ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Խորհրդային Միության փլուզումին հաջորդած երեսուն տարիների ընթացքում նոր աշխարհակարգ է ձեւավորվել: Յուրաքանչյուր հետցնցումային ժամանակահատվածում, աշխարհի հզոր պետություններն իրենց դիրքորոշումներն են ճշգրտում, որպեսզի հնարավորինս ավելի շատ դիվիդենտներ վաստակեն: Դրա հետեւանքում անշուշտ հաղթողներ եւ պարտվողներ են լինում. վերջերս Հայաստանը դարձավ այդ պարտվողներից մեկը: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունները եւս մեկ տարի շարունակվեին, գուցե հնարավոր լիներ խուսափել 2020-ի աղետաբեր պատերազմից, որովհետեւ, ինչպես նկատում ենք Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող փոփոխական միջադեպերից, Թուրքիայի անզուսպ ծավալապաշտական փառասիրություններն են, որ քննության են ենթարկվում: Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի գլխավոր հովանավորը Անկարան էր եւ ցանկալի է իմանալ, թե այս նոր 2022 տարում նա մնալո՞ւ է ուժային միեւնույն դիրքորոշմանը: Այժմ Հայաստանը ստիպված է միջամտել Ղազախստանում առաջացած ճգնաժամային կացության մեջ` դառնալով դրա ակամա մասնակիցը: Տվյալ պահին չափազանց ռիսկային է որեւէ կերպ ճշգրտել, թե կողմերից ո՞ր մեկն է հաղթելու եւ ո՞ր մեկն է պարտվելու: Դա հնարավոր կլինի անել միայն կրքերը հանդարտվելուց հետո: Խորհրդային կայսրության անկումից հետո Ղազախստանը համարվում էր նորանկախ պետությունների մեջ ամենակայուններից մեկը, իսկ նրա առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը ամենաերկար իշխող «դինոզավրը» կամ ամենադիմացկուն պետական գործիչը հետխորհրդային քաղաքականության մեջ: Ղազախստանի տարածքը Տեխաս նահանգի չորս անգամն է: 19 միլիոն բնակիչ է ապրում այնտեղ: Ինչպես նախկինում, այժմ էլ այն շարունակում է մնալ Կենտրոնական Ասիայի հանրապետություններից ամենառուսականացվածը: Բնակչության 20 տոկոսը էթնիկ ռուսներ են, իսկ 40 տոկոսը` քրիստոնյաներ: Պաշտոնական հաշվարկներով երկրում ապրում են 25 հազար հայեր, մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներով հայերի քանակը մոտ 60 հազար է, հաշվի առնելով, որ որոշ հայեր պարզապես Հայաստանից ժամանակավոր արտագնա աշխատողներ են: Երկիրը հարուստ է բնական ռեսուրսներով, ինչպես օրինակ` նավթ, գազ եւ հանքային այլ նյութեր: Ամբողջ աշխարհում ուրանի 40 տոկոսը այդտեղ է արտադրվում: Վերջին խլրտումների հետեւանքում ուրանի գինը 35 տոկոսով ավելացել է: Դա կարող է Հայաստանին էլ ձեռնտու լինել, որպես ուրան մշակող երկրի: Սակայն Ադրբեջանում ալիեւյան կլանի նմանողությամբ, Ղազախստանի բնական հարստություններից օգտվել են Նազարբաեւի ընտանիքի անդամներն ու բարեկամները, թողնելով բնակչության մնացած մասին թավալվելու աղքատության ճիրաններում: Նազարբաեւը հարգված անձնավորություն էր ոչ միայն Ղազախստանում, այլ ամբողջ աշխարհի քաղաքական թատերաբեմում: Երեսուն տարի երկաթյա բռունցքով երկիրը ղեկավարելուց հետո նա իշխանությունը փոխանցեց իր ամենավստահելի բարեկամին` Կասիմ-Ջոմարտ Տոկաեւին: Բայց իրականում իր ձեռքերում պահեց երկրի կառավարումը` դառնալով Ազգային անվտանգության գերատեսչության ղեկավարը եւ խորհրդարանի աշխատանքները վերահսկող երկրի գլխավոր կուսակցության նախագահը: Հայաստանում Սերժ Սարգսյանին կողմնակից շատ վերլուծաբաններ մեղադրում էին նրան այն բանի համար, որ ցանկանում էր վերստին ընտրվել, փոխանակ Նազարբաեւի նման կուսակցության ղեկավարը մնալով պահպանելու իր իշխանությունը: Հետադարձ հայացք գցելով, կարելի է ասել, որ Սարգսյանը, գուցե, մի բան գիտեր, քանի որ այսօրվա տվյալներով ոչ ոք չգիտի, թե որտեղ է գտնվում Նազարբաեւը: Կարեւոր փաստը, որ պետք է շեշտել այստեղ այն է, որ Նազարբաեւն իր երկիրը, աննկատելիորեն, շրջում էր դեպի Արեւմուտք: Նա երկրի այբուբենը հին սլավոնական Կիրիլիցայից փոխեց լատիներենի եւ իր ղեկավարությամբ Ղազախստանը դարձավ ՀԱՊԿազմակերպության միակ անդամ երկիրը, որ ռազմական պայմանագիր կնքեց Մ. Նահանգների հետ: Մյուս նշանակալի դիրքորոշումն այն էր, որ այդ ղազախ առաջնորդը ողջունեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի պանթուրանական ծրագրերը: Մինչ Թուրքմենստանի Սապարմուրատ Նիյազովն իրեն հռչակել էր «թուրքմենբաշի» կամ թյուրքերի առաջնորդ, Նազարբաեւի հետեւորդները նրան համարում էին «թուրանբաշի», այսինքն` թուրանի առաջնորդը: Նա Ադրբեջանի անվերապահ պաշտպաններից էր, եւ քաղաքական առաջնորդներից առաջինների թվում, ովքեր շնորհավորեցին Ադրբեջանին Հայաստանի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Նա նույնիսկ հանդգնեց Երեւան ժամանել մասնակցելու ՀԱՊԿ համաժողովին (որի ընթացքում Հայաստանն էր ստանձնելու այդ կազմակերպության նախագահությունը) եւ առաջարկելու, որ Ադրբեջանը, որպես դիտորդ, անդամակցի այդ կառույցին: Պարզ է, որ Նազարբաեւը հակակրանք էր զգում Հայաստանի նկատմամբ: Այդ պատճառով է, որ Հայաստանում տարաբնույթ հարցեր առաջացան Ղազախստան զինված ուժերի 100-հոգանոց քանակակազմ ուղարկելու կապակցությամբ: Լրատվամիջոցներում շատ քիչ են տեղեկությունները Նազարբաւեի ճակատագրի մասին: Հայաստանում որոշ աղբյուրներ տեղեկացրին, որ նա ապաստան է խնդրել իր պաշտպանյալից` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: Այլ աղբյուրներ նշեցին, որ վերադարձել է Ղազախստան: Ռուսաստանը Ղազախստանում հսկայական կապիտալ է ներդրել: Վարձակալել է, առաջին հերթին, 120,000 քառ. կմ հողամաս, որն իր մեջ ներառում է նաեւ ռուսական Բայկոնուր տիեզերակայանի տարածքը: Հունվարի 2-ին հեղուկ գազի գնի կտրուկ` 100 տոկոսով թանկացման առիթով Ժանաօզին քաղաքում սկսեցին ցույցեր տեղի ունենալ, որոնք արագորեն տարածվեցին ամբողջ երկրով մեկ, ներառյալ գլխավոր քաղաք Ալմաթիում: Տոկաեւն անձամբ խոստովանեց, որ կարճ ժամանակում երկրի 19 շրջաններից 11-ը գտնվում էր ցուցարարների վերահսկողության ներքո: Նա հրաման արձակեց կրակել ցուցարարների վրա, որոնք արդեն գրավել էին նախկին առաջնորդի պատվին վերանվանված մայրաքաղաքի Նուր Սուլթան օդանավակայանը: Մ. Նահանգները դատապարտեց ՀԱՊԿ զինված ուժերի տեղակայումը` պատճառաբանելով, որ զինուժի տեղական ստորաբաժանումներով հնարավոր էր կարգուկանոն վերահաստատել երկրում: Նշենք, այնուամենայնիվ, որ որոշ վայրերում այդ ստորաբաժանումները միացել էին ցուցարարներին: Հարյուրավոր ցուցարարներ սպանվեցին եւ ավելի քան 7000 հոգի կալանավորվեց: Նախագահը լրատվամիջոցներին տեղեկացրեց, որ 22 հազար ելուզակներ (bandits) միացել էին ցուցարարներին եւ որ ապստամբությունը ծրագրված է եղել վերջին մի քանի տարիների ընթացքում: Պաշտոնական տեղեկատվությամբ ՀԱՊԿ անդամ երկրներից 3,500 զինված ստորաբաժանումներ են ուղարկվել Ղազախստան խռովությունները ճնշելու համար: Շատերի կարծիքով տեղակայված զինյալ ուժերի քանակը ավելին է եղել, եւ նրանք հանդերձված