ՀՊՄՀ-Ի ԶՈՀՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑԱՎ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՄԱՄԲ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ, ՀՊՄՀ-ի Լրագրության բաժնի ուսանողուհի Մայիսի 26-ին Մանկավարժական համալսարանի բակում (Ալեք Մանուկյան 13), տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմում ՀՊՄՀ-ի զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշաքարի բացումը։ Հուշաքարի բացմանը ներկա էին Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, հոգեւորականներ, պաշտոնյաներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, զոհված հերոսների ծնողները, ուսանողներ եւ այլք։ Խաչքարը` բերված Ծիծեռնավանքից, թվագրված 1601 թվականին, օրհնեց պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, գերաշնորհ Սրբազան հայրը: Խաչքարն օրհնելուց հետո Սրբազանն ասաց. «Հուշարձանը սիրով ու երախտագիտությամբ կանգնեցվել է որպես հիշատակ եւ վկայություն Արցախյան պատերազմի նահատակ մատաղ հայորդիների, որոնք իրենց կյանքն են դրել հայրենիքի պայծառ գալիքի զոհասեղանին: Մենք օծեցինք այս խաչքարը մեր սուրբ եկեղեցու օրենսդրության եւ կանոնների համաձայն, ինչպես օծվում - սրբագործվում է սրբազան մի վայր, տերունական պատկեր, եկեղեցի, ուր երկյուղով լցված հայորդիները, գալով եւ համբուրելով տերունական խաչը, պիտի ստանան աստվածային օրհնություն եւ մխիթարություն»: Մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին նույն համալսարանից 290 անձ է մասնակցելՙ ե՛ւ ուսանողներ, ե՛ւ վերջին հինգ տարվա շրջանավարտներ: Զոհվել է 35 ուսանող, որոնցից ութըՙ շրջանավարտ: Բուհի դասախոսական կազմիցՙ Վարուժան Օլքինյանը , բարձրաձայնեց զոհված հերոսների անունները, որից հետո հավաքվածները ծաղիկներ խոնարհեցին հուշաքարի վրա։ Հուշաքարի բացման արարողությանը հաջորդեց երթըՙ դեպի Եռաբլուր պանթեոն, որտեղ երթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին։ |