ՄԻ՞ԹԵ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԶԴԸ ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Բնազդներից առաջինըՙ ինքնապաշտպանության բնազդը, կարծեք լքել է մեզ, ավելի ճիշտՙ մենք ենք լքել նրան: 44-օրյա պատերազմի ամբողջ տեւողության ասացինք ու կրկնեցինք, որ սա մեր գոյութենական կռիվն է, անհատի, ազգի, պետության գոյության կռիվը ցեղասպան ոսոխի դեմ: Անհատըՙ զինվորն ու սպան, պատրաստ էր կռվելու եւ կռվում էր, ազգը պատրաստ էր զոհողության, նույնիսկ ոգեւորվածՙ հաղթանակի հեռանկարով: Նույնիսկ քաղաքական ընդդիմությունն էր մի կողմ թողել ներքին խժդժությունների դեմ պայքարը եւ լծվել Արցախի փրկության գործին: Անգամ մամուլը, քիչ թե շատ տեղյակ ճակատային գծում կատարվածիցՙ աշխատում էր բարձր պահել հասարակական տրամադրություններըՙ «հաղթելու ենք»ի հույսով: Միայն ռազմաքաղաքական, ավելի շուտՙ քաղաքառազմական ղեկավարությունն էր, որ չկարողացավ օգտագործել անհատի եւ հավաքականության ներուժը, նույնիսկ չկարողացավ կանոնավոր նահանջ կազմակերպել դեպի ելման դիրքերՙ հզոր պատվար կազմելու թշնամու առաջխաղացքի դիմաց: Պատճառները բազմաթիվ են, իրարամերժ, տարատեսակ, դավադրական ու դավաճանական: 2500 տարի առաջ Դարեհ 1-ինի խոսքը կրկին իրականություն է դառնումՙ «Հայերին անհնար է հաղթել, նրանց կարելի է բաժանել»: Եվ հիմաՙ բաժանված, կտոր-կտոր եղած Հայաստան եւ Արցախ, պառակտված եւ հուսալքված, բարոյալքված հասարակություն, շվար ժողովուրդ, որը չգիտի իր մեռելները սգա՞, իր անհայտ կորած տղաներին փնտրի՞, զոհվածների մարմինները հավաքի՞, թե՞ սոցիալական իր հարցերը լուծի, ընտանիք կերակրի, համավարակի դեմ պայքարի: Եվ այդ բոլորը, ինչպես երեկ կառավարության շենքը շրջափակած քաղաքացիների առջեւ բնորոշեց միացյալ ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, թուրք-ադրբեջանական «սողացող» ագրեսիանՙ այժմ Սյունյաց աշխարհի դեմ, վաղըՙ Տավուշի, այնուհետեւ... Այդ ագրեսիան նոր չէ. սովետական տասնամյակներին անընդհատ էր կրկնվում եւ հանդիպում հայ կոմունիստ ղեկավարների խելացի, հեռատես, ինքնապաշտպանության հզոր բնազդ ունեցող պատասխանատուների դիմադրությանը: Սովետական պայմաններում անգամ նրանք այնպես էին արել, որ, օրինակ, ազերիները Շամշադինի շրջան կարող էին մտնել միայն կանաչի եւ բանջարեղեն վաճառելու, այն էլՙ մինչեւ կեսօրվա ժամը 2-ը. ազերիներին թույլատրված չէր այնտեղ ապրել: Նույնըՙ ավելի դժվարին պայմաններում, կատարվում էր Սյունիքումՙ Կապանում եւ շրջակա հինավուրց հայկական բնակավայրերում, որոնք այսօր, հատ-հատ, մաս-մաս, տուն առ տուն հանձնվում են թշնամու ողորմածությանըՙ վարչապետի աթոռը զոռով զբաղեցրած մոլագարի երեւակայության մեջ միայն գոյություն ունեցող «անվտանգության նկատառումներով»... Ամենեւին անվտանգ չէ Հայաստանը, պատերազմական դադար է միայն: Երեկ Ալիեւը զբոսնում էր Իշխանաձորում, վաղը ման կգա Կոռնիձորում: Էրդողանը իրականացնում է Դեմիրելի, Օզալի, Էնվերի, Քեմալի եւ մյուս ոճրագործների երազանքըՙ ոչնչացնել պահանջատեր հայությանը, մեր հիշողությունից ջնջել Ցեղասպանությունը, ստրկացնել վերջին պատառիկ մնացած մեր երկիրը, պետությունն ու ժողովրդին: Դժնի ու դժբախտ այս կացության դիմաց շատերը, շատերս, պահանջում ենք մոլագարի հրաժարականը: Ճիշտ ենք անում, վաղուց, դեռ 44-օրյա պատերազմից էլ առաջ պետք էր նույնը պահանջած լինեինք: Ոչ միայն նրա հրաժարականը, այլեւ նրա մեղսակիցներինը, օտարամուտ եւ օտարոտի այն խմբակինը, որը 2,5 տարի ամեն բան արեց ներսից քայքայելու մեր պետությունը, բաժանելու, պառակտելու մեր ժողովրդին, կազմաքանդելու պետական կառույցները, թուլացնելու պաշտպանունակությունը, իրեն ենթարկեցնելու նաեւ Արցախը: Պատերազմի ընթացքում եւ այնուհետեւ մեղսակիցների այդ խմբակին միացան նաեւ մեր գեներալները, որոնք ճագարների պես ենթարկվեցին մոլագարի քմահաճ հրամաններին, հանդուրժեցին նրա կնոջ քմահաճույքները: Նրանք պատմությունից չգիտեի՞ն, որ Հիտլերն անգամ, ի վերջո, ինքնասպան լինելուց առաջ հանցանքը գցել էր իր մեծատաղանդ գեներալիտետի վրա: Ինչո՞ւ պաշտպանությունը, մեր մարտունակ բանակի գործողությունների համակարգումը չվերցրեցին իրենց ձեռքը: Ինչո՞ւ թողեցին, որ մոլագարն զբաղվի իր չիմացած ու չհասկացած գործերովՙ պատերազմի հրահրում այն դեպքում, երբ թշնամին սպառազինության վրա ծախսել էր 24 մլրդ դոլարՙ մեր 4 մլրդ.ի դիմաց: Մի՞թե նրանք էլ էին կորցրել ինքնապաշտպանության բնազդը: Չգիտեի՞ն, որ մոլագարը մեղքը ի վերջո գցելու է իրենց վրա եւ արդեն գցում է. «Ես թիվ 1 պատասխանատուն եմ, բայց թիվ 1 մեղավորը չեմ»: Այդ բնազդը կորցրել է մեր ժողովրդի մեծ մասը, այլապես այսքան սակավաթիվ չէր լինի հրաժարական պահանջողների քանակը: Այս ընթացքով շուտով ավելորդ է դառնալու որեւէ պահանջ, որեւէ հրաժարում: Ինքն պաշտպանության բնազդից զրկված երկրում ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է վարչապետ: |