Ի՞ՆՉՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՄԹԵՐՔԻ ԳՆԱՃԸ ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետ, Լրագրության բաժին 3-րդ կուրս 2020 թվ.-ի նոյեմբերից սպառողական շուկայում գնաճ է նկատվել, որը կազմել է 1,6%: Ինչպես տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն, հոկտեմբեր ամսի գնաճը կազմել է 1,3%: Երեւանյան սուպերմարկետներում, խանութներում հացի գինը բարձրացել է 10 դրամով: Բացի այս, թանկացում է արձանագրվել նաեւ հավկիթի շուկայում. ձվի մեկ հատի գինը 55-60 դրամի փոխարեն դարձել է 70-72 դրամ: Թանկացել է նաեւ կաթնամթերքը եւ թռչնամիսը: Սննդամթերքի որոշ խմբեր այս տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, էական թանկացել եւ էժանացել են: Էժանացել են բանջարեղենը, ձուկը, ծովամթերքը, թանկացել են ձեթը, շաքարավազը, ձուն եւ այլն: Նախորդ տարվա նոյեմբեր ամսվա հետ համեմատած թանկացել է. Միրգըՙ 9,7%-ով, Ձեթըՙ 20,9%-ով, Կաթնամթերքը, պանիրը եւ ձունՙ 2,6%-ով, Շաքարն ու շաքարավազըՙ 26,6%-ով, Միեւնույն ժամանակ նվազել է . Բանջարեղենըՙ 9,2%-ով, Ձկան եւ ծովամթերքի գներըՙ 2,8%-ով: Պետք է արձանագրել, որ քաղաքացիները այս թանկացումների մասին ավելի քան երկու ամիս է բարձրաձայնում են: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ) փոխանցում է. «Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումն առավելապես պայմանավորված է օբյեկտիվ գործոններով»: Ըստ ՀՀ ՏՄՊՊՀ-ի (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) ներկայացրած տվյալների, շաքարավազի գնաճի պատճառ կարող է լինել միջազգային շուկայում դրա գնի բարձրացումը, ներմուծվող շաքարավազի ձեռքբերման գնի բարձրացումը, դրամի արժեզրկումը եւ այլն: Ըստ սպիտակ շաքարի գնի ինդեքսի (White Sugar Price Index) սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին շաքարավազի միջազգային գները նույնպես բարձրացել են: Հաջորդ մթերքիՙ ձեթի վերաբերյալ հանձնաժողովը հայտնում է, որ առեւտրային ցանցերում ձեթի գնի բարձրացումը պայմանավորված է մատակարար ընկերությունների կողմից ձեթի իրացման գնի բարձրացմամբ: Միաժամանակ պետք է արձանագրել, որ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել ձեթի միջազգային գների էական աճ: Պետք է նշել, որ 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համեմտությամբ նոյեմբերին 1 տոննա արեւածաղկի ձեթի գինը բարձրացել է 200$-ով, իսկ փետրվար ամսվա հետ համեմատությամբ 400-470$-ով: «Խոշոր առեւտրային ցանցերը պահպանել են մինչեւ ռազմական դրության հայտարարումն ալյուրի իրացումից ստացվող շահութաբերության մակարդակը, եւ ալյուրի գնի բարձրացումը պայմանավորված է ձեռքբերման գների բարձրացմամբ», ներկայացվում է ՏՄՊՊՀ-ի պաշտոնական էջում: Ալյուրի արտադրությամբ զբաղվող երկու խոշոր տնտեսվարողների ներկայացրած տեղեկատվության համաձայն, էականորեն բարձրացել են այդ ընկերությունների կողմից ցորենի ձեռքբերման գները: 2020 թվականի օգոստոս ամսվա սկզբին տնտեսվարողները Ռուսաստանից ցորեն են ձեռք բերել 1 կգ-ի դիմաց վճարելով 84 դրամ, իսկ նոյեմբեր ամսինՙ շուրջ 104 դրամ (շուրջ 24 %-ով ավել): Ինչպես նաեւ, ՊԵԿ-ի (Պետական եկամուտների կոմիտե) փոխանցած տեղեկությունների վերլուծությամբ արձանագրվել է, որ բացի ՌԴ-ից տնտեսվարողները ցորեն ներմուծել են նաեւ Վրաստանից, որի համար երբեմն վճարել են ԱՄՆ դոլարով, որից էլ հետեւում է, որ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը նույնպես ազդել է ներմուծման գների բարձրացման վրա: Իսկ ինչ վերաբերում է հավի եւ ձվի թանկացմանը, այստեղ էլ պատճառը ձեռքբերման գների բարձրացումն է: Հավի ձվի արտադրությամբ զբաղվող չորս խոշոր ընկերությունների ներկայացրած տեղեկությունների համաձայն, ձվի գնի բարձրացման պատճառը կերի ձեռքբերման գների բարձրացումն է: Եվ այսպես կարող ենք ասել, որ ըստ պաշտոնական տեղեկատվության պարենային մթերքների գնաճը պայմանավորված է օբյեկտիվ գործոններովՙ ձեռքբերման գների բարձրացմամբ: |