են եղել ոչ միայն պաշտպանական սարքավորումներով: Նախագահ Տոկաեւի խնդրանքից ընդամենը երկու ժամ հետո որոշումն ընդունվել էր տեղակայելու ՀԱՊԿ զինված ստորաբաժանումներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Տաջիկստանից եւ Ղրղզստանից: Ճգնաժամի ամբողջ ժամանակահատվածում նախագահ Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունենում թյուրքախոս պետությունների ղեկավարների հետ, թախանձագին խնդրելով նրանցից չընդառաջել Ղազախստանում իրենց զորքերի տեղակայման կոչերին: Դրանով է բացատրվում Ղրղզստանի դժկամությունը մասնակցելու այդ աշխատանքներին: Իր գործընկերներին համոզելու Էրդողանի ձախողումը անմիջապես օգտագործեցին երկրի քաղաքական ընդդիմադիրները, որոնց ղեկավար եւ նախկին արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն մեղադրեց Էրդողանին` նշելով, որ Ղազախստանը նախընտրել էր օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին, որին նախագահում էր Հայաստանը, եւ ոչ թե Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդին, որին Անկարան էր նախագահում: Այնուամենայնիվ, Էրդողանին հաջողվել էր թյուրքախոս պետությունների կազմակերպության (նախկինում թյուրքական խորհուրդ) արտգործնախարարների խորհրդի նիստ հրավիրել Ղազախստանում հունվարի 11-ին: Ինչպես ակնհայտ է դառնում, Անկարայի եւ Մոսկվայի միջեւ ծավալված մրցակցությունը` ամբողջ Կենտրոնական Ասիայում իր դոմինո ազդեցությունն է դրսեւորում: Հայաստանում խորհրդարանային քննարկումներն ու զորք ուղարկելու որոշումը ընդամենը մեկ օր տեւեց, մինչդեռ Ղրղզստանում բանավեճը ավելի երկար տեւեց, որովհետեւ ընդդիմությունը ավելի ուժեղ էր այնտեղ: Հայաստանում խնդրո առարկա հարցն այն էր, որ ինչո՞ւ ՀԱՊԿ-ն լուռ էր մնացել, երբ անցյալ տարվա մայիսին ադրբեջանական զորքերը մտել էին Հայաստանի տարածք: Նույն հարցը բարձրացվել էր Ղրղզստանում, որտեղ հավաքական պաշտպանության համակարգը չէր գործել, երբ 2010 թվականին ընդհարում էր տեղի ունեցել Ուզբեկստանի եւ Ղրղզստանի միջեւ: (Ի դեպ, Ուզբեկստանը ՀԱՊԿ-ից դուրս եկավ 2012-ին): ՀԱՊԿ-ի կողմից տրված բացատրությունը այն է, որ իրադրությունը պահանջում էր պայմանագրի 4-րդ հոդվածի ակտիվացումը, որ գործի է դրվում, երբ երկիրը հարձակման է ենթարկվում արտաքին ուժերի կողմից: Այդ «արտաքին ուժերը» դեռ պետք է հստակեցվեն Ղազախստանում: Մ. Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նշել է, որ երբ Ռուսաստանն է մտնում քո տունը, երկար ժամանակ է պահանջվում նրան այդտեղից դուրս բերելու համար: Ներկայիս, բազմաթիվ ենթադրություններ են հնչում Ղազախստանի իրադարձությունների պատճառների եւ հետեւանքների մասին: Այդ պատճառով էլ ներկա տեղեկությունների հիման վրա որեւէ վերլուծություն կատարելը պետք է լինի չափազանց զգուշավոր: Տեսակետներից մեկն այն է, որ կատարվածը սոսկ իշխանություն հաստատելու խաղ էր Նազարբաեւի եւ Տոկաեւի կլանների միջեւ, եւ լարվածությունը արդեն երկար ժամանակ է ինչ գոյություն ուներ: Մեկ բան կարելի է հստակ մատնանշել: Հեղաշրջում էր պատրաստվում իրականացնել եւ նախկին վարչապետն ու ազգային անվտանգության ծառայությունների ներկա ղեկավարը (որ այժմ ձերբակալված է) ներգրավված էին այդ գործում: Մեկ այլ տեսակետ պնդում է, որ կատարվածը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ մրցակցության դրսեւորում էր, երկու պետությունները համագործակցել էին Սիրիայում եւ Կովկասում: Բայց Ռուսաստանն այլեւս նույն ձեւով չէր պատրաստվում շարունակել համագործակցությունը Կենտրոնական Ասիայում: Ինչեւէ, բոլոր հաշվարկներով Թուրքիայի պանթուրանական ծրագրերը տուժեցին, եւ Նազարբաեւն էլ դուրս մղվեց քաղաքական թատերաբեմից: Ըստ երրորդ տեսակետի, որն առաջ են քաշում Տոկաեւի վարչակարգն ու ռուսական լրատվամիջոցները, Արեւմուտքն էր կանգնած խռովությունների ետեւում: Իրականում դա կարող է ճիշտ լինել: Քանի որ Մ. Նահանգները հայտարարել է Ռուսաստանին մեկուսացնելու իր քաղաքականության մասին եւ Ռուսաստանի սահմանների երկայնքով (Տաջիկստան, Ուկրաինա, Բելառուս, Կովկաս եւ հիմա էլ Ղազախստան) աղմկահարույց ռազմական բռնկումներ են տեղի ունենում, ապա անժխտելիորեն Մ. Նահանգների մատը խառն է այս ամենի մեջ` հատկապես պետքարտուղարության Վիկտորիա Նուլենդի միջնորդությամբ, որը ցուցադրաբար գունավոր հեղափոխություն էր պատրաստվում իրականացնել Մայդանում (Կիեւում): Պատահակա՞ն էր արդյոք, որ Ղազախստանի ճգնաժամը տեղի ունեցավ Ժնեւում ռուս եւ ամերիկացի պատվիրակությունների նախատեսված հանդիպումից ընդամենը մի քանի օր առաջ: Այնտեղ նրանք քննարկելու էին ՆԱՏՕ-ի ընդարձակման ծրագրերի դեմ ուղղված նախագահ Պուտինի վերջնագիրը: Հայաստանի մասնակցությունը այս արկածախնդրությանը մի շարք հարցեր է առաջացնում: - Ղազախստանն ու իր ղեկավարները քանիցս ապացուցել են, որ թշնամական վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ: Մի՞թե Հայաստանի պատասխանատվությունն էր հավատարիմ մնալ այդ կառույցի պայմանագրի դրույթներին եւ շտապել պաշտպանելու այդ երկրի վարչակազմը: - Երբ Հայաստանը իր սահմանները պաշտպանելու համար կարիք ունի իր ամեն մի զինվորի ներկայությանը, ինչպե՞ս է կառավարությունը համաձայնում զինվորական ստորաբաժանումներ ուղարկել օտար երկիր: - Ինչպե՞ս կարող էր Նիկոլ Փաշինյանը շտապել ճնշել մի ժողովրդական շարժում, երբ ինքն էր իշխանության եկել նման մի ժողովրդական շարժման արդյունքում: - Հայաստանը դեկտեմբերի 10-ին մասնակցեց Վաշինգտոնում տեղի ունեցած ժողովրդավարության կոնֆերանսին: Ղազախստանում հանձն առած իր գործողություններով արդյոք չի՞ խաթարելու իր ժողովրդավարական վարկը: Եվ արդյոք Եվրոմիության հսկայական ֆինանսական օժանդակությունը չի՞ տուժելու որպես հետեւանք այդ գործողությունների: - Եվ վերջինը, որ նույնքան կարեւոր է: Փաշինյանի գործողությունները արդյոք Ղազախստանի ժողովրդին չե՞ն մղելու այնտեղ ապրող հայերի դեմ թշնամանք տածելու: Այս բոլորի հակառակ փաստարկը հետեւյալն է. կարո՞ղ էր Հայաստանը, որպես ՀԱՊԿ-ի նախագահող պետություն, հրաժարվել իր պատասխանատվությունից: Ինչպե՞ս կարձագանքեր Մոսկվան այդ դեպքում: Նաեւ ավելացնենք, եթե Հայաստանի ղեկավարությունը բավականաչափ հեռատես է, ապա հասկանալի պիտի լինի, որ Ղազախստանում Ռուսաստանի ծրագրերին դեմ գնալով ընկնելու էինք թուրքերի ձեռքը: Ո՞վ էր լինելու դրանից օգտվողը: Այս հարցերը բարձրաձայնվում են Հայաստանի քաղաքական շրջանակներում եւ լրատվական միջոցներում, եւ հավանաբար կշարունակվեն արծարծվել դեռ որոշ ժամանակ: Մինչ այդ նախագահ Տոկաեւը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ շնորհակալություն է հայտնել նրան իր գործողությունների համար: Դա, ինչ խոսք, աննշան մխիթարանք է եւ այս անգամվա համար նույնիսկ ակնկալվածից նվազ մխիթարանք: Անգլ. թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator) |