ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ. Հայաստանը ապրում է իր պատմության թերեւս ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը, երբ աշխարհում մոլեգնում է համաճարակը, տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն է սրվում, մեզանից ոչ շատ հեռու պատերազմ է շարունակվում, կանգ է առնում տնտեսական զարգացումը, փլուզվում են հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ, քանդվում են տարիներով ստեղծված պետական կառավարման ինստիտուտները, իսկ այս պայմաններում երկիրը ապրում է իշխանական թիմի թելադրած օրակարգով: Իսկ այդ օրակարգի հիմնական հերոսները, այսպես կոչվածՙ նախկիններն են, կամ այսօրվա ընդդիմադիրները, որոնք իբր թե խանգարում են ինչ-որ բան ձեռնարկել երկիրը ոտքի կանգնեցնելու համար: Իսկ որ երկիրը իսկապես պետք է ոտքի կանգնեցնելՙ սա արդեն փաստ է, քանի որ անկախ կորոնավիրուսից ու դրա հետեւանքներից, վերջին երկու տարիների ընթացքում պետությունը, անկախ իր տված բազմաթիվ խոստումներից, գտնվում է տնտեսական ու քաղաքական լուրջ դժվարությունների առաջ եւ այդ ամենը խորանալու միտում ունեն: Սակայն մի բան է, երբ դու, այսպես կոչված ընդդիմություն ես, եւ լրիվ այլ բան, երբ դու իշխանություն ես: Եթե ընդդիմության դեպքում դեռ կարելի էր օգտագործել «այսպես կոչված» տերմինը, ապա նույնը չես անի իշխանության դեպքում: Իշխանությունը, այսինքն այն վերցրած քաղաքական թիմը պետք է հստակ պատկերացում ունենա պետության կառավարման, նրա զարգացման տեսլականի կազմման եւ, որ ավելի կարեւոր էՙ ունենա ղեկավարման տարրական հմտություններ ու հասկանա ռազմավարական քայլերի կարեւորությունը երկրի կառավարման գործում: ՀՀ-ն իր պատմության ընթացքում արդեն բախվել է նման խնդրի, երբ 90-ականների սկզբին իշխանության եկած ՀՀՇ-ն իսկական փորձանք դարձավ պետության համար եւ կոմունիստներին փոխարինած, այսպես կոչված, ՀՀՇ-ական ոչ կոռումպացված կադրերը շատ կարճ ժամանակում իրենց դիլետանտությամբ ավերակների վերածեցին Հայաստանը: Պետության կառավարման անընդունակությունը, գումարած փորձառու կադրերի իշխանության պետական համակարգից զանգվածային հեռացումը «նպաստեցին» ՀՀ-ի տնտեսական անկմանը: Հետագայում ՀՀ-ին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի վերականգնվեն կառավարման համակարգը եւ տնտեսությունը: Չնայած, հանուն ճշմարտության նշենք, որ ամբողջությամբ վերականգնվել այդպես էլ չհաջողվեց եւ երբեմնի արդյունաբերական հզորություն ունեցող հանրապետությունից Հայաստանը վերածվեց առավելապես հումք վաճառող եւ ագրարային երկրի: Այդ դեպքերից 20-25 տարի անց Հայաստանը նորից հայտնվել է նույն իրավիճակի դիմաց, իշխանության եկած նոր կառավարությունը ոչ միայն չի տիրապետում կառավարման հմտություններին, այլեւ երբեմն այն տպավորությունն է, որ կեղծ օրակարգեր ստեղծելով փորձում է խուսափել իրական խնդիրները լուծելու մարտահրավերներից: ՀՀ լրատվամիջոցները, կայքէջերը, սոցցանցերը ամեն օր քննարկում են այն սկանդալները, որոնց մենք ականատես ենք լինում Ազգային ժողովում, փողոցում կամ այլ վայրերում: Երբեմն