RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020



Տեղադրվել է` 2020-12-24 22:10:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 1230, Տպվել է` 42, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԱՐՁԵԱԼ ՉՈՐՍ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ «ՋԱՀԱԿԻՐԻՑ»

Ա. Բ.

Ինչպէս պարբերաբար տեղեկացրել է «Ազգը» , եգիպտահայ «Ջահակիր» շաբաթաթերթն իր աշխատակից, ճանաչուած երաժշտագէտ եւ հրապարակախօս Հայկ Աւագեանի աշխատասիրութեամբ ամէն տարի հրատարակում է եգիպտահայութեան պատմութեանն ու մշակոյթին առնչուող գրքեր, որոնք տպագրւում են սահմանափակ տպաքանակով եւ բաժանւում անվճար:

2020 թուականի ջահակիրեան հրատարակութիւններն ենՙ

ա) Հայկ Աւագեանի «Ալեքսանդր Խատիսեանի պատմական այցելութիւնը Եգիպտոս եւ Հայաստանի Անկախութեան Փոխառութիւնը. ուղի մը հաւաքականութենէ դէպի անձնականութիւն» 80 էջանոց գրքոյկը, որը նկարագրում է Հայաստանի Հանրապետութեան պատուիրակ Ալեքսանդր Խատիսեանի պաշտօնական այցելութիւնը Եգիպտոս (1920, օգոստոսի 17-24)ՙ կազմակերպելու համար Հայաստանի Անկախութեան Փոխառութիւնը Հայաստանի տնտեսութիւնը եւ բանակը զարգացնելու նպատակով: Ամբողջ եգիպտահայութիւնը ոտքի է կանգնելՙ ընդունելու նորանկախ Հայաստանի պատուիրակը, որի մեկնումից յետոյ յատուկ կազմուած յանձնախմբերը յաջողութեամբ իրականացրել են փոխառութեան գործընթացը: Սակայն Հայաստանի խորհրդայնացումից յետոյ, հակառակ բանկին պահ տուած գումարները իւրացնելու փորձերին, մի քանի շաբաթ յետոյ աւանդ դրուած բոլոր գումարները վերադարձուել են փոխատուներին:

բ) Հայկ Աւագեանի «Զապէլ Եսայեանի երկու այցելութիւնները Եգիպտոս (1918-1920)» 38 էջանոց գրքոյկը: Զապէլ Եսայեանի անդրանիկ այցելութիւնը Եգիպտոս եղել է 1906-1907 թթ., որի ընթացքում նա շփուել է Արփիար Արփիարեանի, Վահան Թէքէեանի, Միքայէլ Կիւրճեանի եւ այլոց հետ: Երկրորդ անգամ եղել է 1918 եւ 1920 թթ.: Այս այցն ունեցել է աւելի հրապարակախօսային բնոյթ: Ներկայ գրքոյկը ներկայացնում է Զապէլ Եսայեանի այս երկու այցելութիւնների ուղեգրութիւններըՙ վերահրատարակելով առաջին այցելութեան երկու յօդուածները եւ երկրորդ այցելութեան ընթացքում Աղեքսանդրիայում ունեցած բանախօսութիւնը եւ Կահիրէի զեկոյցի սղագրութիւնը:

գ-դ) Գաբրիէլ Լէքէճեան , Ժողովածու լուսանկարներու երկու հատորով, Ա. Հատոր (549 էջ) եւ Բ. հատոր (573 էջ), որ բովանդակում են եգիպտահայ լուսանկարիչ Գաբրիէլ Լէքէճեանի (1848 կամ 1853 - 1921) շուրջ 950 լուսանկարները: Դրանք ներկայացնում են փարաւոնական, իսլամական եւ ղպտիական յուշարձաններ, Կահիրէի փողոցները եւ տեսարաններ, տեղական կանանց տիպարներ, արեւելեան պար, Նեղոսը, արմաւենիներ եւ այլն: Առաջին անգամ ներկայացուած է նաեւ Լէքէճեանին կենսագրութիւնը:

Հատորները կարելի է կարդալ եւ ներբեռնել հետեւեալ յղումներովՙ

https://archive.org/details/tchahagir-supplement-no.-36

https://archive.org/details/tchahagir-supplement-no.-35

https://archive.org/details/tchahagir-supplement-no.-37

https://archive.org/details/tchahagir-supplement-no.-38

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 25-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