ԹՐԱՄՓԸ ՍԻ ՑԶԻՆՊԻՆԻ ԵՎ ԿԻՄ ՉԵՆ ԸՆԻ ՄԻՋԵՎ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ ԱՄՆ-ը խճճվում է արեւելյան դիվանագիտության բավիղներում Վերջին մեկ տարվա ընթացքում չորրորդ անգամ Չինաստան այցելեց ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Հունվարի լույս 8-ի գիշերը հյուսիսկորեական Դանդուն սահմանային անցակետից ՉԺՀ մուտք գործեց Կիմի զրահապատ շարժակազմը: Արդեն նույն օրվա առավոտյան չինական Սինհուա գործակալությունը պաշտոնապես հաղորդեց, որ Կիմ Չեն Ընը նախագահ Սի Ցզինպինի հրավերով պետական այցով ՉԺՀ-ում կլինի մինչեւ հունվարի 10-ը: Տարբեր երկրների լրատվամիջոցներ երկար ժամանակ լուրեր էին տարածում ՉԺՀ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների մասին: Այս հարցում հատկապես ջանադիր էին տայվանցի լրագրողներըՙ պնդելով, թե Պեկինի եւ Փենյանի միջեւ «սեւ կատու» է անցել: Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ էր: Անցյալ տարվա մարտին, մայիսին եւ հունիսին Սի Ցզինպինի եւ Կիմ Չեն Ընի բոլոր հանդիպումները կապված էին կա՛մ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, կա՛մ էլ հարավկորեացի նախագահ Մուն Չժե Ինի հետ Կիմի բանակցութուններին: Հենց այդ պատճառով այսօր եւս դիտորդները միահամուռ են իրենց գնահատականներում: ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու պատրաստակամության վերաբերյալ Փենյանի ամանօրյա հրապարակումը եւ Վաշինգտոնում դրա ստացման հաստատումը խորհել են տալիս, որ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի սինգապուրյան հանդիպումը շարունակություն կունենա: ՉԺՀ-ի եւ ԿԺԴՀ-ի հարաբերություններում որեւէ տարաձայնություն չկա, նշում է «Ռեգնում» գործակալությունը, բայց Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից ի վեր առկա է չին-ամերիկյան հարաբերությունների կտրուկ աշխուժացում: ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Պեկինը փորձում է ԿԺԴՀ-ի միջուկազերծման խնդիրը շաղկապել չին-ամերիկյան առեւտրում ՉԺՀ-ի առավել բարենպաստման ռեժիմ ստանալու հետ: ԿԺԴՀ միջուկային ծրագիրը ոչ այնքան հյուսիսկորեական, որքան չինական հաղթաթուղթ է եւ կոչված է զսպելու Վաշինգտոնինՙ սահմանափակելով երկկողմ առեւտրի մեջ շտկումներ մտցնելու միլիարդատեր նախագահի հավակնությունները: Պաշտոնապես հայտարարվում է, թե Հյուսիսային Կորեայի միջուկազերծումը «փոխանակվում է» ԿԺԴՀ անվտանգության երաշխավորման հետ: Իրականում Փենյանին անվտանգություն են շնորհում Պեկինում, քանի որ ԱՄՆ-ը ստիպված է հաշվի նստել ՉԺՀ-ի միջուկային զորության հետ: Բուենոս Այրեսում «Մեծ քսանյակի» գագաթաժողովում Դոնալդ Թրամփի եւ Սի Ցզինպինի հանդիպումից անմիջապես հետո Պեկինը հրավեր էր ուղարկել Կիմ Չեն Ընին: Ռուս վերլուծաբան Վլադիմիր Պավլենկոյի կարծիքով Բուենոս Այրեսից հետո բանակցություններում ակնհայտորեն մեծացել է միջուկային փաստարկի դերը: Վաշինգտոնը եւս բարձրացրեց խաղադրույքը, որի հետեւանքը դարձավ Վանկուվերում չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական տնօրենի ձերբակալությունը: Բուենոս Այրեսում Սի Ցզինպինը դիմեց փոխզիջմանՙ համաձայնելով Թրամփի պահանջների մի մասինՙ փոխարենը արժեւորելով ԱՄՆ-ի համար ցավոտ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրի հարցը: Ինչ վերաբերում է Փենյանին, նա փորձում է իրավիճակն օգտագործել հարավային Կորեայի հետ մերձենալու նպատակովՙ օգտվելով մի կողմից Սեուլի եւ Վաշինգտոնի, իսկ մյուս կողմից Սեուլի եւ Տոկիոյի տարաձայնություններից: Տարածաշրջանում արդեն իսկ մեծ կորուստներ ունեցած Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հասկանում է, որ իր երկիրը հերթական պարտությունը կկրի, եթե Պեկինի ու Վաշինգտոնի բանակցությունների արդյունքում տեղի ունենա ԿԺԴՀ-ի միջուկազերծում: Հենց որ երկու Կորեաների վերամիավորումը դրվի օրակարգում, անվտանգության ամերիկյան վահանը պահպանելու Ճապոնիայի հնարավորությունները անչափ կնվազեն, եւ ամբողջ ծավալով կհառնեն Չինաստանի հետ Ճապոնիայի հին խնդիրները, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Չինաստանի կոմկուսի կիսապաշտոնական օրգան «Ժենմին ժիբաո» թերթը ուշադրություն է հրավիրում Կիմ Չեն Ընի այցելության նաեւ տնտեսական կողմի վրա: Կիմն ուզում է փոխ առնել Չինաստանի տնտեսական բաց քաղաքականության փորձը, քանի որ սկսել է ընդհուպ զբաղվել ժողովրդի բարեկեցության բարձրացման եւ զարգացման ռազմավարության որոնման հարցերով: Նկատի ունենալով ԿԺԴՀ-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մասնակի պահպանումը, ՉԺՀ-ի աջակցությունն այստեղ կարող է էական լինել: |