եք «Անասնաֆերման»»: Նախարարն էլ, թեՙ «Ոչ, դրա համար եմ ասում»: Այս պատասխանից հետո լրագրողն էլ վերադարձել է խմբագրություն, միացրել համակարգիչը, ու առանց որեւէ շփոթմունքի մի փոքրիկ հոդված է գրել, որտեղ ներկայացրել է այս հույժ կարեւոր հարցուպատասխանն ու վերնագրելՙ ««Անասնաֆերման» ի՞նչ է»: Դե իբր սփյուռքի նախարարն է լրագրողի հարցին պատասխանել այսպես, այսինքն նախարարը ոչ միայն չի կարդացել «Անասնաֆերման», այլեւ չգիտի, թե այն ի՞նչ է, օրինակՙ գի՞րք է, թե՞ տանձի տեսակ: Այս հոդվածից հետո տեղի ունեցած իրադարձությունները, սակայն, անհամամետ ավելի ուշագրավ էին, քան նախարարի խոսքերի փաստորեն խեղաթյուրումը: Ֆեյսբուքում սկսվեց ֆլեշմոբՙ «Ես էլ չեմ կարդացել «Անասնաֆերման», հետո ի՞նչ» ընդհանուր վերնագրով: Ավելին, բազմաթիվ երիտասարդ, գեղեցիկ, խելացի օգտատերեր տեղեկացրեցին, որ իրենք, օրինակ Դոստոեւսկի էլ չեն կարդացել, բայց Դովլաթով կարդացել են, Մարկես չեն կարդացել, բայց Բորխեսի համար գժժժվում են...Նպատակն այս ամենի ոչ միայն նախարար Հայրապետյանին պաշտպանելն էր չար լրագրողից եւ արդարացնելը, այլեւ ինտելեկտուալիզմը ընթերցանության հետ չկապելը. մարդիկ հենց այդպես էլ նշում էին. եթե ես այս կամ այն գիրքը չեմ կարդացել, դա չի նշանակում, որ ինտելեկտուալ չեմ: Անշուշտ այդպես է, ինտելեկտուալ դառնալ կարելի է նաեւ լավ երաժշտություն լսելով, լավ կտավներ նայելով, լավ քաղաքներ գնալով եւ լավ մարդկանց հետ գինի խմելով, գիրքը ոչ թե ինտելեկտուալ է դարձնում, այլ այդպիսին դառնալու միջոցներից մեկն է ընդամենը, գուցե ամենակարեւորներից, բայց ոչ եզակին: Հետեւաբար, եթե կոնկրետ մարդը կոնկրետ գիրքը չի կարդացել, չի նշանակում, որ նա ինտելեկտուալ չէ: Այս առումով նախարար Հայրապետյանը հանգիստ կարող է շարունակել նախարարության իր աշխատասենյակում հատկապես երեկոյան ժամերին ինտելեկտուալ զրույցներ ունենալ իր մտերիմ ընկերների հետՙ գարեջրով եւ չիփսերով: Խնդիրը «Ես գիրք չեմ կարդացել, հետո ի՞նչ» խոստովանություն-մուննաթն է: Բանն այն է, որ գիրք չկարդալը լավ բան չէ, կապ չունի նախարար ես, թե սովորական օգտատեր, կամ սովորական օգտատերիցՙ նախարար դարձած: Ես, օրինակ, ամաչում եմ ասել, որ այս կամ այն գիրքը չեմ կարդացել, փոխարենը հպարտորեն նշում են կարդացածներս, ճիշտ է, ոչ էլ հեգնում եմ մարդկանց, որոնք չեն կարդացել այն գրքերը, որոնք ես հենց նոր եմ ավարտել: Եւ ուրեմն եթե դուք այս կամ այն գիրքը չեք կարդացել, դա ամոթ չէ, բայց երբ դուք այդ մասին հայտարարում եք ու հարցնումՙ հետո ի՞նչ, կնշանակի չգիտեք, որ գիրք չկարդալն ամոթ է: Իսկ կարդալն անհրաժեշտություն: Օրինակ նույն սփյուռքի նախարարը օրերս Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց, որ հայրենադարձած իր օգնականին միացավ նաեւ հայրենադարձած խորհրդականըՙ Վահե Քեուշգերյանը: Նոր խորհրդականի մասին նախարարը հայտնել է . «Վահեն ծնվել է Սիրիայի Հոմս քաղաքում: Մեծացել է Բեյրութում եւ Լիբանանում...»: Գիտե՞ք, օրինակ աշխարհագրության դասագրքերում գրված է, որ Բեյրութը Լիբանանի մայրաքաղաքն է, այսինքն «Բեյրութ եւ Լիբանան» չի լինում: Իսկ աշխարհագրության դասագիրքը «Անասնաֆերմա» չէ, որը կարող ես կարդալ, կամ չկարդալ. այն պարտադիր ընթերցանության շարքից է, մանավանդ եթե սփյուռքի նախարար ես ու գործ ունես աշխարհասփյուռ հայության հետ: Ես իհարկե հասկանում եմ, որ օրինակ գեներալներ Մանվելն ու Սարոյանը, Սամվել Ալեքսանյանն ու Առաքել Մովսիսյանը, նույնիսկ Դոնալդ Թրամփը, այլք, կարող են եւ չիմանալ, որ Բեյրութն ու Լիբանանը նույն բաներն են, բայց ես չեմ կարողանում հասկանալՙ մենք հիմա հեղափոխություն արե՞լ ենք, թե՞, ինչպես Օրուելն է ասումՙ «Տգիտությունն ուժ է»... Հ.Գ.- Ի դեպ, հենց այս օրերին լույս տեսավ վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ «Երկրի հակառակ կողմում» գիրքը: |