ԱՊԵՐԱԽՏ ԼՌՈՒԹՅՈՒՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆ Վարդերես Գարակյոզյանի պայծառ հիշատակին Վերջերս հրավիրված էի Պոլիսՙ մասնակցելու Զահրատին նվիրված «Եկեր եմ կերթամ այսպես, որու ինչ» ժողովածուի շնորհանդեսին, որ տեղի ունեցավ փետրվարի 16-ին, Մխիթարյան սանուց միության լեփլեցուն սրահում: «Ժամանակ» թերթի խմբագիր Սեւան Դեյիրմենջյանի բացման խոսքից հետո ես հրավիրվեցի բեմՙ բանախոսելու Զահրատի մասին: Մինչեւ բուն նյութին անցնելը, հանդիսասրահին հարկ համարեցի պատմել իմ առաջին հանդիպման մասինՙ Զահրատի բանաստեղծության հետ. «Դա ճիշտ 50 տարի առաջ էր, 1963 թ. գարնանը, երբ Երեւանում, ձեր հայրենակից Վարդերես Գարակյոզյանն ինձ նվիրեց Զահրատի «Մեծ քաղաք» ժողովածուն...»: Ստիպված էի խոսքս ընդհատել, քանի որ այդ պահին, սրահով մեկ մի շշուկ անցավ, եւ ներկաներից մեկը բարձրաձայն ասաց. «Վարդերես Գարակյոզյանը երկու օր առաջ մահացավ...»: Ես ցնցված էի: Չէի ուզի, որ լուրն ինձ հասներ նման հանգամանքերում: Չգիտեի ինչպես շարունակել իմ բանախոսությունը, մանավանդ որ այն բանավոր էր: Բարեբախտաբար, նախորդ օրը նշումների էի արել թղթի վրա: Կարողացա մի կերպ տիրապետել ինձ եւ դրանց օգնությամբ շարունակել ու ավարտին հասցնել խոսքս: Մի քանի օր հետո Պոլսից դառնալով Փարիզ, ես մանրամասնորեն նայում էի համացանց դրվածՙ Սփյուռքի, թե հայաստանյան թերթերը, հուսալով լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Սակայն հայ մամուլը բացարձակ լռության էր մատնել այդ կորուստը: Չեմ ասում, թե պետք էր էջեր նվիրել, ինչպես երբեմն արվել է նրանից ավելի քիչ գործ արած մարդկանց: Բայց գոնե մի երկու բառով կարող էին հայտնել գույժը: Այդ էլ շատ համարեցին Վարդերեսի համար: * Ինչո՞ւ այդքան շուտ մոռացան այդ մարդու հսկայական ծառայություններն իր ժողովրդին, ինչո՞ւ այդքան ապերախտ եղան... Կարծում եմ պատճառը միայն այդ օրերին մեր ԶԼՄ-ներին համակած քաղաքական կրքերը չէին, այլ ավելի սոսկալի մի բանՙ համեստ, արժանավոր, գործ արած, անշահախնդիր եւ ինքնամեծար հավակնություններից զերծ մարդկանց հանդեպ մեզանում ծայր առած անտարբերությունը, նույնիսկ արհամարհանքը: Այլ խոսքով, պարկեշտ ու հայրենանվեր մարդկանց սկսել ենք գնահատել բիրդան աղաների եւ գյադաների չափանիշներով... Ընդմիշտ հեռացողների ետեւից սովորաբար լավ են խոսում: Լռության են մատնում նրանց վատ արարքները, հիշում միայն լավերըՙ երբեմն չափազանցելով կամ նույնիսկ վերագրելով արժանիքներ, որոնցից հանգուցյալն իսպառ զուրկ էր: Տվյալ դեպքում ցանկություն չունեմ նորօրյա վարքագրություն շարադրելու, բայց Վարդերեսի պարագայում ինչ լավ բան էլ ասվի, դարձյալ քիչ կլինի, եւ թո՛ղ նրան ճանաչողներն ասեն, թե ես սխալ եմ: Հայ իրականության մեջ չեմ հանդիպել որեւէ մեկին, որը նրա պես այլասեր լիներՙ որպես գրչի, մշակույթի մարդ: Արդեն ասացի, որ Զահրատ առաջին անգամ կարդացել եմ նրա շնորհիվ: Եվ ոչ միայն. Զարեհ Խրախունի, Ռոպեր Հատտեճյան, Հայկազուն Գալուստյան, Զավեն Պիպեռյան, Կարպիս Ճանճիկյան... Պոլսահայ ժամանակակից բոլոր գրողներին: Վարդերեսը շարունակ նրանց գովքն էր անում, եւ միայն մի քանի ամիս անց պիտի իմանայի, որ նա եւս բանաստեղծ է եւ գուցե նույնքան արժանավոր, որքան իր փառաբանած հեղինակները: Քսան տարեկան, Պոլսում հրատարակել էր «ԹՈ» գրական-մշակութային հանդեսը, որն իր անվան պես ընդամենը ինն համար ունեցավ, բայց, արտաքուստ անշուք այդ տետրակները թերեւս առաջինն էին հայ իրականության մեջ, որ բավականաչափ լրջությամբ փորձում էին հասկանալ եւ տեսականորեն բացատրել հայ նոր բանաստեղծության ծնունդը Պոլսում: Նույն քաղաքում նա արդեն հասցրել էր մեկ ժողովածու տպագրելՙ «Իմ մասիս» (այսինքնՙ իմ մասին)վերնագրով, որն, անշուշտ, կարդացվում էր «Իմ Մասիս»: Նա խնդրեց, որ ես դառնամ Հայաստանում հրատարակվող իր առաջին գրքի խմբագիրը, որը լույս տեսավ 1966թ. նույն վերնագրով, լրացված ու հարստացված: Վարդերեսի ամբողջ կյանքը կարելի է բնորոշել հանրահայտ ու ծեծված նախադասությամբՙ անշահախնդիր ծառայություն հայ մշակույթին: Կայացած պետականության արտահայտություն է, երբ բանիմաց, բարձրաճաշակ եւ ձեռներեց անհատը նվիրվում է իր ազգի մշակույթի տարածմանը եւ, նույնիսկ նրա առջեւ ծառացող նյութական, թե գաղափարական արգելքների հաղթահարմանը: Անցած տասնամյակներում մենք ունեցանք այդպիսի գործիչներ, որոնք շատ բան արեցինՙ մասնավորապես մեր կերպարվեստի եւ գրականության միջազգայնացման համար: Հարգանք ու պատիվ մատուցելով այդ անհատների հիշատակին, այնուհանդերձ, ես ուզում եմ առավելություն տալ Վարդերես Գարակյոզյանին: Նախ, նա գալիս էր մի երկրից, որտեղ հայ լինելը ոչ միայն նվաստացուցիչ, այլեւ, շատ դեպքերում, վտանգավոր էր եւ առ այսօր մնում է այդպիսին: Ուստի, նրա համար իր ազգի մշակույթը աշխարհով մեկ տարածելը յուրատեսակ վրեժ էր դաժան ճակատագրից: Եվ նա, ի տարբերություն մյուս բոլորի, այդ հսկայածավալ գործն անում էր հիմնականում մենակ, բարձր մակարդակով եւ հմուտ ձեռքով: Ճիշտ է, նա ընտանյոք տեղափոխվել էր Հայաստանՙ մշտական բնակության, սակայն շատ հազվադեպ էր օգտվում պետական մարմինների ծառայություններից: Բացի այդ, եթե մյուսները զբաղված էին բացառապես հայ գրականության կամ կերպարվեստի պրոպագանդով, ապա Վարդերեսը մեր ազգային բոլոր մուսաների իսկապես անշահախնդիր նվիրյալն էր. գրականություն, կերպարվեստ, երաժշտություն(ժողովրդական