ԱՍԱԴԻՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԻ՞Ծ Հ.Ծ. «Միդլ Իսթ Մոնիտոր» պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանի ներքին գործերի խորհուրդը (RIAC) ակնկալում է, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը համաձայնության կգան պաշտոնանկ անելու Սիրիայի նախագահ Բաշար էլ-Ասադին եւ երկրում կհաստատեն անցումային մի կառավարություն, որի կազմում կընդգրկվեն ներկա վարչակարգի, ընդդիմության եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերի (SDF) ներկայացուցիչները: Ըստ RIAC-ի, որը մոտիկ է Ռուսաստանի քաղաքականությունը մշակողների շրջանակներին, անվտանգության ծառայություններին կից գործող «Ազգային արժեքների պահպանության հաստատություն» անունով կազմակերպությունը վերջին ժամանակներում Սիրիայում վերոնշյալ թեմայով հասարակական կարծիքը շոշափող ակցիա է անցկացրել եւ նշել իր զեկույցում, որ Ասադին պաշտպանելը ծանր բեռ է դարձել Ռուսաստանի համար: TASS լրատվական գործակալությունն էլ ավելացրել է, որ կասկածներ կան, որ Ասադը Ռուսաստանին ներքաշում է դեպի մի նոր աֆղանյան սցենար, ինչը չափազանց անհանգստացնող է: Լրատվամիջոցը միեւնույն ժամանակ հավելել է, որ Ասադը տառապում է ամերիկյան պատժամիջոցների բեռի ներքո, կորցրել է այլեւս տարածաշրջանում կայունություն հաստատելու իր հետաքրքրությունները, որովհետեւ գիտակցում է, որ այդ մարտը Վաշինգտոնի հետ է: Մոսկվայում առայժմ մի շարք սցենարներ են քննարկում, գրել է TASS-ը, ներառյալ այն, որ Սիրիան կբաժանվի գլխավորապես երեք շրջանների, որոնցից առաջինում կհսկեն Թեհրանն ու Մոսկվան, երկրորդումՙ ընդդիմադիր կողմը Թուրքիայի պաշտպանության ներքո, իսկ երրորդումՙ Եփրատի արեւելյան հատվածում վերահսկողությունը կհանձնվի Վաշինգտոնին եւ SDF-ին: Մեկ այլ տարբերակով երկիրը կմնա միավորված, բոլոր օտար ուժերը դուրս կգան տարածքից եւ ՄԱԿ-ի N2254 որոշման համաձայն երկրում կձեւավորվի քաղաքական փոփոխություն: Տեղեկությունը հրատարակվել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի մայիսի 9-ի համարում: |