RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2021-09-10 > #034, 2021-09-17 > #035, 2021-09-24 > #036, 2021-10-01 > #037, 2021-10-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021



Տեղադրվել է` 2021-09-23 22:32:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 738, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏՎԱՍՏՈՒՄԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համավարակից ամենաշատը տուժած ոլորտըՙ զբոսաշրջությունը, վերակենդանանում է, Հայաստանը զբոսաշրջիկներին գրավում է անվճար պատվաստումով:

Երեւանում օրեր շարունակ հերթեր են պատվաստման շրջիկ կետերի մոտ: Հերթերում մեծամասնությունը Իրանի քաղաքացիներ են: Իրենց երկրում պատվաստանյութի սակավության պատճառով հարեւան երկրի քաղաքացիների մի մասը որոշել է Հայաստանում ստանալ կորոնավիրուսից պաշտպանող ներարկումը: Հայաստանը 1 պատվաստանյութի համար վճարում է մոտավորապես 20-30 դոլար, իսկ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում, միջին օրական հաշվարկով ծախսում է 70-100 դոլար,կարելի է ասել, որ պատվաստումային զբոսաշրջությունն արդյունավետ է:

Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի եւ թվային մարկետինգի փորձագետ Գայանե Այվազյանը նշում է, որ աշխարհում նոր տերմին է շրջանառվում` պատվաստումային զբոսաշրջություն: Եվ մի շարք երկրներ արդեն իսկ օգտվում են նման հնարավորություններիցՙ աշխուժացնելով այն ոլորտը, որն ավելի շատն էր տուժել հենց համավարակի շրջանում:

«Վերջին շրջանում հատկապես նկատվում է Իրանից ժամանած քաղաքացիների հոսք: Դա խոսում է այն մասին, որ կա հետաքրքրություն պատվաստման նկատմամբ, ինչը կարող է խթան լինել համավարակից ամենաշատը տուժած ոլորտիՙ զբոսաշրջության ակտիվացման հարցում»,-ասում է Այվազյանը:

Հուլիսի 15-ից երկրում գործում է պատվաստվելու պարտադիր պայմանՙ դեղաչափը հնարավոր է ստանալ միայն 10 օր երկրում մնալուց հետո: Գայանե Այվազյանի խոսքով, տասնօրյա ժամկետն իզուր չէ սահմանված: Նպատակն է ավելի համակարգված մոտենալ հարցին եւ խթանել զբոսաշրջությունը: Եվ այս նոր փոփոխությունը հնարավորություն է տալիս զբոսաշրջային ընկերություններին փաթեթներ ձեւավորել, 10 օր եւ ավելի Հայաստանում մնալու պարագայում հնարավորություն տալ ոչ միայն շրջագայել, այլեւ անվճար պատվաստվել ու վերադառնալ: Ինչը կարող է նոր խթան հանդիսանալ ոլորտի համար:

Երեւանում պատվաստումային շարժական կետերը տեղակայված են Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երեւանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) եւ մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքներում, ինչպես նաեւ Դալմա Գարդեն մոլ եւ Մեգամոլ առեւտրի կենտրոններում:

Հյուսիսային պողոտայում տեղակայված քովիդի դեմ պատվաստում իրականացնող կայանի մոտ հերթեր են: Իրանի քաղաքացիները շտապում են պատվաստվել: Իրավիճակը պարբերաբար լարվում է, երբ մեկը փորձում է հերթը խախտել: Խոսում են բոլորը ու միաժամանակ, բայց նույն խնդրի մասինՙ իրենց պատվաստվելու հերթի :

«Եկել ենք այստեղ պատվաստվելու, քանի որ մենք չունենք բավականաչափ պատվաստանյութ, մեզ մոտ առաջնային պատվաստում են տարեցներին, իսկ երիտասարդները պետք է սպասեն: Պատվաստվում եմ իմ կյանքի, ընտանիքիս կյանքի համար»,- ասում է Իրանի քաղաքացի Հոսեինը:

Շարժական կետի աշխատակիցները տեղեկացնում են, որ իրենց մոտ հիմնականում արտասահմանցիներ են գալիս, իսկ Հայաստանի քաղաքացիները պոլիկլինիկաներ են գնում:

«47 հոգու պատվաստել ենք, որից 35-ը արտասահմանցիներ են եղել: Հայաստանցիները մասսայաբար չեն ուզում պատվաստվել, որովհետեւ դեռ չեն գիտակցում այս վարակի նենգությունը: Մինչեւ այսօր ՀՀ-ում պատվաստվել է բնակչության 5,3 տոկոսը: Այս առումով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում վերջին տեղում մնալ»,- մեզ հետ զրույցում ասում է թերապեւտ Արմինե Սահակյանը :

«Ալերգիկ ռեակցիաների մասին պետք է մտածել, եթե ամեն ինչ կատարվում է հիվանդանոցային պայմաններում, պոլիկլինիկաների հարմարեցված կաբինետներում կատարվածը հաջողվում է վերահսկել: Հիվանդանոցային պայմաններում հնարավոր կլինի խուսափել կողմնակի բարդություններից, իսկ շրջիկ կայանների հարմարությունները դժվար թե կարողանան ապահովել այդ ամենի իրականացումը»,- նշեց թերապեւտը եւ ավելացրեց. «Շրջիկ կայանները չունեն հարմարություններ, բայց հանուն պատվաստանյութերի սպառմանՙ աչք են փակում այս կարեւոր հարցերի վրա, անտեսելով բարդության վտանգը»:

Հայաստանում այս պահին Քովիդ-19-ի դեմ կիրառվող պատվաստանյութերից չինական CoronaVac-ը սպառվել է, հասանելի է միայն երկրորդ դեղաչափը ստացոողների համար: Շարունակվում են կիրառվել բրիտանա-շվեդական AstraZeneca-ն ու ռուսական Sputnik V-ն: Առաջիկայում կառավարությունը շուրջ 72 միլիոն դոլարի պատվաստանյութեր կգնի Cinopharm եւ ամերիկա-գերմանական Pfizer ընկերություններից: Արդեն աշնանը Հայաստանը ձեռք կբերի նաեւ մեկ ներարկմամբ կիրառվող ամերիկյան Johnson & Johnson-ի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ, եւս 300 հազար դեղաչափՙ Novavax-ի արտադրության պատվաստանյութ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 24-09-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