տպավորություն է, որ ոմանց ձեռնտու է նմանատիպ տեղեկատվության «արտահոսքը» եւ դրա շուրջ աղմուկը, քան իրական խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Օրինակ, կորոնավիրուսի հետեւանքով ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, հայտարարաված հատուկ ռեժիմը ու փաստորեն համաճարակի կանխման լիակատար ձախողումը (վկանՙ թվերըՙ վարակվածները 3718, մահացածները, մայիսի 13-ի դրությամբ, 48 եւայլն) հուշում է, որ ճգնաժամերի ժամանակ պետության ղեկավարման խնդիր ունենք: Ցավոքՙ դա ոչ միայն գործող իշխանությունների, այլեւ պետության ու նրա քաղաքացիների խնդիրն է, որը գնալով լոզունգների հետեւիցՙ ընտրել է կառավարելու անընդունակ քաղաքական ուժի: Բացի ներքաղաքական խնդիրներից, մենք ունենք նաեւ տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերներ, որոնց տարիներով ուշադրություն չենք դարձնում, իսկ դրանք օր-օրի աճելու եւ խորանալու միտում ունեն: Օրինակՙ մեր հարեւան Ադրբեջանը գտնվում է ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի եզրին, պայմանավորված նավթի ցածր գներով, իսկ այդ նույն ժամանակ այդ պետությունը չի թաքցնում իր ագրեսիվ նկրտումները ու նավթադոլարների պակասի պայմաններում կարող է ներքին սոցիալական ու քաղաքական խնդիրները փորձ անել լուծելու Հայաստանի եւ Արցախի հաշվին: Նույն անմխիթար իրավիճակն է մեր ռազմավարական դաշնակցիՙ Ռուսաստանի, նաեւ Եվրոմիության ու նույնիսկ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, դրան կարելի է ավելացնել մեր հարեւան Իրանի հետ «վարվող» անհասկանալի քաղաքականությունը, եւ այսպես շարունակ: Երկրում վարվում է անհասկանալի ֆինանսատնտեսական քաղաքականություն, ինչը հարվածում է մանր ու միջին տնտեսվարողներին, հատկապես գյուղական ֆերմերային տնտեսություններին, որոնք հայտնվել են բանկային, այսպես կոչվածՙ «ցածր» տոկոսադրույքային վարկերի տակ: Սակայն, վերը նշված խնդիրներից եւ ոչ մեկը չի հայտնվում այսօրվա իշխանության քննարկման թիրախում, կամ այսօրվա քաղաքական ընդդիմադիր ուժերի քննադատության թեմա չի դառնում: Փոխարենը օրակարգը լցված է տարբեր կեղծ թեմաներով, թե ով ում ինչ ասաց, ինչ բառերով հայհոյեց, ինչպես հարվածեց ու դրա դիմաց ինչ պատասխան ստացավ, եւ այսպես շարունակ: Նոր իշխանություններն իրենց «լայվերով» ու միմյանց հայհոյելու «քաղաքականությամբ» կարողանում են պառակտել հասարակությունը, սերմանելով ատելություն միմյանց հանդեպ, այսպիսով հասարակական «պահանջը» լցնելով կեղծ օրակարգերով ու շեղելով իրական խնդիրներից, որոնց բախվում են` այսպես կոչված «նոր Հայաստանը» ու նրա «հին» քաղաքացիները: Իսկ երկիրը օր-օրի գլորվում է դեպի տնտեսական խորը ճգնաժամ, որի հետեւանքները արդեն այսօր սկսել են իրենց վրա զգալ հատկապես սոցիալապես անապահով խավերը, սակայն հեռու չէ այն ժամանակը, երբ այն կսկսի ազդել միջին խավերի վրա եւս: Նմանատիպ իրավիճակ ՀՀ-ում ստեղծվել էր անցած դարի 90-ականերին, երբ պետությունը եւ նրա քաղաքացիները գտնվում էին սոցիալական ծանրագույն իրավիճակում եւ այն այսօր, ցավոք, կրկնվելու բոլոր նախադրյալներն ունի: |