RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2021-05-14 > #019, 2021-05-21 > #020, 2021-05-28 > #021, 2021-06-04 > #022, 2021-06-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021



Տեղադրվել է` 2021-05-27 23:11:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1164, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՐԳՎԱԾ ՀԱՅԸ, ՈՐԻ ՊԱՏՎԻՆ ՈՏՔԻ ԷԻՆ ԿԱՆԳՆՈՒՄ ՄԶԿԻԹՆԵՐՈՒՄ

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Իրանագետ

Այս տարի լրանում է իրանահայ բարերար, գյուտարար եւ դեղագործ Արսեն Խաչատուրի Մինասյան ի ծննդյան 115-ամյակը:

Արսեն Մինասյանը ծնվել է 1906 թվականին Իրանի Գիլան նահանգի Ռաշտ քաղաքում: Սովորել է տեղի Անուշիրվան դպրոցում: Նա իր մասնագիտական գործունեությունը սկսել է բուսաբուժությամբ: Երիտասարդ տարիներին երկու տարի ապրել է Ղազվինում, որտեղ սովորել է դեղեր պատրաստելը: Վերադառնալով Ռաշտՙ նա շարունակում է նույն գործը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ Գիլանում տարածված էր տիֆը, Մինասյանին հաջողվել է գերմարդկային ճիգերով փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր: Թեհրանի համալսարանը նրան դեղագործության պատվավոր դոկտորի կոչում է շնորհել: 1942 թվականին Մինասյանը հիմնել է Իրանում առաջին 24-ժամյա դեղատունըՙ «Քարունը»: Որոշ ժամանակ անց նա դառնում է Գիլանի դեղագործների ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ:

Ամեն տարիՙ սեպտեմբերի 25-ին, դեղագետի օրվա կապակցությամբ Իրանի Գիլան նահանգի դեղագործները հարգանքի տուրք են մատուցում Արսեն Մինասյանինՙ դեղեր ուղարկելով Ռաշտ քաղաքի հաշմանդամների պանսիոնատ:

Անվանի բարերարը մեծ ծառայություններ է մատուցում իր հայրենակիցներին: Գիլանի հայ համայնքը նրան ընտրում է ղեկավար, երկար տարիներ եղել է Ռաշտի հայոց եկեղեցու խորհրդի անդամ: Սակայն բոլորի կողմից հարգված գործիչը մերժում է խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավորության առաջարկը, ինչպես նաեւ Գիլանի մուսուլման բնակչության կողմից իրեն առաջարկված Ռաշտի քաղաքապետի պաշտոնը եւ նախընտրում ապրել ժողովրդի մեջՙ իր համեստ կյանքը նվիրաբերելով քաղաքի կարիքավոր խավերի ցավերը հոգալուն, որի համար Ռաշտի ողջ բնակչությունը տեղական բարբառով նրան անվանում էր «Արմանի բրար» («Հայ ախպեր»):

Մինասյանը Ռաշտի բազմաթիվ անօթեւանների հոգեւոր հայրն էր: Բժիշկ Հաքիմզադեի , Այաթոլլա Զիաբարիի եւ չինացի գործարարի աջակցությամբ նա դարձավ առաջին բարեգործական կենտրոնի սեփականատերը, որը կառուցվեց տարեցների, հաշմանդամների եւ հոգեկան հիվանդների համար Ռաշտում: Այդ կենտրոնում նա ապրեց իր ողջ կյանքում:

Չնայած Արսենը քրիստոնյա էր, մեծ հարգանք էր տածում մահմեդականների կրոնական հավատալիքների նկատմամբ եւ մասնակցում է Աշուրայի սգո արարողություններին: Երբ նա մտնում էր մզկիթներ, մարդիկ ոտքի էին կանգնում նրա պատվին եւ օրհնում նրան, որը բացառիկ երեւույթ է հայ իրականության համար:

Արսեն Մինասյանը մահացել է 1977 թվականի ապրիլի 3-ինՙ 71 տարեկան հասակում, եւ թաղվել նախադեպը չունեցող բազմամարդ հուղարկավորությամբՙ համաքաղաքացիներին կտակելով, որ մահից հետո լացելու փոխարեն շարունակեն իր գործը:

Այսօր էլ Ռաշտի բնակչության մեջ թարմ է հիշողությունը Արսեն Մինասյանի առաքինությունների մասին, որը խտրականություն չէր դնում մարդկանց մեջ:

2002 թ. Իրաջ Սառաֆի աշխատասիրությամբ պարսկերենով լույս տեսած «Արսեն Մինասյանի հուշամատյանը» վերնագրով գրքում նշվում է, որ երեխա ժամանակ, երբ տեսնում է ցրտի մեջ պատառոտված հագուստներով երեխաներ, նրանց տալիս է նվեր ստացած իր վերարկուն: Նշելի է, որ գրքում առկա են մոտ 20 պարսիկ մտավորականների հուշերըՙ անվանի բարեգործի եւ հայ համայնքի մասին:

Ամփոփելով կարող ենք ասել, որ Արսեն Մինասյանի 115-ամյակը խորհրդանշում է հայ եւ իրանցի ժողովուրդների մեծ բարեկամությունը ոչ միայն խաղաղ ժամանակներում, այլ նաեւ արտակարգ պայմաններում, երբ համաճարակի ճիրաններում հայտնված Ռաշտ քաղաքի բնակչությունը փրկվեց հայ դեղագործի անձնանվեր առաքելությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 28-05-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