եւ դասական), պարարվեստ, թատրոն, օպերա, կինո... Եղա՞վ, արդյոք, ազգային մշակույթի որեւէ բնագավառ, որը դուրս մնար նրա ուշադրությունից... Հապա նրա գրա-հրատարակչական հսկայածավալ գործունեությունը, սփյուռքահայ բանաստեղծության փառահեղ մատենաշարը, որ հրատարակեց Փարիզում, դասական ուղղագրությամբ լույս տեսած մանկական մի քանի տասնյակ գրքերը, որ պարզապես հայտնություն եղան սփյուռքի հայ երեխաների համար, վերջապես հայոց պատմությանը, հայ արվեստին, առանձին արվեստագետներին նվիրված շքեղ ալբոմները, որոնք այսօր էլ հիացնում են հրատարակչական իրենց բարձր մակարդակով: Ես կուզեի, որ «անշահախնդիր» բառը ճիշտ հասկացվեր այս համատեքստում: Ասել չենք ուզում, թե նա գիշեր ու զօր մեղվաջան տքնում էր լոկ հանուն Սուրբ Հոգու: Արվեստի մարշանը, մենեջերը պիտի կարողանա շահել, եւ լա՛վ շահել, որպեսզի ոչ միայն շարունակի, այլեւ ընդլայնի իրՙ երկուստեք օգտակար գործունեությունը: Սակայն Վարդերեսն ամեն տեղ մնում էր բանաստեղծ. նա ոչ միայն շահում, այլեւ իսկապես ստեղծագործական հաճույք էր ստանում իր ամեն մի հաջողված ձեռնարկումից: Եղան նաեւ դեպքեր, երբ նա ավելի շատ կորցրեց, քան շահեց: Բայց չէր տրտնջում եւ անվհատ շարունակում էր իր գործունեությունը: Այո, Վարդերեսը շահել գիտեր, բայց գիտեր նաեւ ծախսել, եւ ոչ թե նորահարուստի պես փնթի եւ այլանդակՙ «չուզողի աչքը ծակելու» համար, այլ արտիստորեն նրբագեղ ու շռայլ, միշտ ընկերական միջավայրում, հաճույք ստանալովՙ իր բարեկամներին հաճույք պատճառելուց: Նա հավատարիմ էր ընկերության մեջ եւ չափազանց նրբանկատ: Չեմ կարծում, թե նրա հետ գործ ունեցած որեւէ մեկն այսօր կարողանա անբարեխղճության թեկուզ մի փաստ բերել: Եվ այդ պարկեշտության շնորհիվ էր, որ կարողանում էր մարդկանց վստահությունը շահելՙ կյանքում, թե գործի մեջ: Դժվար է հավատալ նման մարդու գոյությանը, մանավանդ այսօր, երբ օրնիբուն ոտնահարվում են բարոյական նորմերը, այդ թվում եւ, ավա՜ղ, ճանաչված արվեստագետների կողմից: ...Վերջին անգամ առիթ ունեցա Վարդերեսի հետ հեռախոսով խոսելու Նոր Տարուց առաջ: Ասաց, որ իր բանաստեղծությունների ծավալուն ժողովածուն է պատրաստում տպագրության: Խնդրեց, որ օգնեմ ձեռք բերելու Պոլսում տպագրված իր ժողովածուի օրինակը: Չգիտեմՙ կարողացա՞վ գտնել, հասցրե՞ց վերջնական տեսքին բերել ժողովածուն, սակայն կարծում եմ, որ այդ գրքով անպայման պետք է զբաղվենք մենք եւ Հայաստանում տպագրենք այնպես, ինչպես ինքն էր լույս աշխարհ բերում մյուսների գործերըՙ սիրով եւ գուրգուրանքով: * Բանաստեղծի հիշատակին «Ազգ»-ը անդրադարձել է հունվարի 25-ի համարում, Լոս Անջելեսից արձակագիր Սարգիս Վահագնի գրչով: |