ՀԲԸՄ-Ն ԱՄՓՈՓՈՒՄ Է ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՄԵԿ ՏԱՐԻՆ 27 սեպտեմբեր 2021թ. 2020թ. սեպտեմբերի 27-ին հայկական աշխարհը բախվեց Հայրենիքի ազգային անվտանգության պահպանման խնդրին: Ճակատագրական այդ օրից ի վեր, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները բազմաթիվ փորձությունների միջով են անցնում: ՀԲԸՄ-ն մաղթում է նրանց տոկունություն եւ մխիթարանք Արցախյան երկրորդ պատերազմից ապաքինվելու դժվարին ճանապարհին։ Մտորելով այս վշտալի իրադարձության մասինՙ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն ասել է. «Այս օրն, անկասկած, կհիշվի որպես հայոց պատմության տխուր էջերից մեկը: Բայց այսօր ՀԲԸՄ-ն կենտրոնանում է այն մարդկանց վրա, որոնք 44 օր շարունակ դիմակայել են թշնամու անմարդկային դաժանություններին: Մեր մտքերը նաեւ այն ընտանիքների հետ են, որոնք կորցրել են իրենց սիրելիներին պատերազմի դաշտում կամ եղել եւ շարունակում են լինել պատերազմական հանցագործությունների զոհՙ այդ թվում նաեւ պատերազմի գերիները, որոնք դեռ պահվում են միջազգային եւ մարդու իրավունքների կոպիտ խախտմամբ: Հարգելով մեր բոլոր քաջ նահատակների հիշատակը, որը մշտապես վառ կմնա ողջ հայ ազգի հիշողության մեջՙ մենք մեր սրտերում ամուր ենք պահում նաեւ ծանր վիրավորում ստացած մեր հերոսներին»: Միեւնույն ժամանակ ՀԲԸՄ-ն արժեւորում է ճգնաժամի մեջ գտնվող հայերին աջակցելու հայկական համերաշխության խոր զգացումը, որը դրսեւորվել է սփյուռքի մեր նվիրատուների, կամավորների, աջակիցների, գործընկերների եւ ընկերների կողմից: Միասին նրանք իսկապես մարմնավորում են ՀԲԸՄ-ի հավերժական կարգախոսըՙ «Միությունը զորություն է»: |