ԴԵՍՊԱՆ ՎԱՐԴԱՆ ՏՈՂԱՆՅԱՆ. «ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ» ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգի» հատուկ թղթակից Վերջին օրերին Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակի սրընթաց աճի վերաբերյալ լուրերն առավել քան տագնապալից են: Եթե մի քանի օր առաջ ախտահարվածների թվով երկիրն առաջ էր անցել Մեծ Բրիտանիայից եւ Իտալիայից ու հաստատված վարակվածների թվով աշխարհում զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը, ապա նախօրեին պաշտոնապես հայտարարվեց, որ Ռուսաստանն այլեւս երկրորդն է աշխարհում, եւ արդեն շուրջ մեկ շաբաթ է` օրական նոր դեպքերը երկրում 10 հազարից չեն նվազումՙ ընդհանուր ցուցանիշով գերազանցելով Իսպանիային եւ Մեծ Բրիտանիային: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Ռուսաստանում համաճարակի հետեւանքով վարակվել է 200 լրագրող, իսկ հինգ լրագրող մահացել է (ամբողջ աշխարհում մահացել է շուրջ 60 լրագրող): Նախնական տվյալներով, Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է երեք հայ: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի որոշմամբՙ ՌԴ մայրաքաղաքում տեղաշարժի սահմանափակումները երկարաձգվել են մինչեւ մայիսի վերջը, հասարակական վայրերում եւ տրանսպորտում քաղաքացիները պարտավոր են դիմակ կրել: Այս օրերին երկրում հայտարարված արտակարգ դրության գրաֆիկով եւ ուժերի գերլարումով է աշխատում նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը: ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանն ու դեսպանատան աշխատակազմը դեռեւս ապրիլի սկզբներից սկսածՙ շարունակում են հնարավոր աջակցություն ցուցաբերել ՀՀ քաղաքացիներին, ովքեր աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան եւ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված` կորցրել աշխատանքն ու հայտնվել դժվար կացության մեջ: Մինչ այդ, ՌԴ-ում գտնվողներին դեսպանությունն ապահովել է սննդով ու հյուրանոցով, նաեւ բարերարներն են աջակցել այդ հարցում: Արտերկրում ՀՀ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսարաններում գործում են թեժ գծեր, որոնցով քաղաքացիները կարողանում են ե՛ւ գրանցվել, ե՛ւ ընթացիկ տեղեկություններ ստանալՙ վերադարձի հնարավոր ժամկետների մասին: - Ռուսաստանի Դաշնությունում հայտնված եւ Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող մեր քաղաքացիների վերադարձի կազմակերպման, ինչպես եւ ժամանակավոր աշխատանքի տեղավորման ուղղությամբ մեր գործադրած ջանքերը կրում են շարունակական բնույթ,- ասաց դեսպան Վարդան Տողանյանը: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայումս 5000-ից ավելի դիմումատուի հայտ է ստացել, որոնց մեծ մասը ներկայացվել է ապրիլի 18-ից հետո: Սկսած մարտի 22-իցՙ հայտերի ընդհանուր քանակը գերազանցել է 8500-ը: Մարտի 20-ից սկսած մինչեւ այսօր հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200-ից ավելի քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում եւ ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով: Հարյուրավոր քաղաքացիների կացության եւ սննդի հարցն ապահովվել է նաեւ Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոսիբիրսկում, Եկատերինբուրգում եւ ՌԴ այլ քաղաքներում: Ինչպես տեղեկացաՙ դեսպանատան աջակցությամբ աշխատանքներ են տարվել մոտ 517 քաղաքացու աշխատանքի տեղավորման ուղղությամբ: 117 քաղաքացիՙ մարտ, եւս 400 քաղաքացի, այդ թվումՙ կանայք, ապրիլ ամսվա ընթացքում անցել են աշխատանքիՙ ՌԴ տարբեր մարզերում: Իսկ մոտ 150 քաղաքացի հրաժարվել է աշխատանքի առաջարկից: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բուժհաստատություններում գտնվող ՀՀ երկու տասնյակ քաղաքացիների եւ բուժանձնակազմի հետ պահպանում է մշտական կապ եւ ըստ անհրաժեշտությանՙ տրամադրում է համապատասխան պարագաներ: Օժանդակություն է ցուցաբերվում նաեւ տնային պայմաններում կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժվող ՀՀ մեկ տասնյակից ավելի քաղաքացու: Տանը ինքնամեկուսացման պայմաններում գտնվող եւ ֆինանսական ծանր կացության մեջ հայտնված շուրջ 50 ընտանիքի մշտական հիմքով տրամադրվում է պարենային զամբյուղ: - Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ըՙ անվճար հիմքով,-ասում է ՌԴ-ում ՀՀ դեսպանը: Կցանկանայի ընդգծել, որ բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են բարերարների, համայնքային կառույցների հետ համագործակցությամբ: Ռուսաստանը մարտի 30-ից փակել է իր սահմանները, այդ թվումՙ օդային սահմանը: Հազարավոր հայաստանցիներ այս օրերին հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնում: Ինչպես տեղեկացաՙ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը, հատկապես դեսպան Վարդան Տողանյանի գործադրած ջանքերի շնորհիվ, հաջողվել է ապրիլին կազմակերպել եւս երեք հատուկ չվերթ եւ Հայաստան տեղափոխել մոտ 660 մարդ: Թռիչքներն իրականացրել է Red Wings ավիաընկերությունը: Մի քանի հարյուր ուղեւորի անվճար տոմս է տրամադրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի շնորհիվ: Հայաստան վերադառնալ ցանկացողները, սակայն, շատ ավելի շատ են, եւ այս օրերին Ռուսաստանի մայրաքաղաքի «Դոմոդեդովո» օդանավակայանում ստեղծվել է խնդրահարույց իրավիճակ. այնտեղ հավաքվել են մի քանի տասնյակ հայեր, որոնց մի մասը նույնիսկ գիշերում է այդտեղ: Մինչդեռ Ռուսաստանի մայրաքաղաքում, այդ թվումՙ օդանավակայաններում, գործում են կարանտինային խիստ սահմանափակումներ, եւ հայաստանցիների այնտեղ մնալը դարձել է վտանգավոր, եւ չի բացառվում, որ իրավիճակին միջամտեն իրավապահները: Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ դեռեւս չեն կարողանում վերադառնալ հայրենիք: Վարդան Տողանյանը նաեւ տեղեկացրել է, որ հնարավորություն կա նրանցից շատերին շինարարական ոլորտում աշխատանքի տեղավորելու, սակայն որոշ մասը հրաժարվել է, միայն 250-ն է ցանկություն հայտնել եւ անցել աշխատանքի: - Օրվա ընթացքում մոտ 200-250 քաղաքացիներ ճամպրուկներով գալիս են օդանավակայանՙ ճշտելուՙ կա՞ թռիչք, թե՞ ոչ, եւ օրվա վերջում լքում են, բայց մոտ 40 մարդ գիշերում է օդանավակայանում: Չնայած մեր հորդորներինՙ մեկնել առաջարկված հյուրանոցները, հրաժարվում են,- ասաց դեսպանը: Նրա խոսքերովՙ օդանավերի խնդիր չկա, խնդիրը կազմակերպչական է. ոչ միայն Մոսկվայում, այլեւ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում կան կուտակված մեր հայրենակիցները: Բացի դրանիցՙ նաեւ կա խնդիր, որ Հայաստանը կարողանա ընդունել նրանց: - Մենք տեղեկություն չունենք, որ հնարավոր կլինի՞ առաջիկայում նման չվերթ համաձայնեցնել: Մենք, իհարկե, աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց առաջիկա շաբաթների համար տվյալներ չկան: Կփորձենք օգնել մեր հայրենակիցներին, սակայն յուրաքանչյուր թռիչք, յուրաքանչյուր չարտերային չվերթ կազմակերպելը քրտնաջան աշխատանք է, որը մի շարք համաձայնեցումներ է պահանջում,- նշել է դեսպանը: Նա շնորհակալություն է հայտնել «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակազմին, քանի որ ըմբռնումով են վերաբերվում իրավիճակին եւ մարդկանց մինչեւ հիմա թույլ են տալիս մնալ սպասման գոտում: Դիվանագետը նաեւ երախտագիտություն է հայտնել այն սփյուռքահայերին, որոնք սեփական դժվարություններն ունենալով` օգնություն են առաջարկում այս բարդ պահին: - «Դոմոդեդովո»-ում հավաքված ուղեւորները տեղավորված են օդանավակայանին մերձ երեք հյուրանոցներում,- ասաց Վարդան Տողանյանը: Նրանք տեղավորվել են ինչպես դեսպանության, այնպես էլ տեղի անհատ մեր հայրենակիցների եւ հասարակական կազմակերպությունների օգնությամբ եւ կշարունակեն գտնվել այնտեղՙ մինչեւ հնարավորություն կլինի նրանց տեղափոխել հայրենիք: Պետք է հասկանալ նաեւ, որ մեր հնարավորությունները սահմանափակ են այն առումով, որ հիմա չեն գործում հյուրանոցները: Մենք խնդրեցինք այդ հյուրանոցներին ընդառաջել եւ տեղ տալ մեր հայրենակիցներին: Նրանք ապահովված են սննդով եւ անհրաժեշտ պարագաներով: Առիթից օգտվելովՙ շնորհակալություն եմ հայտնում մեր մոսկվայաբնակ այն հայրենակիցներին, որոնք անտարբեր չգտնվեցին եւ համագործակցեցին դեսպանության հետ այս հարցում եւս: Հարցին, թե ՌԴ-ում բնակվող մեր հայրենակիցները ցանկության դեպքում կարո՞ղ են դեսպանության հաշվեհամարի միջոցով փոխանցումներ կատարել Հայաստանՙ համաճարակի դեմ պայքարին նպաստելու համար, Վարդան Տողանյանը պատասխանեց. - Այո, ՀՀ կառավարությունը բացել է հաշվեհամար այդ նպատակի համար, եւ դեսպանությունում եւս գործում է այն, որպեսզի ցանկացողները ռուսական ռուբլու համարժեքով կարողանան իրականացնել փոխանցումները: Նշեմ նաեւ, որ օգնության առաջարկները միայն գումարային բնույթի չեն. առաջիկա չվերթով, օրինակ, մենք Հայաստան ենք ուղարկելու բժշկական պարագաներ, դիմակներ, խալաթներ, որոնք մեզ են տրամադրել այստեղի մեր հայրենակիցները: Ես կարոտով ու երանությամբ եմ հիշում մինչկորոնավիրուսյան այն ժամանակները, երբ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շենքը, իր հիմնական գործառույթներից բացի, նաեւ մշակութային կենտրոն էր, մեր պատմության ու մեր մեծերի թողած ավանդի ներկայացման տեղը, եւ հաճախակի կազմակերպվող միջոցառումների օրերին հյուրերը շրջում էին դեսպանատան դահլիճներում, ծանոթանում խնամքով պատրաստված ցուցադրություններինՙ որտեղ հետաքրքրական եւ բացառիկ լուսանկարներ են, կտավներ, ձեռագրեր, նոտաներ, մեր մի շարք մեծերի անձնական իրերից... Ես հավատում եմ, որ այդպիսի ժամանակներ էլի կգան, համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ դեսպանատունը վերկսկսի իր բնականոն աշխատանքն ու այսօր իր հարյուրավոր հայրենակիցներին հայրենիք ճանապարհելու կամ ՌԴ-ում ժամանակավոր աշխատանքի տեղավորելու բազմաթիվ հոգսերով ծանրաբեռ դեսպան Վարդան Տողանյանը կշարունակի ծավալել իր հայրենանվեր գործունեությունըՙ Ռուսաստանի Դաշնությունում մեր մեծերին ճանաչելի դարձնելու, ըստ արժանվույն գնահատելու, մեծարելու եւ նրանց հիշատակը հավերժացնելու ուղղությամբ: |